Կոռուպցիան մեծ գործոն է դառնում

10/02/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը երեկ հրապարակել է իր տարեկան զեկույցը: Զեկույցում ասվում է, որ նրա նախապատրաստման աշխատանքները խոչընդոտվել են հանրապետության նախագահի 04.01.2006-ի հայտնի հրամանագրով եւ կառավարության՝ հունվարի 12-ի որոշմամբ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայացմանը խոչընդոտելու իշխանությունների գործողություններին եւ օրենսդրական նախաձեռնություններին, որոնք «վտանգում էին Պաշտպանի անկախության երաշխիքները»։ Մասնավորապես նշվում է, որ ԱԺ-ի անհամաձայնության պայմաններում եւ առանց որեւէ աշխատանքային քննարկումների «Արդարադատության նախարարի նախաձեռնությամբ եւ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի միջոցով» ՀՀ նախագահի դիմումով Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 7-րդ հոդվածի վերաբերյալ, որով «Պաշտպանը զրկվել է յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքի եւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի ապահովմանն ուղղված գործողություններ իրականացնելու հնարավորությունից, այն դեպքում, երբ միջազգային պրակտիկան ընթանում է օմբուդսմեն-դատական իշխանություն համագործակցության ընդունելի ձեւերի ներդրման եւ զարգացման ճանապարհով, ինչը ծայրահեղ անհրաժեշտ է համարվում հետխորհրդային պետությունների, այդ թվում եւ` Հայաստանի համար, ուր մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները դատական գործընթացներում այնքան հաճախ են խախտվում, որ դա հանգեցրել է դատական համակարգի նկատմամբ հասարակության չափազանց մեծ անվստահության»: Զեկույցում կարեւորվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո ծավալված գործընթացները, որոնք հանգեցրին Մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա հաստատության գործունեության կասեցմանը: «Այս ամենը վկայում է ոչ միայն Պաշտպանի, նրա դերի ու նշանակության, երկրի միջազգային հեղինակության անտեսման, այլեւ իրավաբանական եւ իրավակիրառական պրակտիկայի այնպիսի դրսեւորումների մասին, որոնք կասկածի տակ են դնում բարձրաստիճան իշխանությունների մոտ իրավական պետություն կայացնելու քաղաքական կամքի առկայությունը»,- իր զեկույցում գրել է տիկին Ալավերդյանը: Վերջինիս կազմած տարեկան զեկույցում նաեւ նշվում է, թե չնայած սահմանադրական որոշ բարեփոփումներին, դատական համակարգի կախվածությունը գործադիր իշխանությունից փաստորեն մնացել է անփոփոխ, քանի որ դատավորների նշանակման եւ դատավորների լիազորությունների դադարեցման մասին վերջնական որոշում կայացնողը ՀՀ նախագահն է, ու բացի այդ արդեն իսկ ձեւավորված պրակտիկան եւ դատական իշխանություն-գործադիր իշխանություն հարաբերությունները «կասկածի տակ են դնում դատական համակարգում բազմաթիվ բարեփոխումների արդյունավետությունը»։ «Կոռուպցիան գնալով ավելի ու ավելի մեծ գործոն է դառնում անհատ-պետություն հարաբերություններում՝ հանգեցնելով լայն հասարակության մեջ օրենքի եւ իրավունքի հանդեպ մերժողական վերաբերմունքի ամրապնդման»,- նշված է զեկույցում: Վերջինում ընդգծված է նաեւ, որ մարդու իրավունքների բազմապիսի խախտումներ թույլ տվող պետական մարմինների ներկայացուցիչների հանդեպ չի կիրառվում պատժելիության սկզբունքը, իսկ հաճախ էլ այդ խախտումները քողարկվում են վերադասի հովանավորչության ներքո: Տիկին Ալավերդյանի կարծիքով` այս զեկույցը գալիս է ապացուցելու, որ չնայած մարդու իրավունքների ազգային հաստատության կայացման ճանապարհին տեղ գտած խոչընդոտներին, այնուամենայնիվ, այն կայացել է, եւ հաստատության գործունեությունը կարող էր լինել առավել արդյունավետ իշխանությունների կողմից հաստատության դերն ու նշանակությունը ճիշտ ընկալելու եւ դրա գործունեությանն ամենայն աջակցություն ցուցաբերելու դեպքում։ Ըստ Լ. Ալավերդյանի, կարեւոր էր իշխանությունների կողմից առաջին հերթին գիտակցելը, որ ազգային նման հաստատության երաշխավորված գործունեությունն իրավական պետության եւ ժողովրդավարության հաստատման լավագույն երաշխիքներից է։ «Այն, որ իշխանությունների համար թույլատրելի եւ ընդունելի է համարվել եւ Մարդու իրավունքների պաշտպանի ու նրա հաստատության գործունեությունը կասեցվել է թեկուզ մեկ ամսով, վկայում է, որ այդ ճշմարտության ըմբռնումը նրանց չի հաջողվել. իշխանության բարձրագույն մարմինների համար «Մարդու իրավունքների պաշտպան» հասկացությունը մնացել է խորթ եւ համարժեքորեն չընկալված»,- իր զեկույցն այսպես է եզրափակում մարդու իրավունքների առաջին պաշտպանը: