ՀՀ Կենտրոնական բանկի գործունեությունը տեղ-տեղ թափանցիկ է։ ԿԲ-ն անցած շաբաթ հրապարակեց «ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիրը»։ Այն մասնագիտական հրապարակային վերլուծության դեռեւս չի արժանացել։ Այդ ծավալուն փաստաթղթի ամբողջական վերլուծությունը երեւի ժամանակ է պահանջում։ Մինչդեռ ծրագրում կա առնվազն մեկ դրույթ, որ կարծես տնտեսական բուռն բանավեճերի տեղիք պիտի տար։ Ծրագրում հայտարարվում է, որ «2006թ. ԿԲ-ն կսկսի գնաճի լիարժեք նպատակադրման ռազմավարությանն անցման գործընթացը»։ Մեր օրենսդրության համաձայն` երկրում գների աճի կարգավորումը ԿԲ-ի պարտականությունն է։ Թերեւս ամենակարեւոր պարտականությունը։ Այսինքն, տարվա սկզբին իր դրամավարկային քաղաքականությունը հրապարակելիս միշտ հրապարակում էր գների աճի ծրագրային ցուցանիշը եւ ողջ տարվա ընթացքում հետեւում, որ գնաճը չգերազանցի այդ հայտարարված թիվը։ Նախկինում ճիշտ այդպես էլ լինում էր։ ԿԲ-ն հայտարարում էր, որ սպառողական առաջին անհրաժեշտության ապրանքների ու մթերքի գնաճը պիտի կազմի 3 տոկոս։ Տարվա վերջին էլ հաշվետվություն էր գրում, որ այդ` հաց-ձեթ-շաքարավազի եւ այլն գները հենց նախատեսվածի չափ էլ աճեցին։ «Ինչպե՞ս է դա հաջողվում» հարցին տարբեր պատասխաններ էին տրվում։ ԿԲ-ն, որպես կանոն, ասում էր, որ դա իր լավ աշխատանքի արդյունքն է։ Մասնագետներից ոմանք պնդում էին, որ դա ինքնաբերաբար է ստացվում, եւ ԿԲ-ն այստեղ ավանդ չունի։ Նրանց բացատրությունը համոզիչ է. հետեւաբար, կարծում եմ, արժանի է ներկայացման։ Երկրի տնտեսության երկնիշ աճը բնակչության լայն զանգվածների հետ որեւէ առնչություն չունի։ Այս մասին գրում են Հայաստանի տնտեսությունը գնահատող միջազգային ֆինանսական ու տնտեսական կառույցները։ Բնակչության եկամուտների ամեն տարի հայտարարվող աճն իրականում անհամամասնական բաշխում ունի։ Տարբեր գնահատականներով աճում են բնակչության 5-15 տոկոսի եկամուտները։ Աղքատության ցուցանիշները շատ դանդաղ են նվազում։ Տնտեսագիտական բացատրությունը շատ պարզ է` աղքատ շուկայում բարձր գնաճ հնարավոր չէ։ Այս բացատրության համաձայն, գնաճը զսպում է ոչ թե ԿԲ-ն, այլ սպառողների ցածր գնողունակությունը։ Այս կարծիքի կողմնակիցները բերում են 2002թ. օրինակը։ Այդ տարին միակն էր, երբ ԿԲ-ն գնաճը չկարողացավ պահել ծրագրված 3 տոկոսի սահմաններում։ 2002թ. գնաճը 2,5 անգամ գերազանցեց պլանավորված ցուցանիշը։ ԿԲ-ի բացատրությունն ինքնատիպ էր` գնաճը չհաջողվեց կանխել, որովհետեւ միջազգային շուկայում աճել էր հացահատիկի գինը։ Նույն «միջազգային շուկայում» սպասվող գազի գնի աճն այս տարի չի սարսափեցնում ԿԲ-ին։ ԿԲ-ն անվեհեր հայտարարում է 3 տոկոսանոց գնաճ 2006-ի համար, եւ վերջ։ Վերջ նախորդ տարիների փորձին, որովհետեւ «ՀՀ ԿԲ-ն 2006թ. անցնելու է միջազգային պրակտիկայում լայն տարածում ստացած գնաճի նպատակադրման ռազմավարությանը»։ Նպատակադրված գնաճի քաղաքականությունը համաշխարհային տնտեսությունում նոր երեւույթ է։ Ընդունված է համարել, որ այն կիրառվում է 1990-ից։ Շատ ընդհանուր ու շատ պարզ ասած` դա պետությանը հնարավորություն է տալիս հնարավորինս հարթեցնել գների տատանումը։ Իսկապես բազմաթիվ երկրներ են այս քաղաքականությանը կիրառում։ Բայց, որպես կանոն, հզոր տնտեսություն ունեցող երկրները` Եվրամիության անդամները, ԱՄՆ-ը եւ այլք։ Ոչ պակաս հզոր տնտեսություն ունեցող Ճապոնիան, օրինակ, հայտարարել է, որ կիրառելու է այդ քաղաքականությունը։ Հնարավոր կիրառման մասին հայտարարել են Ռուսաստանը, Թուրքիան եւ այլն։ Մոտ 10 տարի է` այս երկրները չեն հանդգնում, իսկ մեր խիզախ ԿԲ-ն վերցրեց ու հայտարարեց 2006-ի դրամավարկային քաղաքականության մեխ։ Թե ինչո՞ւ, հնարավոր է` երբեք չպարզվի, իսկ ի՞նչ հետեւանքներ կունենա` պարզ կդառնա առաջիկա 1-2 տարում։
Ընդհանրապես, չի կարելի ասել, թե ԿԲ-ի հրապարակած «Ծրագիրն» արժանի է ընթեցանության` որպես «սեզոնի թրիլլեր»։ Բայց արկածային զգայացունց տարրեր կան։ «Ծրագիրը», որ տպագրվել է 2006թ. փետրվարի 3-ի հանրապետական մամուլում, 2005-ի տարեվերջի մասին խոսում է կանխատեսումով. «2005թ. հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 0,5% գնանկում, իսկ տարվա վերջին ակնկալվող գնաճի ցուցանիշը կլինի ծրագրայինի միջակայքում շուրջ 0,5%»։ ԿԲ-ն չի հոգնում ամեն տարի հայտարարել, որ «չի իրականացնելու փոխարժեքի կանխատեսումներ» եւ «չի իրականացնելու նաեւ տոկոսադրույքների կանխատեսումներ»։ Իսկապես չի իրականացնում` բայց բարձրացնում է։ Անցած շաբաթվա տնտեսական մյուս անակնկալի հեղինակը եւս ԿԲ-ն էր։ Նա բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Սա առայժմ կարելի է որակել որպես գնաճի նպատակադրված քաղաքականության դրսեւորում։ Հայաստանում փողի գնի բարձրացումը սովորական տնտեսական բացատրություն կարծես չունի։ Վերջին տարիներին Հայաստանի ֆինանսական շուկան փողի պակաս չի զգում։ Տնտեսության բոլոր ոլորտները բողոքում էին փողի բարձր գնից։ Ի վերջո, վարկերի տրամադրման տոկոսը դանդաղ, բայց կայուն միտումով նվազում էր, վարկերի տրամադրման նոր ոլորտներ էին ձեւավորվում։ Եվ հանկարծ այս ամենին հակառակ` ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 3,5%-ից դարձրեց 4%։ ԿԲ-ի այս քայլի կողմնակիցները պնդում են, որ դա կատարվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի սպասումով։ Ակնկալվող դրամաշնորհի ծավալներն, իբր, մեր տնտեսությունը մարսել չի կարող։ Չնայած կան այլ կարծիքներ եւս, որ նույնպես կապված են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ։ Փորձագետներից ոմանք կարծում են, որ բարձր տոկոսադրույքի դեպքում ֆինանսական սպեկուլյացիաներն ավելի եկամտաբեր են։