Ինչից են վախենում հայերը – 2

10/02/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Վախը կենդանական բնազդ է, որը բնորոշ է ֆաունայի (չշփոթել սաունայի հետ) բոլոր ներկայացուցիչներին: Կենդանիները հիմնականում վախենում են իրենց վտանգ սպառնացող մյուս կենդանիներից, ինչպես նաեւ` բնական երեւույթներից եւ բնական աղետներից: Կարծում եմ, որ նախնադարյան մարդը եւս վախեցել է նման բաներից: 21-րդ դարում ամեն ինչ փոխվել է:

Մարդկությունն ավելի շատ ինքն իրենից է վախենում` իսլամական էքստրեմիստներից, տեռորիստներից, միջուկային զենքից, սպիդից, թռչնագրիպից եւ այլն: Իսկ ինչի՞ց են վախենում հայերը: Հայերը վախենում են Միացյալ Նահանգների հյուպատոսից, որը կարող է իրենց անձնագրում «վիզա» չխփել: Վախենում են Ռուսաստանի «ԳազԱրդ»-ից, որի խողովակները յուրաքանչյուր պահի կարող են տրաքել: Վախենում են Տիգրան Սարգսյանից, որը չգիտի՝ այս տարի դոլարի կուրսը կիջնի՞, թե՞ կբարձրանա: Սա, իհարկե, գլոբալ իմաստով: Իսկ եթե փորձենք ավելի մանրամասն ուսումնասիրել մեր ապրելակերպը, ապա կարելի է հետեւյալ եզրակացության հանգել` Հայաստանը ջունգլի է: Որովհետեւ արդեն բավական երկար ժամանակ է, ինչ հայերն ապրում են ջունգլիների օրենքով` յուրաքանչյուրն իր համար: Երեւի հենց դա է պատճառը, որ բարեկամ եւ հարեւան հասկացողությունները վերացել են, եւ մի պահ թվում է, որ մենք իրոք դարձել ենք Եվրամիության անդամ: Իմիջիայլոց, Ռ. Կիպլինգի հանճարեղ ստեղծագործության մեջ կա մի արտահայտություն եւս, որը լիովին համապատասխանում է մեզ` «մենք արյունակիցներ ենք» («ՎՌ ր ՑՏոՏռ ՏՊվՏռ ՍՐՏՉՌ»): Հենց այս մտածելակերպն է դարձել հիմք, որ այսօր ստեղծվում են, այսպես կոչված, հայրենակցական միություններ: Այսինքն, եթե դու ղարաբաղցի ես, ապարանցի, գորիսեցի կամ արարատցի, ապա «վագրերի շվաքի տակ ապրող «շակալները» քեզ չեն նեղացնի»: Հակառակ դեպքում` ձեր «վախը պարբերաբար պետք է բռնել»: Շատ հետաքրքիր է իրավիճակը քաղաքական դաշտում: Այնպիսի տպավորություն է, որ նոր կուսակցությունների բացվելուց հետո հները վախից գնացել են «շաքարը ստուգելու»: Ամենահետաքրքիրն այն է, որ մեր քաղաքական գործիչները վախենում են ոչ թե ժողովրդից, այլ մեկը մյուսից: «Մաուգլի»-ում էլ այդպես է, երբ գիշատիչներն իրար հետ պայքարում են՝ կապիկները ծառերի վրա «մայմունություն» են անում՝ ուշադիր հետեւելով, թե ո՞վ կհաղթի: Իհարկե, կապիկները շատ են, բայց ինչքան էլ շատ լինեն, օձից, միեւնույն է, վախենում են: Դե, օձերից վախենում են ոչ միայն կապիկները: Մկները, ճագարները եւ ծտերն օձերից ավելի շատ են վախենում, քանզի նա նրանց միանգամից է կուլ տալիս: Երեւի դա է պատճառը, որ հենց Ռուսաստանից կամ Արեւմուտքից վախեցնող տարբեր «մեսիջներ» են ստանում՝ բոլորը սառում են: Ճիշտ է, մի երկու «ջահել եւ անփորձ» ներկայացուցիչներ սկսում են ծվծվալ, բայց դա շատ կարճ է տեւում:

Վախն ունի տարբեր դրսեւորումներ: Կան մարդիկ, ովքեր վախենում են բարձրությունից (բայց նրանց ոչ ոք չի խնդրել այդքան «վերեւ» բարձրանալ): Մյուսները վախենում են փակ տարածություններից: Երրորդները` մթությունից: Բժիշկներն այսպիսի երեւույթները համարում են խանգարում: Ստացվում է, որ ազգովի խանգարված ենք: Որովհետեւ բոլորը բոլորից վախենում են: Հետիոտնը վախենում է, որ «Ջիփերն» ու «Համմերներն» իրենց կգցեն մեքենայի տակ, ներքեւի հարեւանը վախենում է, որ իրեն կջրի վերեւինը, երգիչը վախենում է, որ իրեն «կքցի պիրատը», իսկ «պիրատը» վախենում է, որ իրեն «կքցի Շեստոյը», ժողովուրդը վախենում է, որ իշխանությունը կմնա հների ձեռքին, հները վախենում են, որ իշխանությունը կկորցնեն, իսկ ընդդիմությունը վախենում է, որ հաջորդ խորհրդարանում ունեցածից էլ կզրկվի: Եթե նկատել եք, որքան էլ տարօրինակ է, վախն իր հետ ագրեսիա է բերում: Եվ այդ համատարած ագրեսիայի պատճառը համատարած վախն է: Խանութի գործակատարը ագրեսիվ է խոսում ձեզ հետ, որովհետեւ վախենում է, որ ինչ-որ բան կգողանաք: Սափրագլուխներն ագրեսիվ են, որովհետեւ վախենում են, որ «տերերը գործից կազատեն» իրենց: Լրագրողներն ագրեսիվ են, որովհետեւ նրանց մեքենաները ժամանակ առ ժամանակ վառվում են: Դասախոսն ագրեսիվ է, որովհետեւ վախենում է, որ ուսանողը կաշառք չի տա: Բայց իմ լավատեսությունը հիմք է տալիս վստահ լինել, որ մեր երեխաները չեն վախենա միմյանցից, քանզի նախ` կլաուստրոֆոբիան եւ այլ տարատեսակ ֆոբիաները գենետիկ հիվանդություններ չեն եւ սերունդներին չեն փոխանցվում, եւ երկրորդ` կգա ժամանակ, երբ ոչ թե մեզ «փըխկ» կասեն, այլ մենք կասենք ուրիշներին: