Չեն մերժում, բայց կընտրե՞ն

11/02/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ ԱԺ ճեպազրույցում «Ազգային Միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը խոստովանեց, որ օմբուդսմենի պաշտոնում իրենց կողմից թեկնածու առաջադրելը զուտ պատրվակ էր` ԼՂՀ հարցի կարգավորման այս փուլում միջազգային կառույցներին ցույց տալու համար, որ մեր երկրում սաղմնավորվում են ժողովրդավարությանը հետդարձի «սիմպտոմները»: Նա նաեւ չթաքցրեց, որ ԱԺ մեծամասնությունն ու իշխանություններն էլ են իրենց այդ քայլը նույն նպատակին ծառայեցնելու:

Այս անթաքույց համագործակցությունը, սակայն, Ա. Գեղամյանն այլ կերպ է պարզաբանում: Հարցին, թե ինչո՞ւ է ինքը նման հնարավորություն ընձեռում միջազգային կառույցներին ու իշխանություններին, Ա. Գեղամյանը պատասխանեց. «Երկու ամիս լռությունից հետո անթույլատրելի էր, որ ընդդիմությունը լիարժեքորեն չօգտագործեր ԱԺ ամբիոնը»:

«ԱՄ» ղեկավարն իրեն չի դասում այն միամիտների շարքը, ովքեր կարծում են, թե կոալիցիայի ներկայացրած օմբուդսմենի թեկնածու Արմեն Հարությունյանի պարտությունը Սերժ Սարգսյանի հաղթանակն էր, իսկ Ռ. Քոչարյանի պարտությունը: «Եթե ՀՀ-ում մեկ միամիտ մարդ գտնվի ու ասի, որ հակասություններ կան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, ապա կնշանակի, որ նա ընդհանրապես քաղաքականությունից բան չի հասկանում: Կընտրվի այն, ում կորոշեն նախագահականում, ում կորոշի Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան զույգը»,- միամիտներին իրական քաղաքականությամբ լուսավորեց Ա. Գեղամյանը:

«Հանրային ռադիոյի» թղթակիցը կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներին հիշեցրեց ընդդիմությանն ուղղված իրենց բազմաթիվ առաջարկները, որով ընդդիմադիրներին կոչ էին անում դադարեցնել բոյկոտը, հանրահավաքները եւ երկրում անկայուն մթնոլորտ չձեւավորել, հարցնելով` հանուն կայունության ինչո՞ւ կոալիցիան չի ընդունում ԱԺ փոքրամասնության` օմբուդսմենի պաշտոնն իրենց վերապահելու մասին առաջարկը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ նման առաջարկ լինելու դեպքում կոալիցիոն իրենց գործընկերների հետ ՀՅԴ-ն համատեղ նիստում կքննարկի այդ առաջարկը, սակայն վերահաստատեց իրենց դիրքորոշումը` Արմեն Հարությունյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ: «Եթե նման առաջարկ լինի` կքննարկենք: Բայց մենք ունենք մեր թեկնածուն»,- ասաց նա: Նշենք, որ «Արդարություն» դաշինքի պատգամավորներն ԱԺ քննարկումների ժամանակ նման առաջարկներ արդեն իսկ արել են: Իսկ «Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանն այդ մասին խոսել է անձամբ Արթուր Բաղդասարյանի հետ եւ առաջարկել է «քաղաքական համաձայնության ճանապարհով ընտրել ընդդիմության ներկայացուցչին»: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը երեկ հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանի հարցում քաղաքական որոշում է կայացվել, եւ կոալիցիան հաստատակամ է Արմեն Հարությունյանի թեկնածությունը պաշտպանելու խնդրում: «Մենք Հրանտ Խաչատրյանին շատ հարգում ենք, մեր գործընկերն է, բայց քաղաքական որոշում է կայացվել,- ասաց նա` ավելացնելով,- ես հիմա չեմ կարող կոալիցիայի տեղը պատասխանել ու միանշանակ ասել` կոալիցիան ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում ընդունել ընդդիմության առաջարկը»: Մեր հարցին, որ եթե կոալիցիան անընդհատ հայտարարում է, թե մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական պաշտոն չէ, ինչո՞ւ թույլ չի տալիս, որպեսզի օմբուդսմենն ընտրվի քաղաքական որոշումից դուրս, Ս. Բալասանյանը պատասխանեց. «Մենք այսօր գտնվում ենք Աժ-ում, որը քաղաքական մարմին է, քաղաքական մարմինն ի՞նչ որոշում կարող է կայացնել, եթե կոալիցիա է»:

