Կոալիցիան կրկին կփորձի

10/02/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ ԱԺ-ն արձանագրեց Ռոբերտ Քոչարյանի այս տարվա երկրորդ խայտառակ պարտությունը: Առաջինը` ԵՊՀ այլեւս նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի ձախողված ընտրությունն էր ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում, իսկ երկրորդը` կոալիցիայի` ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, օմբուդսմենի թեկնածու Արմեն Հարությունյանի պարտությունը:

Ուշագրավն այն է, որ մի դեպքում ընտրողները գործադիր մարմնի ներկայացուցիչներն էին, մյուս դեպքում` օրենսդիր, եւ, փաստորեն, իշխանության վերոնշյալ երկու թեւերն, ակնհայտորեն, թեկուզ գաղտնի քվեարկությամբ, դեղին քարտ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանին: Նկատենք, որ երկու դեպքում էլ ընտրությունները, ըստ օրենքի, անց էին կացվում փակ, գաղտնի ընթացակարգով, եւ, եթե բաց քվեարկության ժամանակ պատգամավորները վախեցած ենթարկվում են նախագահականից եկող հրահանգներին, ապա այս դեպքում նման վախեր չունեին եւ, ինչպես պատգամավորներից մեկը նկատեց, «էս տարիների ընթացքում հավաքված սաղ մուռը» հանեցին ու դեմ քվեարկեցին Ռ. Քոչարյանի օմբուդսմենի թեկնածու Արմեն Հարությունյանին:

Այսպիսով, երեկ երկու թեկնածուներից եւ ոչ մեկին չհաջողվեց հավաքել անհրաժեշտ 79 «կողմ» ձայնն ու դառնալ Հանրապետության երկրորդ օմբուդսմեն. Ա. Հարությունյանը ստացել էր 69 «կողմ», 25 «դեմ» ձայն, իսկ ընդդիմության թեկնածու Ռուբեն Թորոսյանը` ճիշտ հակառակը` 25 «կողմ», 69 «դեմ»:

Ա. Հարությունյանին չօգնեցին անգամ բաց քվեարկություններն ու Հովիկ Աբրահամյանի պատգամավոր եղբոր` Հենրիկ Աբրահամյանի` իր «կողմ» քվեարկած քվեաթերթիկի հեռախոսով լուսանկարը, որը նա բերեց ու ցույց տվեց հաշվիչ հանձնաժողովի անդամներին` ապացուցելու համար, որ չի խաբել: Իսկ բաց քվեարկողները Երվանդ Զախարյանի եղբայր, օրինացերկրացի Սայադ Զախարյանն ու պատգամավոր Երեմ Կարապետյանն էին: Վերջինս ստիպված էր երկրորդ անգամ ընտրել, որովհետեւ «Ազգային Միաբանություն» խմբակցության պատգամավոր, հաշվիչ հանձնաժողովի անդամ Աղասի Արշակյանը քվեաթերթիկը նրա ձեռքից խլեց ու պատռեց` այն համարելով անօրինական: Իսկ մեկ այլ` սիսիանցի պատգամավոր Հովիկ Ազոյանն իր մեկ անգամ ընտրելը բավարար չէր համարում, եւ` մոտենալով հանձնաժողովականներին, հարցրեց` «երկրորդ կռուգը սկսվե՞լ է»:

Կոալիցիայի պատգամավորները մինչեւ վերջին պահը չէին կասկածում իրենց թեկնածուի հաղթանակին: Նույն անբացատրելի լավատեսությունն ուներ նաեւ Ա. Հարությունյանը, որն իրեն արդեն օմբուդսմեն էր զգում ու հպարտ նստել էր դահլիճի առաջին շարքերում եւ սպասում էր, թե երբ են ներս մտնելու հանձնաժողովի անդամները` հայտարարելու, որ ինքն այլեւս ազգի ու իր դեմ ելույթներ ունեցող պատգամավորների օմբուդսմենն է: Բայց երբ կախած, աջուձախ թափահարող գլուխներով իրար հետեւից դահլիճ մտան հանձնաժողովի անդամ պատգամավորները, Ա. Հարությունյանն անմիջապես փախավ ոչ միայն դահլիճից, այլեւ ԱԺ շենքից, եւ 5 րոպե հետո նրան այլեւս անհնար էր գտնել նույնիսկ հեռախոսով, որովհետեւ նրա բջջայինը խոր անհասանելի վիճակում էր: Իսկ ուշ երեկոյան նա հեռախոսով ասում էր` «ձեր ձայնը կտրատվում է», իսկ հետո արդեն չէր պատասխանում զանգերին:

Կոալիցիան Ա. Հարությունյանի պարտության համար սկզբում փորձում էր մեղադրել ԱԺ «Ժողպատգամավոր» խմբին` ասելով, եթե նրանք «դեմ» չքվեարկեին` ապա իրենց թեկնածուն արդեն օմբուդսմեն կլիներ ու ստիպված չէր լինի ամոթից դահլիճից փախնել: Սակայն երբ «Ժողպատգամավորի» պատգամավորները հայտարարեցին, որ իրենք հիմնականում «կողմ» են քվեարկել, եւ պատճառը պետք է կոալիցիան իր մեջ փնտրի եւ բացատրի, թե ինչու 72 պատգամավոր ունեցող կոալիցիան «կողմ» չքվեարկեց, կոալիցիայի պատգամավորները սկսեցին մեկ այլ վարկած շրջանառել: ՀՀԿ պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, թե իրենց թեկնածուի պարտության պատճառն այն է, որ նախորդ օրն ԱԺ-ում Ա. Հարությունյանը չպետք է մեծամտանար ու ամբիոնից հայտարարեր, թե իրեն պետք չեն այն պատգամավորների ձայները, ովքեր կասկածում են իր անաչառության վրա, որովհետեւ շատերը դրանից են հիասթափվել ու քվեարկության ժամանակ ցույց են տվել, թե իրենցից յուրաքանչյուրի ձայնը որքան կարեւոր է: Ի դեպ, ըստ տեղեկությունների, հենց Ա. Հարությունյանն է տարածել, թե իրեն դեմ են քվեարկել «Ժողպատգամավորի» անդամները` մատնացույց անելով Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանին, որը հայտարարել էր իր դեմ քվեարկելու մասին:

Քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո ԱԺ միջանցքում «ՄԱԿ» խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը լրագրողներին տեղեկացնում էր, որ ճիշտ է, ինքը հայտարարել էր, որ իր խմբակցության անդամներն ազատ են քվեարկելու, բայց իրենք բոլորով կողմ են քվեարկել, եւ ինքն էլ մյուսների նման պահանջում էր, որպեսզի կոալիցիան իր մեջ պարզի ու պատկերացնի, թե ինչու այդպես եղավ. «Մեզ մոտ ազատ ռեժիմ էր, բայց մենք կողմ ենք քվեարկել: Այնպես որ` կոալիցիան պիտի հաշվի իր ուժերն ու պատկերացնի, թե ինչ է տեղի ունենում: Մենք թաքցնելու ոչինչ չունենք, մեր անդամները կողմ են քվեարկել»,- ասաց Գ. Արսենյանը: Իսկ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Վահրամ Բաղդասարյանն, իրենց ուղղված մեղադրանքներին ի պատասխան, ասաց. «Մենք մեր խմբի նիստին հրավիրել էինք Ա. Հարությունյանին եւ լսել ենք նրա տեսակետներն ու որոշել ենք կողմ քվեարկել: Մենք կողմ ենք քվեարկել, եւ թող կոալիցիան հետեւություններ անի ու պարզի, թե ուր էին իր պատգամավորները»: Հանրապետական Գալուստ Սահակյանը, որը քվեարկության ժամանակ պատրաստ էր «գրազ» գալ իրենց թեկնածուի հաղթանակի համար, ասաց, որ կոալիցիայի անդամ 10 պատգամավորներ հարգելի պատճառներով բացակա էին, եւ պետք չէ հիմա որեւէ թիմի, կուսակցության եւ խմբակցության մեղադրել կամ կասկածել Ա. Հարությունյանին նման վերաբերմունքի արժանացնելու համար: «Ի վերջո, փակ, գաղտնի քվեարկություն է, իսկ դա կառավարելի դարձնելն այնքան էլ հեշտ չէ, եւ կարծում եմ` պարտադիր էլ չէ»,- ասաց Գ. Սահակյանը: Ի դեպ, երբ քվեատուփը տեղափոխելիս Գ. Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ո՞ւր են այն տանում, նա պատասխանեց. «Թաղեն»: Արդյունքները հրապարակելուց հետո պատգամավորներն արդեն նրան էին կատակելով մեղադրում, թե ինքը նախապես գիտեր, որ «Ա. Հարությունյանի օմբուդսմեն դառնալն ի սկզբանե թաղված է»: Այն էլ` խորը: Բայց երեկ կոալիցիան երեկոյան արտահերթ նիստ է անցկացրել եւ որոշել է օմբուդսմենի պաշտոնում այսօր խորհրդարանին ներկայացնել նորից Արմեն Հարությունյանի թեկնածությունը: «Ուրիշ թեկնածու չունենք»,- նիստից հետո ասաց կոալիցիայի պատգամավորներից մեկը: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե այդ մասին տեղյա՞կ է Ա. Հարությունյանը, պատասխանեց. «Խոսել ենք իր հետ ու ասել ենք, որ դա քաղաքական խնդիր է, ու պետք չէ քվեարկության արդյունքներից ամաչել»: Նշենք, որ Արթուր Բաղդասարյանը երեկ լրագրողների դիտարկմանն ի պատասխան, թե Ա. Հարությունյանը նեղացած է հեռացել ԱԺ-ից, ասել է. «Նեղանալը քաղաքական կատեգորիա չէ»: Իսկ «Ազգային Միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք խոսել են «Ռուբիկի հետ, ասել են, որ իր թեկնածությունն են ուզում նորից առաջադրել, բայց Ռուբիկը իրենց խնդրել է դա չանել` հիմնավորելով, որ այս Աժ մեծամասնության դեպքում իր տեսակ մարդն ընդունելի չէ»: Իսկ «ԱՄ»-ն հարգել է իր թեկնածուի խնդրանքը, եւ ինչպես նշեց Ա. Գեղամյանը, «ձեւի համար անիմաստ ենք համարում այլ թեկնածու առաջադրելը»:

Այնպես որ, այսօր Արմեն Հարությունյանը կլինի օմբուդսմենի միակ թեկնածուն ու ԱԺ ամբիոնից այլեւս չի ասի, թե իր թեկնածությանը կարող են դեմ քվեարկել բոլոր նրանք, ովքեր կասկածում են իր անաչառության վրա` աչքի տակ ունենալով երեկվա խայտառակ պարտությունն ու ԱԺ-ից փախչելը: