Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտում արդեն անց է կացվել ԼՂՀ կարգավորման թեմայով 3 կլոր սեղան: Առաջին կլոր սեղանը կազմակերպել էր «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպությունը, հետո քննարկումներ կազմակերպեցին նաեւ քաղաքական որոշ ուժեր:
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի կլոր սեղանի մասնակիցները փորձել են պարզել, թե որքանով է «տարածքային ամբողջականության» սկզբունքն ընդունելի ԼՂՀ հակամարտության համար: Այս առնչությամբ դաշնակցական Վահրամ Բալայանի պատրաստած պատմաիրավական վերլուծությունը ներկայացնում էր, որ Ղարաբաղը լիովին կարող է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` այն սահմաններում, որոնցում ինքն իրեն հռչակել է: Ըստ Վ.Բալայանի՝ մենք ունենք իրավական բոլոր հիմքերը` մեր երկրում ազատ ապրելու մեր իրավունքը ապացուցելու եւ պաշտպանելու համար, եւ հայկական դիվանագիտությունը, հավանաբար, միջազգային հանրությանն այնքան էլ ակտիվորեն չի ներկայացնում այդ փաստարկները:
Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի խոսքերով, տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառվում է այն պետությունների հանդեպ, որոնք խախտել են այլ երկրի սահմանները, եւ դրանից ելնելով` Ղարաբաղի եւ Ադրբեջանի հարաբերություններում այդ սկզբունքն անընդունելի է: Նրա կարծիքով, հենց դրա համար էլ ադրբեջանական դիվանագիտությունն արել է ամեն ինչ` հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարթություն տեղափոխելու համար: Բնականաբար, քննարկման արդյունքում հնչել են տարաբնույթ կարծիքներ: Ղարաբաղի Կոմկուսի առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի կարծիքով, ԼՂՀ անվտանգության երաշխիք կարող է լինել միայն ռուսական զինվորը, ոչ թե «եվրոպական փողերը»: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Վահրամ Աթանեսյանը գտնում է, որ հայկական դիվանագիտությունը վատ չի աշխատում: «Ուրիշ ի՞նչ փաստարկներ կարող է ներկայացնել հայկական իշխանությունը, եթե անձամբ Ռ. Քոչարյանը ԵԽ ԽՎ ամբիոնից հայտարարել է, որ ԼՂՀ-ն երբեւէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»,- ասել է Վ. Աթանեսյանը: Խնդիրը, պատգամավորի կարծիքով, ապրիորի փաստարկներ ներկայացնելու մեջ չէ, այլ աշխարհին ապացուցելը, որ տարածքները համարվում են Ադրբեջանի ագրեսիայից ղարաբաղցիների կոլեկտիվ ինքնապաշտպանության արդյունք: ԱԳՆ ներկայացուցիչն իր հերթին հաստատել է, որ ադրբեջանական ագրեսիայից ինքնապաշտպանությունը ելնում է ՄԱԿ-ի կանոնադրության թիվ 51 հոդվածից:
Իսկ «Ազատ Հայրենիք» կուսակցության կողմից կազմակերպված կլոր սեղանի թեման Ղարաբաղյան կարգավորման եւ նավթի գործոնի համատեղելիության խնդիրն էր: Քննարկման ընթացքում ԼՂՀ ԱԺ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Արա Հարությունյանը նշեց, որ տնտեսական առումով Բաքվի նավթը եւ Բաքու-Ջեյհան նավթամուղը ԼՂ համար իրական սպառնալիք չեն, քանի որ նավթի ծավալներն այնքան էլ մեծ չեն, հատկապես, որ Արեւմուտքը Ադրբեջանին չի թույլատրում գործի դնել իր վերամշակող ձեռնարկությունները: Հնչեց նաեւ այն կարծիքը, որ նավթամուղը կառուցվել է քաղաքական նպատակներով, որպեսզի Ադրբեջանի վրա ազդելու լծակներ ունենան եւ դրանով իսկ` կայունություն պահպանեն ներկայումս Արեւմուտքի համար առաջնային համարվող տարածաշրջանում: Այս տեսանկյունից պետք է հաշվի առնել այն, որ Արեւմուտքը չի ցանկանա Ադրբեջանին վնաս հասցնել:
ԼՂՀ նախագահի օգնական Դավիթ Բաբայանի կարծիքով, ԼՂՀ-ն ունի ջրային ռեսուրսներ, որը կարող է հակակշիռ լինել նավթի գործոնին, քանի որ այժմ արդեն ջուրը հավասարվում է նավթին: Նա մատնանշեց, որ Լիբիան Չեռնոգորիայում մեկ լիտր նավթը փոխանակում է նույնչափ ջրի հետ: «Այս տեսանկյունից Ղարաբաղում շատ կարեւոր է օգտագործել ջրային մեծ ռեսուրսները, որոնք առանց էկոլոգիային վնաս հասցնելու կարելի է արտահանել»,- նշել է Դ. Բաբայանը:
Ներկաները քննարկման ընթացքում եկան այն եզրակացության, որ Բաքու-Ջեյհան նավթամուղը մտածված էր, որպեսզի Ղազախստանի նավթը չհոսի Չինաստան: Ավելին` ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա «հարձակումները» նույնպես պայմանավորված են նրանով, որ Արեւմուտքը ցանկանում է փակել Չինաստանի նավթի արտահանման միակ աղբյուրը (պարզվել է, որ Չինաստանը նավթի 30 տոկոսը ստանում է Իրանից): Եվ Արեւմուտքն ամեն ինչ անում է` Ռուսաստան-Իրան-Չինաստան առանցքը թուլացնելու համար: Այդ տեսանկյունից կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ Ղարաբաղյան հակամարտության գոտու անկայունությունը: Պատգամավոր Գագիկ Պետրոսյանը նկատեց. «Մեզ պարզապես վախեցնում են, որպեսզի համաձայնենք Ադրբեջանի պայմաններին: Մենք չպիտի նրանց ընդառաջ գնանք, այլ անհրաժեշտ է` ներկայացնենք մեր շահերից բխող հստակ դիրքորոշումը»:
Karabakh-online-ին տված հարցազրույցում «Հելսինկյան նախաձեռնություն-92» հ/կ համակարգող Կարեն Օհանջանյանն ասել է, որ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնագրերը կարող են միայն խորհրդատվական բնույթ ունենալ: «Մինչեւ բանակցություններին չմասնակցեն ԼՂՀ ընտրված իշխանությունները, բանակցությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել»,- ասել է նա: