Դրամի արժեւորման «օգուտները»

11/02/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հաճախ կարելի է լսել՝ «Թող գործարաններն աշխատեցնեն, մենք էլ աշխատենք» կամ նմանատիպ արտահայտություններ։ Պետք չէ զարմանալ, որ հատկապես միջին եւ տարեց հասակի մարդկանց առանձնապես չի ոգեւորում սպասարկման ոլորտի զարգացումը, որն արտահայտվում է ասենք՝ հյուրանոցների քանակի աճով։

Այդ մարդկանց մեղադրել չի կարելի։ Որքան էլ պետությունը պնդի, որ մենք ապրում ենք շուկայական հարաբերություններում, եւ գործարաններ վերագործարկելն իրենց պարտականությունների մեջ չի մտնում, որքան էլ ապացուցի, որ խորհրդային շրջանում կառուցված գործարանների մեծ մասի վերագործարկումն իրեն չի արդարացնի, միեւնույն է, մարդիկ չեն ուզում զբաղվել առեւտրով կամ ծառայություններով, չեն ուզում տնից տուն գնալ եւ ինտերնետ հեռախոսակապի փողերը գանձել։

Մեր պետական այրերը քայլեցին այն ուղղությամբ, որով ընթանում է տնտեսությունը։ Իսկ մեր տնտեսությունն ընթանում է այնպես, որ հաստոցաշինական գործարանի տեղում այսօր գործում է «Փեթակ» տոնավաճառը, պահածոների գործարանի տեղում՝ «Սուրմալուն», եւ այսպես շարունակ։ Եվ համապատասխան նախարարությունն էլ, երեւի, տեսնելով այս միտումները՝ իր անվան միջից հանեց «արդյունաբերություն» բառը եւ այժմ կոչվում է «Առեւտրի եւ տնտեսական զարգացման»։ Ինչեւէ, բոլորն էլ գիտակցում են, որ այսպես շարունակվելու դեպքում մենք կվերածվենք ագրարային երկրի, որը հազիվ թե կարողանա ապահովել իր սեփական կարիքները։ Այդ իսկ պատճառով վերջին ժամանակներս արդյունաբերության ոլորտում որոշ զարգացում նկատվում է։ Չենք ասում, որ այդ զարգացումն ամբողջությամբ պայմանավորված է պետության օժանդակությամբ, սակայն որոշակի ուշադրություն այս ոլորտի նկատմամբ նկատվում է։

Երեկ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման (ԱՏԶՆ) նախարարի խորհրդական Մերուժան Հակոբյանի հրավիրած մամուլի ասուլիսը նվիրված էր հենց արդյունաբերության ոլորտին։ Քանի որ արդեն պատրաստ է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) վերլուծությունը 2005թ. համար, ապա թվերը կներկայացնենք այս կառույցի տվյալների հետ համեմատության մեջ։

Եվ այսպես, ըստ ԱՎԾ-ի, արդյունաբերության աճը 2005թ. ընթացքում կազմել է 7,5%։ ԱՏԶՆ-ի տվյալներով, աճը կազմել է 8,6%, այն տարբերությամբ, որ սա վերաբերում է ոչ թե ամբողջ տնտեսությանը, այլ նախարարության կողմից մոնիտորինգի ենթարկված ընկերություններին։

Աճն արդյունաբերության տարբեր ոլորտներում միատեսակ չէ։ Կան ոլորտներ, որտեղ այն զգալի է եղել, կան ոլորտներ, որտեղ անգամ անկում է գրանցվել։ Դրանցից մեկը հանքարդյունաբերությունն է, որտեղ ունենք 4,4% անկում։ Պրն Հակոբյանը հանքագործությանը չանդրադարձավ՝ նշելով, որ դա իր ոլորտը չէ։ Նշենք միայն, որ այս ոլորտում առկա է մեծ ստվեր, որի մասին խոսել են նաեւ բնապահպանության նախարարն ու Հարկային պետական ծառայության պետը։

Մեքենաշինության ոլորտում նույնպես անկում է նկատվում. ԱՎԾ-ի տվյալներով՝ 11,4%։ Նախարարությունը մոնիտորինգի ենթարկած 68 ընկերությունների արտադրանքում գրանցել է 8,6%-ի անկում։ Սա` այն դեպքում, երբ աշխատող ձեռնարկությունների թիվը 2004թ.-ի 33-ից աճել է՝ հասնելով 43-ի։

Վիճակն ավելի անմխիթար է թեթեւ արդյունաբերության ոլորտում։ Մոնիտորինգի ենթարկված 19 ձեռնարկությունների թողարկած արտադրանքը նախորդ տարվա համեմատ կազմել է 78,6%։ Առանձնացնենք երկու ճյուղ, որտեղ անկումն ավելի ակնհայտ է։ 2004թ. համեմատ մանածագործական արտադրության ծավալները կազմել են 74,8%, հագուստի արտադրության, մորթու մշակման եւ ներկրման ծավալները՝ 72,3% (ըստ ԱՎԾ-ի տվյալների)։

Փայտամշակման բնագավառում նույն պատկերն է։ Ըստ ԱՎԾ-ի, անկումը կազմել է 16,2%, իսկ ըստ ԱՏԶՆ-ի (աշխատող 4 ընկերությունների համար)՝ 18,8%։

Պատճառներին քիչ անց կանդրադառնանք։ Մինչ այդ նշենք, որ արդյունաբերության 7,5 տոկոսանոց աճի համար հիմնականում պարտական ենք քիմիական արդյունաբերության ոլորտին։ Վիճակագիրներն այստեղ արձանագրել են 57,1%-ի աճ։ Պրն Հակոբյանն աճը պայմանավորում է հիմնականում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գործունեությամբ, որը նախորդ տարվա համեմատ ապահովել է 201,2% աճի տեմպ։ Ավելի քան 30%-անոց աճ է գրանցվել նաեւ ռետինե եւ պլաստմասսայե արտադրատեսակների արտադրության ու մետաղագործական արդյունաբերության բնագավառներում։

Այժմ անդրադառնանք այն ոլորտներին, որոնք «կաղում են»։ Փայտամշակման դեպքում նախարարի խորհրդականն անկումը բացատրեց ներքին շուկայի պահանջարկի սահմանափակությամբ։

Հերթը հասավ թեթեւ արդյունաբերությանը, որը մեր հանրապետության համար շատ կարեւոր է, քանի որ, ըստ պրն Հակոբյանի. «Այն աշխատատար է, սակայն միեւնույն ժամանակ` քիչ էներգատար եւ քիչ նյութատար»։ Ինչո՞ւ է այս ոլորտը հայտնվել այսպիսի վիճակում։ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մասնագետներն ունեն դրա բացատրությունը. «Դրամական արտահայտությամբ անկումը հիմնականում հետեւանք է գործող պայմանագրերի ժամկետներում դրամի արժեւորման»։ Փոքր-ինչ պարզաբանենք։ Թեթեւ արդյունաբերության ոլորտի մեր ընկերությունների մեծ մասն աշխատում է արտասահմանյան պատվերների հիման վրա, իսկ արտասահմանցիները, պարզ է, հաշվարկներն անում են ոչ թե հայկական դրամով, այլ տարադրամով։ Եթե դոլարի գինը պայմանագրի կնքման պահին, ասենք, 480 դրամ էր, ապա դրամի արժեւորման արդյունքում (երբ 1 դոլարը հասնում է 440 դրամի), ընկերությունը ստանում է ոչ թե 480 մլն դրամ, այլ 440 մլն դրամ։ Իհարկե, ծավալների փոփոխություն չկա, սակայն քանի որ մեր օրենսդրությամբ երկրի ներսում գործարքները կատարվում են դրամով, նշանակում է` ձեռնարկության եկամուտները նվազում են։ Այս վիճակը բնորոշ է արտահանման կողմնորոշում ունեցող ձեռնարկություններին։ Մեքենաշինական արդյունաբերության ձեռնարկությունները նույնպես իրենց արտադրանքի զգալի մասն արտահանում են, այնպես որ, այստեղ արձանագրված անկումը նույնպես բացատրվում է դրամի արժեւորմամբ։

Ո՞րն է այստեղ հետաքրքիր։ Այն, որ ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանը հավաստիացնում էր, որ դրամի արժեւորումը բացասաբար չի անդրադառնա մեր տնտեսության վրա։ Մինչդեռ տնտեսագիտության հետ առնչվող ցանկացած ոք գիտի, որ սեփական արժույթի արժեւորումը վնաս է ներքին արտադրողներին։ Պրն Սարգսյանը նաեւ հետաքրքիր նորույթ էր բացահայտել՝ դրամի արժեւորումն անգամ որոշ չափով օգտակար է ներքին արտադրողներին, քանի որ նրանք մեքենա-սարքավորումները կարող են գնել ավելի ցածր գներով։ Պրն Հակոբյանը համաձայն չէր այս պնդմանը՝ նշելով, որ այդ սարքավորումները ձեռք են բերվում մի քանի տարին մեկ անգամ, մինչդեռ դրամի արժեւորման արդյունքում բարձրանում են նաեւ ներքին ռեսուրսների գները, եւ մեր արտադրանքը դառնում է ոչ մրցունակ։

Անդրադարձ եղավ նաեւ գազի թանկացման հետեւանքներին, եւ այստեղ նորից պարզ դարձավ ԿԲ-ի եւ ԱՏԶՆ-ի դիրքորոշումների հակասությունը։ Տ. Սարգսյանը, եթե հիշում եք, հայտարարել էր, որ գազի գների բարձրացումն իրենց այդքան էլ չի անհանգստացնում, դրա դեմ քայլեր ձեռնարկելն ավելի հեշտ կլինի։ Իսկ դատելով Հակոբյանի խոսքերից՝ գազի գնի թանկացումը զգալի հետեւանքներ կունենա։ Այն բացասաբար կազդի հատկապես էներգատար ճյուղերի վրա, իսկ ողջ տնտեսության կտրվածքով կնկատվի ապրանքների ինքնարժեքի աճ։ Նախարարության հաշվարկներով, այն կկազմի 20-22%։ Հետաքրքիր է, ԿԲ-ն այսպիսի հաշվարկներ արե՞լ է՝ 2006թ. համար 3%-անոց գնաճ կանխատեսելուց առաջ։

ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման (ԱՏԶՆ) նախարարի խորհրդական Մերուժան Հակոբյանը վերջում ավելացրեց, որ պետք չէ լոզունգ դարձնել, որ մեր շուկան փոքր է։ Պարզապես արդյունաբերությունը ծանր գործ է, եւ շատերը նախընտրում են գումարները ներդնել այլ ոլորտներում։ Խորհրդականի կարծիքով, ճիշտ կլիներ բարեփոխել օրենսդրությունը՝ ասենք, որոշակի հարկային արտոնություններ սահմանել նոր ստեղծվող ձեռնարկությունների նկատմամբ։