Նոր օմբուդսմենի ընտրության շուրջ ծավալված աղմուկը բացահայտեց ոչ միայն մարդու իրավունքների իրական վիճակը Հայաստանում, այլեւ քաղաքական ուժերի վերաբերմունքը մարդու իրավունքների ինստիտուտի նկատմամբ։ Խնդիրն, իհարկե, անձերը չէին։ Խնդիրն այն էր, թե ով ինչպես է պատկերացնում օմբուդսմենի դերը եւ ինչքանով է կարեւորում մարդու իրավունքների պաշտպանությունը։
Փաստորեն, քննարկումներ տեղի չունեցան։ Պատգամավորներն իրար վիրավորեցին, իրար ծաղրեցին, իրար մենամարտի հրավիրեցին, մի խոսքով` ամեն ինչ արեցին, բացի հարցը լրջորեն քննարկելուց։ Եվ այնուամենայնիվ, մի առանցքային նախադասություն հնչեց. այն է` «մարդու իրավունքների հարցը Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է»։ Հենց այս նախադասության շուրջ էլ, ըստ էության, պիտի ծավալվեին քննարկումները, բայց պատգամավորները գերադասեցին «շատ չխորանալ»։
Իսկ ինչո՞ւ է մարդու իրավունքների հարցն ազգային անվտանգության խնդիր։ Շատ պարզ պատճառով. որովհետեւ եթե միջազգային կազմակերպություններում արձանագրվի, որ Հայաստանում մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարվում են, Հայաստանի միջազգային հեղինակությունը կնվազի, մեր երկիրը կզրկվի ֆինանսական օգնությունից եւ կարող է նույնիսկ միջազգային պատժամիջոցների ենթարկվել։ Այս հեռանկարից խուսափելու երկու ճանապարհ կա։ Առաջին` իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի Հայաստանում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվեն։ Երկրորդ` իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման փաստերի մասին դրսում չիմանան։
Երկրորդ տարբերակն անհամեմատ ավելի հեշտ է, բայց, որպես կանոն, իրեն չի արդարացնում։ Սա, այսպես կոչված, «խորհրդային» կամ «ամբողջատիրական» տարբերակն է։ Հյուսիսային Կորեան է՛լ աշխարհին ներկայանում է Կիմ Չեն Իրի լուսավոր ժպիտով ու հարյուր-հազարավոր պիոներների երջանիկ դեմքերով, բայց բոլորը գիտեն, որ այդ երկրում իշխանություններից դժգոհելը դատապարտվում է ազատազրկմամբ, իսկ ինը տարեկանից բարձր երեխաները պարտադիր աշխատում են` օրը 150 գրամ բրինձ «վարձատրությամբ»։
Իսկ ինչո՞ւ ենք ենթադրում, որ մեր իշխանությունները նախապատվությունը տվեցին հենց «խորհրդային» կամ «ամբողջատիրական» տարբերակին։ Նման ենթադրության հիմք է տալիս ոչ թե նորընտիր օմբուդսմենի իշխանական թեկնածուի անձը, այլ այն վերաբերմունքը, որ իշխանությունները ցուցաբերեցին Լարիսա Ալավերդյանի նկատմամբ։ Իշխանությունները սկսեցին հալածել նրան, եւ միանգամից տպավորություն ստեղծվեց, թե նա փայլուն օմբուդսմեն էր, ծայրահեղ սկզբունքայնությամբ պաշտպանում էր մարդկանց ոտնահարված իրավունքները, եւ այլն։ Բայց իրականում դա այնքան էլ այդպես չէր։ Որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ նա պաշտպանած լինի, ասենք, ապրիլի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ծեծ կերածների կամ «զազրախոսության համար» ձերբակալվածների իրավունքները։ Կամ որեւէ մեկը կարո՞ղ է նշել, թե ինչ կոնկրետ օգուտ է տվել, ասենք, նրա միջամտությունը Բուզանդի փողոցի ավերման ժամանակ։ Չի կարող։ Եվ իշխանություններն էլ նրա վրա «բարկացան» ոչ թե նրա համար, որ նա սկսել էր ակտիվություն դրսեւորել (դրանից, միեւնույն է, ոչինչ չէր փոխվելու), այլ այն բանի համար, որ մարդու իրավունքների խախտման փաստերը հայտնի էին դառնում միջազգային կառույցներին։
Ի դեպ, ճիշտ նույն պատճառով էլ ընդդիմությո՛ւնը փոխեց վերաբերմունքը Լարիսա Ալավերդյանի նկատմամբ։ Այսինքն` ընդդիմությանը դուր եկավ, որ նա միջազգային ասպարեզում թուլացնում է Քոչարյանի դիրքերը։ Խնդիրն ամենեւին էլ մարդու իրավունքների վիճակը չէր. Լարիսա Ալավերդյանն, այսպես թե այնպես, այդ իրավունքները չէր կարողանում պաշտպանել։
Հատկանշական է, որ նոր օմբուդսմենի թեկնածությունների քննարկման ժամանակ այդպես էլ որեւէ մեկը չփորձեց վերլուծել, թե երկու թեկնածուներից ով ավելի լավ կպաշտպանի մարդու իրավունքները։ Այդ հարցը կարծես ընդհանրապես գոյություն չուներ։ Քննարկվում էր միանգամայն այլ հարց։ Իշխանությունները ներկայացնում էին նրան, ով ավելի լավ կկոծկի Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման փաստերը, իսկ ընդդիմությունը ներկայացնում էր նրան, ով այդ փաստերի վերաբերյալ առավելագույն աղմուկ կբարձրացնի։ Պարզապես իշխանամետները մեծամասնություն են, եւ «կոծկելու» տարբերակը ամենայն հավանականությամբ կհաղթի։
Պարզ ասած, քննարկման առարկան «աղբը տնից հանել-չհանելն» էր, մինչդեռ ճիշտ կլիներ, եթե քննարկման առարկան տունը մաքրելը լիներ։