Վարչապետն էլ տեղյակ չի

10/02/2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի համար էլ պարզ չէ, թե ինչ ուղղությամբ են ընթանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները: «Ես կարծում եմ, որ ենթատեքստից դուրս է խաղաղապահների մասին խոսելը: Ընդհանրապես պարզ չէ, թե ինչպիսի բանակցություններ են գնում, ինչպիսի փաթեթային լուծում է գնում, եւ այդ փաթեթի ընդամենը մեկ բաղադրիչի մասին ենք խոսում, ես դա լուրջ չեմ համարում»,- լրագրողների հարցին ի պատասխան` ասաց Անդրանիկ Մարգարյանը: Վարչապետը չի ցանկանում խոսել նաեւ ազատագրված տարածքների վերադարձման մասին: «Չի կարելի ամբողջ խնդրից անջատել կետեր: Բոլորը պետք է համատեղ քննարկվի եւ որպես փաթեթային նայվի, այլ ոչ թե առանձին-առանձին»,- «168 Ժամի» հարցին ի պատասխան` ասաց նա: Իսկ այն հարցին, թե այսօր կարծես թե ավելի շուտ փուլային տարբերակն է քննարկվում, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Փաթեթ ենք ասում, կարող է իրականացման ժամանակ փուլեր լինեն, բոլորը միանգամից չլինեն, բայց գոնե պետք է մեկ փաստաթուղթ լինի, որտեղ հստակ լինի այս հաջորդականությունը եւ իրավական հիմքը»:

Ա.Գ.