Հերքել է

10/02/2006

«Realniy Azerbaijan» ադրբեջանական էլեկտրոնային թերթն անցյալ շաբաթ տեղեկություններ էր տարածել այն մասին, որ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Դանեն Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իբր «Ադրբեջանի տարածքների մի մասը գրավված է այլ երկրի կողմից, եւ Ադրբեջանը կարող է Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներում թմրանյութերի աճեցումը եւ դրանց հետագա տարանցումը կանխել կամ դիվանագիտական ուղիով, կամ պատերազմով»: Լրատվամիջոցի հաղորդմամբ` Մ. Դանեն իբր թե նշել է, որ «ադրբեջանական կողմն իրեն փաստեր է տրամադրել թմրանյութերի արտադրության եւ տարանցման նպատակով գրավյալ տարածքներն օգտագործելու վերաբերյալ»: Բրյուսելում Հայաստանի դեսպանատունը դիմել է Մ. Դանեին` վերոհիշյալ տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքով: Գլխավոր քարտուղարը հերքել է իրեն վերագրված հայտարարությունները` նշելով, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը քաղաքական հարցերով չի զբաղվում: