38,2%-ը պատերազմ է ուզում

11/02/2006

«Regnum»-ի փոխանցմամբ՝ Բաքվի «Ռյայ» մոնիտորինգային կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներով` ադրբեջանցիների 38,2%-ը կողմնակից են ղարաբաղյան հակամարտության զինված կարգավորմանը: Հարցվածների 47,8%-ն էլ գտնում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Հարցմանը մասնակցել են 628 ադրբեջանցիներ, որոնց մեծամասնությունը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է լինի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ: Բոլոր հարցվածները դեմ են Լեռնային Ղարաբաղի անկախությանը կամ Հայաստանի հետ միավորմանը: Հարցվածների 81,2%-ը համոզված է, որ բանակցություններում նախագահ Իլհամ Ալիեւն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում զիջումների չի գնա: Իսկ հարցվածների 33,9%-ը ցանկություն է հայտնել, որ հակամարտության գոտում տեղակայվելիք միջազգային խաղաղապահ ուժերի կազմում լինեն թուրք զինվորականները, 17,1%-ը՝ ՆԱՏՕ-ի, 7,5%-ը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ միայն 1,9%-ը՝ ԱՀՊ երկրների զորքերը: