Ընթերցողին, թերեւս, կհետաքրքրեն այս խաղերի հետ կապված որոշ մանրամասներ։
Թուրինում խաղարկվելու է մեդալների 84 կոմպլեկտ՝ 15 մարզաձեւերում։ Ամենամեծ թվով մեդալներ խաղարկվել են դահուկասահքում եւ չմշկասահքում (կոմպլեկտ)։
Խաղերին մասնակցելու են թվով 85 երկրներ ներկայացնող 2550 մարզիկներ։ Թուրին են մեկնել նաեւ 1440 մարզիչներ եւ պաշտոնատար անձինք։ Խաղերը լուսաբանելու են 9600 լրագրողներ։ Տեխնիկական եւ սպասարկող անձնակազմում ներգրավված են մոտ 2500 հոգի։ Ներկա են լինելու Միջազգային օլիմպիական կոմիտեի, ազգային օլիմպիական կոմիտեների եւ ֆեդերացիաների 2300 ներկայացուցիչներ։ Խաղերը սպասարկելու են 650 մրցավարներ։ Հյուրի կարգավիճակով Իտալիա են ժամանել 6000 հովանավորներ։
Այս մարդիկ տեղավորվելու են 3 օլիմպական գյուղակներում՝ Թուրինում, Բարդոնեչիայում եւ Սեստրիերեում։ Օլիմպիական կրակը վառ կմնա 17 օր, որից
16-ը հագեցած կլինեն մրցումներով։
Այժմ մերոնց մասին։ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են 18 հոգի։ Թուրին են մեկնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը եւ նրա տեղակալ Արմեն Գրիգորյանը: ՀՀ պատվիրակության կազմում կան նաեւ սփյուռքահայեր։
Հայաստանից օլիմպիադային կմասնակցեն 5 մարզիկներ` գեղասահորդներ Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան զույգը, դահուկորդներ Հովհաննես Սարգսյանը, Աբրահամ Սարկախյանը եւ լեռնադահուկորդ Էդմոնդ Խաչատրյանը: Ամենայն հավանականությամբ, հանդիսավոր շքերթի ժամանակ Հայաստանի օլիմպիական հավաքականի դրոշը կտանի գեղասահորդ Վազգեն Ազրոյանը։ Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հաստատել է նաեւ մեր օլիմպիականների մարզազգեստը՝ կաթնասպիտակավուն կոստյումներ՝ կարմիր օձիքներով: Նշենք, որ մարզահագուստների վրա գովազդ տեղադրել չի կարելի։ Դրա համար արդեն պատժվել է Մոլդովայի թիմը, որոնց հագուստի վրա երեւում է «Adidas»-ի ֆիրմային նշանը։
Եվս մի հետաքրքիր փաստ. Թուրինում Հայաստանի, Իրանի եւ Միացյալ Նահանգների դրոշները բարձրացվել են միաժամանակ։ Շատերը փորձել են այստեղ քաղաքական ենթատեքստ գտնել, սակայն կազմակերպիչները դա համարում են ընդամենը զուգադիպություն։ Պարզապես հավաքականները նույն օրն են ժամանել Թուրին եւ պաշտոնապես գրանցվել, այդ իսկ պատճառով էլ դրոշները բարձրացվել են միաժամանակ:
Այս ամենն իհարկե մանրուքներ են։ Կարեւորն այն է, որ մեր փոքրաթիվ պատվիրակության անդամները հաջող հանդես գան։ Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ սպասումներն այնքան էլ մեծ չեն։ Նախկինում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերում հայ մարզիկները դեռ մեդալ չեն նվաճել: Ըստ մասնագետների, քիչ թե շատ նորմալ կարող է հանդես գալ միայն գեղասահքի զույգը՝ Անաստասիա Գրեբյոնկինան եւ Վազգեն Ազրոյանը, որոնք բավական փորձառու են եւ հանդես են եկել աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ առաջնություններում:
Ինչ վերաբերում է մյուս մարզիկներին, ապա գրեթե բոլոր համոզված են, որ նրանք լավագույն դեպքում կընդգրկվեն առաջին 30 մարզիկների ցանկում: Ինչպես ասում են՝ քիչ սպասիր, որ հիասթափությունը փոքր լինի։
Իհարկե, հիանալի կլինի, եթե բոլոր այս չարագուշակ կանխատեսումները սխալ դուրս գան, եւ մերոնք Թուրինից վերադառնան մեդալներով։