Օրենսդիր մարմինը քաղաքական մարմնի հետ շփոթող Ս. Բալասանյանը վերջում խոստովանեց, որ, այնուամենայնիվ, իրենց համար շատ «բարդ խնդիր է» օմբուդսմենի իրենց թեկնածուի համար 79 ձայն «հավաքելը»: «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին բավականին շատ է դուր եկել ընդդիմության օմբուդսմենի թեկնածու Հրանտ Խաչատրյանի հայտարարությունը, թե հնարավոր է ընդդիմության համագործակցությունը նաեւ իշխանության հետ: «Հրանտի նկատմամբ որեւէ վատ կամ զգուշավոր բան չեմ ասելու, բայց քաղաքական տեսակետից մենք ունենք մեր թեկնածուն, եւ դեռեւս որեւէ վերլուծություն չի կատարվել կոալիցիայի նիստում, որ հանկարծ մենք մեր թեկնածուին փոխելու ենք: Այսօր մենք պաշտպանում ենք մեր թեկնածուին, իհարկե` չժխտելով նաեւ Հ. Խաչատրյանի գործոնը: Բայց քաղաքական պրոցեսներն այլ բան են, քաղաքական վճիռները` մեկ այլ բան, եւ այլ բան են ցանկությունները: Ցանկության դեպքում` բոլորը կարող են վերաբերմունք ունենալ եւ Հ. Խաչատրյանի նկատմամբ, եւ Ա. Հարությունյանի: Եթե քաղաքական գործիչներ կան, ովքեր նման մտորումներ ունեն, կքննարկվի նաեւ այդ հարցը, որովհետեւ սահմանադրությունը պարտադրանք ունի, որպեսզի նման կարեւոր գործընթացներում ամբողջ ԱԺ-ն համախմբի իր ուժերն ու ընտրություն կատարի»,- ասաց Գ. Սահակյանը: Ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկմանը, թե` ընդդիմությունն օմբուդսմենի պաշտոնն է «ուզում, որոշումը հիմա ձերն է, եւ ընդդիմությունը կոալիցիայի պատասխանին է սպասում», հանրապետական Գ. Սահակյանն ասաց. «Դա չեն ուզում, դրա համար պայքարում են բոլորը միասին: Այսօր մենք պաշտպանում ենք Արմեն Հարությունյանին, բայց դա չի նշանակում, որ մենք դրանով վատ բան ենք անում ընդդիմությանը կամ իրենց թեկնածուին»:

Իսկ հանրապետական, բայց «Ժողպատգամավոր» խմբի անդամ Ռաֆիկ Պետրոսյանը վստահ է, որ եթե կոալիցիան այդ հարցում դրական արձագանքի ընդդիմությանը` վատ չի լինի: «Իհարկե, մենք պաշտպանելու ենք մեր թեկնածուին (Արմեն Հարությունյանին:-Լ.Ս.), խոսքն այդ մասին չէ: Բայց եթե ընդդիմությունից ընտրվի, նա, ըստ երեւույթին, ավելի ռիսկով ու պաթոսով կզբաղվի այդ գործով, որովհետեւ իշխանություններից որեւէ կաշկանդում չի ունենա: Իսկ թե ինչպես դա կլուծվի, գիտի ԱԺ մեծամասնությունն ու Աստված»,- ասաց Ռ. Պետրոսյանը` ավելացնելով, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացնի «Ժողպատգամավոր» խումբը: «Հնարավոր է այս անգամ էլ միասնական, 100 տոկոսանոց կարծիք չլինի, ու նախորդի նման ազատ քվեարկելու որոշում կայացվի»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության օմբուդսմենի թեկնածու Հրանտ Խաչատրյանին, ով ԱԺ ամբիոնից մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել իր հասցեին, ապա Ռ. Պետրոսյանն ասաց. «Մեր նոր թեկնածուն արդեն ուղղեց իր սխալը եւ առաջին օրերի իր ագրեսիվ վերաբերմունքի համար, երեք-չորս օր է, անընդհատ ներողություն է խնդրում, երեկ էլ հրապարակավ ամբիոնից խնդրեց, որ անտեղի մարդկանց վիրավորել է»: Իսկ դուք ներե՞լ եք Հ. Խաչատրյանին` հարցին Ռ. Պետրոսյանը բավական երկար ժամանակ չէր կարողանում պատասխանել, իսկ հետո ուսերը վեր բարձրացնելով ասաց. «Հրապարակավ ներողություն է խնդրել»: