Հանցագործությունները նվազե՞լ են

11/02/2006

2005-ին մեր երկրում քրեածին վիճակը բավականին մեղմ է եղել, իսկ օպերատիվ իրավիճակը` կառավարելի եւ վերահսկելի: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանը: Վերջինիս փոխանցմամբ` 2005-ին Հայաստանում գրանցվել է հանցագործության դեպքերի նվազում. 2004-ի 10.080 հանցագործությունների դիմաց նախորդ տարի գրանցվել է 8875 հանցագործություն: Ծանր հանցագործությունները նվազել են 10,3, իսկ առանձնահատուկ ծանրերը՝ 23,7%-ով: Հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվը 2004-ի համեմատ նվազել է 15,8%-ով: Հասարակական վայրերում կատարված հանցագործությունների թիվն էլ նվազել է 23,7%-ով: 2005-ին 2004-ի համեմատ գրանցվել է բռնաբարությունների եւ կողոպուտի դեպքերի աճ: Աճել են նաեւ ճանապարհատրանսպորտային վթարները, որոնց արդյունքում նախորդ տարի զոհվել է 310 եւ վիրավորվել` 1773 քաղաքացի: Պարոն Հունանյանը ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճը բացատրում է ճանապարհատրանսպորտային միջոցների քանակի ավելացմամբ: Վերջին երեք տարիներին, ըստ նրա, մեքենաների թիվը մեր երկրում ավելացել է մոտ 53 հազարով, որից մոտ 20 հազարը` 2005 թվականին: Փոխոստիկանապետը տեղեկացրեց նաեւ, որ նախորդ տարվա ընթացքում հայտնաբերվել է 563 միավոր հրազեն, 1654 միավոր պայթուցիկ սարք, 113.169 փամփուշտ եւ այլ զինամթերք: Նախորդ տարի արձանագրվել է նաեւ պաշտոնյաների կողմից կաշառակերության 8 դեպք, որոնց մանրամասներն ու բնույթը խոստացվեց հետո ներկայացնել: 2005-ին ոստիկանության 20 աշխատակցի նկատմամբ գործ է հարուցվել` քաղաքացիների նկատմամբ բռնության գործադրման, հանցագործությունների չհաշվառման, կարգապահական խախտումների եւ այլ արարքների համար: Ի դեպ, 2005-ին` նախորդ տարվա համեմատ նվազել է նաեւ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը: