Այս օրերին, երբ երեւանցիները դժգոհում են ձյան առատությունից եւ դրա հետեւանքով առաջացած դժվարություններից, իսկ թաղապետարաններն իրենց սուղ միջոցներով փորձում են մաքրել փողոցները, քանդակագործ Վահե Բերբերյանը ձյան դեմ պայքարի յուրահատուկ ձեւ է գտել։ Երիտասարդ սիրահարների ձնակերտ այս արձանն, արդեն մի քանի օր է, Թումանյան փողոցում է։ Սկզբում Վահեն քանդակել է նստարանն ու տղային, բայց ցրտաշունչ ձմռանը նրան միայնակ չթողնելու համար, ավելացրել է նաեւ աղջկան, ապա այս տարվա խորհրդանիշ Շանը։ Այսպիսով, Վահեն համատեղել է օգտակարը գեղեցիկի հետ։ «Փորձեցի այսկերպ մայթը անցանելի դարձնել։ Հուսամ, անցորդներին դուր է գալիս»։ Սա Վահե Բերբերյանի առաջին գործն է ձնով, սակայն եթե առատ տեղումները շարունակվեն, նա նպատակ ունի ձնակերտ արձաններ պատրաստել նաեւ այլ վայրերում։
Փետրվարի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է երիտասարդների եւ սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի տոնը, եւ այս արձանը գեղեցիկ նվեր է սիրահարներին։