Այս բանակցությունների հետ շատերը մեծ հույսեր են կապում: Ոմանց կարծիքով՝ այն կարող է բեկումնային լինել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Հանդիպման հետ մեծ հույսեր են կապում հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բանակցությունները երեկ ընթացել են մի քանի փուլերով: Սկզբում Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հանդիպում է ունեցել նախ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այնուհետեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպումները տեւել են յուրաքանչյուրը` 45-50 րոպե: Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները՝ հանդիպումից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը նստել է ավտոմեքենա եւ հեռացել՝ չպատասխանելով լրագրողների հարցերին: Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը եւս հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Ժ. Շիրակի հետ հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մեկնել են Փարիզից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռամբույե քաղաք, որտեղ, Ֆրանսիայի նախագահի ամառային նստավայրում, տեղի է ունեցել նրանց հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները: Այդ հանդիպումից հետո փակ դռների ետեւում բանակցությունները շարունակել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Հանդիպումից հետո երկու երկրների նախագահները մտադիր չեն հանդես գալ որեւէ հայտարարությամբ, սակայն չի բացառվում, որ կարճ հայտարարությամբ հանդես կգան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հանդիպումների ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ կողմերը ձեռնպահ են մնում որեւէ տեղեկություն հրապարակել: Փոխարենը՝ երկու երկրների նախագահների հետ հանդիպումներից հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, թե միջազգային հանրությունն աջակցում է ԼՂ-ում խաղաղության հաստատմանն ու երկրների միջեւ համաձայնության մշակմանն ուղղված ջանքերին: «ԼՂ հակամարտության կարգավորման հիմքերը դնելու իրական շանսեր կան»,- ասել է Ժակ Շիրակը, ավելացնելով, թե նախագահներին ընդունել է հույսով, որ ընթացիկ բանակցությունները ճանապարհ կբացեն դեպի խաղաղության նոր հեռանկարներ: Ֆրանսիայի նախագահը հատուկ ընդգծել է խաղաղության հասնելու կարեւորությունը ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ ողջ տարածաշրջանի եւ համաշխարհային կայունության համար: Ժ. Շիրակն առաջիկա բանակցություններում հաջողություն է մաղթել երկու երկրների նախագահներին: Նա սակայն չի խոսել հանդիպումների ընթացքում արծարծված կոնկրետ թեմաների մասին: Սակայն Հայաստանի Արտգործնախարարության ներկայացուցիչներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, գերմանական DPA գործակալությանը տեղեկացրել է, որ Ռամբույեում քննարկվելու են երկու հարցեր, որոնցից առաջինը վերաբերում է ԼՂ հարակից շրջաններից հայկական զորքերի դուրսբերմանը: ՀՀ Արտգործնախարարության անանուն ներկայացուցչի խոսքերով՝ Հայաստանը պատրաստ է հանել զորքերն այդ տարածքներից: Իսկ երկրորդ հարցն, ըստ այդ անձնավորության, վերաբերում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման խնդրին: Ըստ նրա, Հայաստանն այս հարցում հանրաքվեի տարբերակի կողմնակից է, որին սակայն, ըստ նրա, ընդդիմանում է ադրբեջանական կողմը: Իսկ ահա «Ասոշիեյթեդ Փրես»-ն` էլ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի անանուն պաշտոնյային, նշում է, թե Քոչարյան-Ալիեւ Ռամբույեի հանդիպումը ԱՄՆ-ը համարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին հինգ տարիների ամենակարեւոր իրադարձությունը: «Երկու նախագահները հասկանում են, որ 2006 թվականը կարող է վճռորոշ լինել»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ էլ՝ Պետդեպարտամենտի պաշտոնյան կարծիք է հայտնել, թե Ղարաբաղի հարցում համաձայնությունը «անհրաժեշտ դրական ուղիով կտանի զարգացումները Հարավային Կովկասում»: Իր հերթին` Նյու Յորքի Eurasia Group փորձագիտական կենտրոնի փորձագետ, հակամարտությունների հարցով զբաղվող Յան Բրեմերը նշել է, որ Բուշի վարչակազմի մարդկանց հետ խոսակցություններից պարզ է դառնում, որ կողմերը շատ մոտ են նախնական համաձայնության գալուն: «Ինձ թվում է, որ առանցքային համաձայնությունը փաստացի պատրաստ է»,- ասել է փորձագետը: Բրեմերի կարծիքով՝ համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ կարող է հիմք հանդիսանալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ճեղքման համար:
Ինչեւէ, նախատեսվում է, որ բանակցությունները կշարունակվեն այսօր: