Այդ ո՞ւր առանց ԿԲ-ի թույլտվության

10/02/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի փետրվարի 6-ի որոշման համաձայն` մարտի 15-ից հայաստանյան առեւտրային բանկերին կարգելվի մասնակցել դրամական փոխանցումների «Western Union» միջազգային համակարգին: ԿԲ-ն այս փաստը պարզաբանում է նրանով, որ բանկերի կողմից այս համակարգին մասնակցության համար ԿԲ-ին ներկայացված հայտերը չեն համապատասխանում «Western Union»-ի կանոնակարգին: Այդ անհամապատասխանությունները հայտնաբերվել են վերոնշյալ հայտերն ուսումնասիրելու ժամանակ: Բանն այն է, որ «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` դրամական փոխանցումների միջազգային համակարգերին մասնակցելու համար առեւտրային բանկերը պետք է ստանան ԿԲ-ի թույլտվությունը: Ինչպես տեղեկացանք ԿԲ-ի մամուլի ծառայությունից, «հայտնաբերված անճշտությունները կարող են ռիսկեր առաջացնել եւ վտանգել երկրի ֆինանսական անվտանգությունը»: Այնուամենայնիվ, բանկերին հնարավորություն է տրված մինչեւ մարտի 15-ը «Western Union»-ին մասնակցության համար նոր հայտեր ներկայացնել ԿԲ-ին, սակայն արդեն փոփոխված պայմանագրերի հիման վրա: Ի դեպ, արդեն սկսվել են համակարգի մասնակից հայաստանյան բանկերի եւ «Western Union» կազմակերպության բանակցությունները: Երբ բանկերը կներկայացնեն անհրաժեշտ փոփոխություններն ու փաստաթղթերն, այդ ժամանակ ԿԲ-ն կստուգի դրանց համապատասխանությունը «Western Union»-ի պահանջներին եւ պատրաստ կլինի վերանայել իր որոշումը:

Այսօր Հայաստանի տարածքում գործող 21 առեւտրային բանկերից 11-ը համակարգի մասնակիցներ են: Մենք փորձեցինք պարզել նաեւ վերջիններիս կարծիքը հայտերում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ: Հիմնականում պատասխանը հետեւյալն էր. «Մենք դեռ պատրաստ չենք որեւէ մեկնաբանություն տալ»: Իսկ «Հայէկոնոմբանկից» բացատրեցին նաեւ նման պասիվության պատճառը. «Այս պահին «Western Union»-ի հետ հարաբերությունների հստակեցման ուղղությամբ շատ ակտիվ բանակցություններ են ընթանում, եւ թեմային յուրաքանչյուր անդրադարձ կարող է խանգարել նորմալ ընթացքին»:

Ի դեպ, անցած տարի այս համակարգով հայաստանյան բանկերը փոխանցել են 44.4 մլրդ դրամ, որից 3.4 մլրդ-ը կազմել է արտահոսքը, իսկ 41.1 մլրդ-ը` ներհոսքը: Դրամական փոխանցումների ծավալում «Western Union»-ի բաժինը 2005թ. կազմել է 16.04%: Պաշտոնապես համակարգը Հայաստանում գործում է 1996 թվականից: