Իրաքի կառավարությունը որոշել է վերականգնել Մոսուլի հայկական եկեղեցին, որը վնասվել էր 2004-ին՝ ահաբեկչական պայթյունից: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Ավագ Ասադուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Ջալալ Ալ-Թալաբանիի եւ վարչապետ Իբրահիմ Ջաֆարիի հետ եւ դիմել համապատասխան խնդրանքով: Հունվարի 16-ին Իրաքի վարչապետի գրասենյակը դիմել է Ֆինանսների եւ Վերակառուցման նախարարություններին՝ եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ գումարը հատկացնելու գրությամբ: Ա. Ասադուրյանը հանդիպել է նաեւ Իրաքի վերակառուցման նախարար Ջասիմ Մոհամեդ Ջաֆարի հետ: «Ալ-Սաբահ» թերթի փոխանցմամբ՝ Ջաֆարին հայտնել է, թե նախարարությունը հաշվարկել է հայկական եկեղեցու վերականգնման համար անհրաժեշտ գումարը եւ աշխատանքները կսկսի Իրաքի վարչապետի հավանությունը ստանալուց հետո: