Իսկ այժմ, ԽՍՀՄ-ի փլուզումից 15 տարի անց, փորձ է արվում թանգարանների եւ հուշարձանների միջոցով վերականգնել կոմունիզմի ստվերը եւ վերաիմաստավորել կոմունիստական խորհրդանիշները:
Այս տարի Վաշինգտոնում կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվելու: Կապիտոլյան բլրի վրա դեռ նախագահ Քլինթոնի հանձնարարությամբ` թանգարանի համար տարածք է տրամադրվել: Շուտով այդտեղ չինացի դիսիդենտ քանդակագործների «Ազատության աստվածուհին» քանդակի պատճենն է տեղադրվելու: 1989 թվականին եւ այդ քանդակը, եւ քանդակի հեղինակները ոչնչացվել են: Քանդակի վրա փորագրված կլինի «կոմունիզմի ավելի քան 100 մլն մարդկանց» հիշատակին նվիրված ողբ-ուղերձը: Հուշարձանի կողքին նախատեսվում է «սառը պատերազմի» վիրտուալ խորհրդանիշի` քարե պատի կառուցումը: Սակայն ԱՄՆ-ում «սառը պատերազմի» նմուշների եւ արխիվների ամենամեծ հավաքածուն Լոս Անջելեսում է գտնվում: 50.000 ցուցադրանմուշներն իրենցից կոմունիստական լիդերների անձնական նամակները, ավտոմեքենաները, կոմունիզմի դարաշրջանում արտադրված խաղալիքները եւ այլ իրեր են ներկայացնում: Այդ հավաքածուի տերը նախատեսում է լայնացնել իր թանգարանը` հուսալով, որ կոմունիզմի խորհրդանիշները կօգնեն մարդկանց հասկանալ տոտալիտար ռեժիմների վտանգը: Եվրոպայում նույնպես կոմունիզմը վերհիշելը մոդայիկ է դարձել: Մայիսին Բեռլինում նոր թանգարան է բացվելու, որի այցելուներին հնարավորություն կտրվի զգալ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում ապրող մարդկանց իրական կյանքը: Թանգարանում ցուցադրվելու են արդեն գոյություն չունեցող հանրապետության հեռուստատեսային հաղորդումները, հայտնի Բեռլինյան պատի լուսանկարները եւ մարդկանց ամենօրյա կյանքը ներկայացնող իրերը: Այժմ Գերմանիայում կոմունիզմի հուշերն արթնացնող ամենահայտնի վայրը Հոհենշոնհաուզեն հետաքննական կենտրոնն է, որի էքսկուրսավարները նախկին քաղբանտարկյալներն են: Նրանք պատմում ու ցուցադրում են կոմունիզմի սարսափները, ներկայացնում են խոշտանգումների խցերը եւ խոշտանգումների միջոցները:
Նմանատիպ թանգարաններ կան եւ Պրահայում, եւ Բալթյան երկրներում, որտեղ բանտերից մի քանիսը թանգարան են դարձել: Իսկ Բուդապեշտում «Մուրճ ու մանգաղ» էքսկուրսիաներ են անցկացվում, որոնց ընթացքում կարելի է Արձանների զբոսայգի այցելել եւ ծանոթանալ կոմունիզմի դարաշրջանի քանդակների ու արձանների հետ: Բուդապեշտում գործում է նաեւ Տեռորի տունը, որտեղ հավաքված նմուշները պատմում են նացիստների եւ կոմունիստների գաղտնի ոստիկանության մասին, իսկ շենքի նկուղներում խոշտանգումների մասին նյութեր են ներկայացվում:
Ռուսաստանում կոմունիզմի թանգարանների բացումներ չեն նախատեսվում, մարդկանց հիշողությունը դեռ թարմ է, իսկ այսօրվա ղեկավար պաշտոնյաներից շատերն իրենց կարիերան հենց այդ ժամանակ են սկսել: Սակայն այսօր էլ կարելի է 700 դոլար վճարելով Ստալինի բունկերն այցելել կամ 500 դոլարով Լյուբյանկայի բանտ մուտք գործել: