Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում տեղի ունեցող հանդիպումներն ավելի ու ավելի անհետաքրքիր են դառնում։ Անհետաքրքիր, ինչպես ֆուտբոլային այն խաղը, որի հաշիվը նախապես գիտես, կամ այն կինոֆիլմը, որի սյուժեն քեզ արդեն պատմել են։ Զարմանալու, զայրանալու, տարակուսելու, երկմտելու ոչ մի առիթ չեն տալիս այդ հանդիպումները, որովհետեւ, ինչպես բազմիցս ասել են հայ, ռուս, ադրբեջանցի եւ այլ ազգերի պատկանող տարբեր փորձագետներ, հակամարտող կողմերի ղեկավարները փակ դռների ետեւում խոսում են ամեն ինչի մասին, բացի խաղաղ կարգավորումից։
Եվ որպեսզի տպավորություն ստեղծվի, թե եվրոպական այս կամ այն քաղաքում հանդիպող ղեկավարները խոսելու են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումից, երկու երկրում էլ նախապես բեմադրվում են ֆուտբոլային չկայացած խաղեր, «ի պաշտպանություն» ժողով-սեմինարներ, մամուլի ուլտրածայրահեղական ասուլիսներ։ Այդ տպավորությունն առավել արտահայտիչ դարձնելու համար կողմերը լցվում են ակիֆնաղիների ու արմենավետիսյանների «դուխով», թեեւ պրոֆիլակտիկ նկատառումներով երկուսն էլ երկուսին մի կարճ ժամանակ բանտերում են պահել։
Պարզելու համար, թե ինչ են խոսում երկու կողմերի ղեկավարները, նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում հակամարտության խաղաղ կարգավորում։ Իմ կարծիքով, դա մի գործընթաց է, որտեղ կողմերը պարբերաբար պետք է ներկայացնեն խաղաղության հասնելու իրենց կամքի դրսեւորումները։ Կրկնում եմ՝ կողմերը եւ ոչ թե տարբեր ձեւաչափերով ստեղծված բանակցային խմբերը, որոնց միակ առաքելությունը հումանիտար զանազան հաստատություններում մտածված տեսություններն իրականություն դարձնել փորձելն է։
Այս «ձեւաչափով» ընթացող բանակցությունները շատ նման են հարսնատեսի այն արարողությանը, երբ ծնողները կամ հարազատները ամուսնանալու ցանկություն չունեցող տղայի համար հարսնացու են գտնում՝ հաստատ իմանալով, որ դժկամությամբ տեսության եկող «փեսացուն» չհավանելու մի պատճառ կունենա՝ քիթը մեծ է, ոտքերը բարակ, աչքերը կանաչ եւ այլն։ Եվ, ինչպես տղայի ծնողներն ու հարազատները չեն հոգնում նորանոր աղջիկներ հայտնաբերելուց եւ ներկայացնելուց, այդպես էլ անխոնջ են միջնորդական առաքելությունները՝ փուլայինը չե՞ք ուզում, խնդրեմ՝ փաթեթային, փաթեթայինին դե՞մ եք, խնդրեմ՝ ընդհանուր պետություն, ընդհանուր պետությա՞նն եք դեմ՝ հանրաքվե եւ այլն։
Եվ, ինչպես տղայի ծնողները կամ հարազատները չեն հասցնում իմանալ` տեսության ներկայացված աղջիկն ինքը կցանկանա՞ ամուսնանալ իրենց տղայի հետ, թե՞ ոչ, այդպես էլ միջնորդական առաքելությունները չեն ուզում պարզել ժողովուրդների իրական կամքը։ Եվ քանի որ նրանք գրատախտակին ֆլոմաստերով նկարած սխեմաներ են առաջարկում, Իլհամ Ալիեւն ասում է՝ գիտեք, մեզ մոտ մի տղա կա` անունը Ակիֆ, կամ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ գիտեք, մեզ մոտ էլ մի տղա կա` անունը Ժիրայր։ Ու երկուսը միասին ասում են, որ էդ տղերքին միջնորդական առաքելության ֆլոմաստերի գույնը դուր չի գա։
Ու մինչ միջնորդները փութանակի վազում են նոր գույնի ֆլոմաստեր գտնելու, երկու երկրների ղեկավարները սկսում են խոսել առաջիկայում սպասվող ընտրություններից, իշխանությունը պահելու շանսերից, մեթոդներից եւ այլնից։
Միջնորդական առաքելությունները շատ լավ գիտեն, որ այս շրջանը կախարդված է։ Միջնորդական առաքելությունները շատ լավ գիտեն, որ ցանկացած առաջարկ, որն ընդունելու է կողմերից մեկը, մերժվելու է մյուսի կողմից եւ իրենց երկրները վերադառնալուց հետո կողմերից մեկը խոսելու է ռազմական ծախսերի բազմապատկման, իսկ մյուսը՝ տարածաշրջանի ամենամարտունակի մասին։
Խաղաղ բանակցությունների (եթե դա երկու մարդու հերթական հանդիպում չէ) մեկնելուց առաջ երկու երկրներում պետք է լիներ հասարակական մի մթնոլորտ, որտեղ ամեն մեկն ու բոլորը խոսեին խաղաղության մասին։ Խաղաղ բանակցությունների մեկնելուց առաջ երկու կողմի ղեկավարները պետք է հրապարակային ելույթ ունենային ու բացատրեին իրենց ժողովուրդներին, որ հարեւան երկու պետությունների համար խաղաղությունն այլընտրանք չունի։ Զանգվածային լրատվության միջոցներն այդ օրերին պետք է քննարկեին խաղաղության հասնելու ճանապարհները, մարդիկ պետք է հուշեին ղեկավարներին, թե ի՞նչ գին կարող է ունենալ խաղաղությունը։ Մեզ մոտ այս ամենը չկա, մեր հասարակության համար մեկ է, թե ում է հանդիպում Հայաստանի ղեկավարը՝ Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավի՞ն, թե՞ հարեւան Ադրբեջանի նախագահին։ Որովհետեւ հասարակությունը որեւէ սպասելիք չունի ինչպես Քոչարյան-Կարլ Գուստավ հանդիպումից, այդպես էլ ոչ մի նորություն չի ակնկալում Ռամբույեում կայանալիք բանակցություններից։
Երբ ասում եմ՝ խոսեին, նկատի չունեմ բանակցություններից անմիջապես առաջ, այլ կարծում եմ, որ խաղաղության մասին երկու երկրներում խոսել պետք է սկսեին պատերազմից անմիջապես հետո։ Անցած տասներկու տարում (սկսած 1994-ի հրադադարից) ինձ հայտնի է խաղաղության մասին խոսելու երեք դեպք՝ 1997-ի սեպտեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած հանդիպումը լրագրողների հետ, դրան հաջորդած «Պատերազմ, թե խաղաղություն։ Լրջանալու պահը» հոդվածը եւ առաջին նախագահի հրաժարականի տեքստը։ Հայաստանի հեռացող ղեկավարը զգուշացնում էր, որ իշխանության է գալիս «պատերազմի կուսակցությունը»։
Տեր-Պետրոսյանն իրավունք ուներ այդպիսի որակում տալու, քանի որ «Պատերազմ, թե խաղաղություն։ Լրջանալու պահը» հոդվածում ասում էր, որ հրադադարը դեռ չի նշանակում ավարտված պատերազմ եւ, որ խաղաղության հասնելու համար գործուն քայլեր չձեռնարկելն ավելի վատ է, քան պատերազմը։
Այս իմաստով Ադրբեջանում վիճակն ավելի լավ չէ։ Եթե մենք ունենք խաղաղության մասին հանրապետության առաջին նախագահի ծանրակշիռ դատողությունների նախադեպը, Ադրբեջանում այդ թեման եղել ու մնում է որակյալ փոքրամասնության «մենաշնորհը»։
«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմը բացարձակ հիմարություն է։ Նման սխալ ժողճակատն արդեն թույլ է տվել։ Խաղաղ լուծումների հասնելու համար պետք է գնալ փոխզիջման։ Այս հարցում ես իշխանության հետ ոչ մի հույս չեմ կապում։ Պարզ է, որ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու լուրջ ցանկություն չունի։ Պետք է գործընթացին մասնակից դարձնել Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակություններին։ Եվ այնտեղ, եւ մեզ մոտ կան խելացի, ողջամիտ մարդիկ, իսկական հայրենասերներ, ովքեր գիտակցում են սառեցված հակամարտության անհեռանկար լինելը։ Տարիներն անցնում են, պատերազմներն անցնում են, պետք է հայերի հետ ընդհանուր լեզու գտնել»,- ասում է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, ում հավանաբար եթեր չեն տրամադրում Բաքվի հեռուստաալիքները։ Հասարակությունը նրա մտքերին ծանոթանում է ադրբեջանական թերթերում, որոնց ընդհանուր տպաքանակը՝ մեր թերթերի պես, տասը հազարն էլ չի գերազանցում։