«Քրեական գործը խեղկատակություն է»,- ասում է «Ռոյալ Արմենիայի» իրավաբանը

10/02/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Ռոյալ Արմենիա» ընկերության եւ ՀՀ ԿԱ Մաքսային պետական ծառայության (ՄՊԿ) միջեւ դեռեւս անցյալ տարվանից սկիզբ առած հակամարտությունը հունվարի 11-ին ավարտվեց։ «168 Ժամն» այդ թեմային անդրադարձել է։ Եթե հիշում եք, Տնտեսական դատարանը՝ դատավոր Ե. Խունդկարյանի նախագահությամբ, մերժեց ընկերության հայցը՝ կապված ՄՊԿ-ի կողմից սահմանված մաքսային արժեքներն անվավեր ճանաչելու պահանջի հետ։ Դատավճռի ընթերցումից հետո «Ռոյալ Արմենիայի» փաստաբանը՝ պրն Գեւորգ Մինասյանը, հավաստիացրեց, որ ամեն ինչ սրանով չի ավարտվում, վճիռը պատրաստվում են բողոքարկել վճռաբեկ դատարանում։ Բացի այդ, ընկերությունը պատրաստվում է նոր հայցերով դիմել դատարան։ Այս, ինչպես նաեւ` զուգահեռ ընթացող քրեական գործի ընթացքի մասին զրուցեցինք «Ռոյալ Արմենիայի» փաստաբան Գ. Մինասյանի հետ։

– Տնտեսական դատարանի վճիռը մենք բողոքարկել ենք վճռաբեկ դատարանում։ Նույն հիմքերով դատական հայցեր ներկայացնելու մտադրությունից դեռ չենք հրաժարվել։ Հիշեցնեմ, որ այդ դատական գործընթացներով մենք ունենք մեկ գլխավոր նպատակ՝ ցույց տալ մաքսային մարմիններում տիրող ապօրինությունները եւ, մասնավորապես, «Ռոյալ Արմենիայի» նկատմամբ կատարվող անօրինականությունները։

– Իսկ հույսեր կա՞ն, որ վճռաբեկն ավելի օբյեկտիվ կգտնվի, քան Տնտեսական դատարանը։

– Ես ենթադրում եմ, որ Ե. Խունդկարյանը, որը կարծես թե «կցված» է «Ռոյալ-Արմենիայի» գործերը քննելու համար, անաչառ չի։ Մենք ներկայացրել էինք բացարկ, սակայն բացարկը ձեւական պատճառաբանություններով չէր ընդունվել։ Պրն Խունդկարյանի նախկինում կայացրած վճիռներից կարելի է եզրակացնել, որ նա միանշանակ ունի կողմնակալ վերաբերմունք դեպի ՄՊԿ-ն։

– Անձի՞ խնդիր է, թե՞ համակարգային։ Եթե լիներ մեկ այլ դատավոր, արդյո՞ք գործն այլ ընթացք կստանար։

– Ես չեմ ասում, որ դատական համակարգին շատ լավ ծանոթ եմ, բայց իմ տպավորությունը հետեւյալն է. դատական համակարգում հնարավոր է շատ ավելի օբյեկտիվ վճիռներ կայացնել։ Ընդ որում, 1 տարի առաջ ես սա ասում էի ավելի մեծ համոզվածությամբ, սակայն այժմ ամեն ինչ գնալով վատանում է։ Ինչ վերաբերում է դատավորներին, նրանք էլ մեր հասարակության մարդիկ են, որտեղ կարելի է տեսնել եւ՛ ստահակների, եւ՛ պարկեշտ, եւ՛ կամային հատկություններով ուժեղ, եւ՛ կամազուրկ մարդկանց։ Դատարաններում նույնպես այսպիսի մթնոլորտ է ձեւավորված։ Արժեքների անկման պայմաններում, այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր արդարադատության համար կարող են կռիվ տալ։ Սակայն սրանց կողքին կան մարդիկ, ովքեր ծառայամիտ են, դիմադրելու եւ օրենքը պաշտպանելու ձգտումներ չունեն, կաշառակեր են։ Այնպես որ, խնդիրը ոչ թե միայն պրն Խունդկարյանի, այլ ընդհանուր համակարգի մեջ է։

– Իսկ ի՞նչ կասեիք քրեական գործի հետ կապված։

– Քրեական գործը հարուցվել է 2005թ. մարտի 10-ին։ Կալանավորումներից անցել է արդեն 4 ամիս։ Սկզբում կալանավորումը եղավ 2 ամսով, երբ այդ 2 ամիսը լրացավ, նախաքննության մարմինը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ ժամկետը երկարացնելու համար։ Հիմնավորում էին, որ իրենց ժամանակ է պետք ընկերության ողջ հաշվապահությունը ստուգելու համար։ Ժամկետը երկարացվեց եւս 2 ամսով, սակայն ոչինչ չի փոխվել՝ էլի նույն վիճակն է։ 3-4 ամիս առաջ հայտարարված ստուգումները սկսվել են ընդամենը 3-4 օր առաջ։ Փետրվարի 11-ին ժամկետը լրանում է, եւ նորից դիմելու են, որպեսզի ժամկետը երկարացնեն։ Եվս մի հետաքրքիր փաստ. շատ հետեւողականորեն հետաքրքրվում են «Ռոյալ-Արմենիայի» նախկինում ծավալած գործունեությամբ, ընդհուպ` 1997-1998-ից սկսած։ Դա աբսուրդ է։ Հասկանում են, որ իրենց մեղադրանքները «չեն ուտվում», եւ հիմա «Ռոյալ Արմենիայի» ստեղծման օրվանից քրքրում են, որ «կեղտ գտնեն»։

– Վերջերս մամուլում հրապարակում հայտնվեց, որ գործով զբաղվող քննիչը մեկնել է Վիետնամ՝ որոշ հանգամանքներ պարզելու համար։

– Ճիշտ է, քննիչը գործուղման է մեկնել գործով տուժողի միջոցների հաշվին։ Գործուղումը տեւել է 10-ից ավելի օր, եւ, իմ իմանալով, բավականին լավ ժամանակ է անցկացրել։ Այնտեղից ոչինչ չէին կարող բերել, քանի որ մենք երբեւէ Վիետնամ չենք գնացել։ Միայն մեկ «փաստարկ» են ներկայացրել, որտեղ երկու հաշիվ-ապրանքագրերի լուսապատճենների վրա կնիքների տեղերն իրարից տարբերվում են։ Սակայն դա փաստարկ չէ, քանի որ մենք մատակարարներից միշտ խնդրել ենք հաշիվ-ապրանքագրերի երկու օրինակ։ Իսկ տարբեր օրինակների վրա շատ դժվար է ձեռքով կնիքը դնել այնպես, որ միլիմետրերի տարբերություն չլինի, առավել եւս, որ դրա անհրաժեշտությունը չկա։

Ես նաեւ ուզում եմ հարց ուղղել նախաքննության մարմնին։ Ես՝ Գեւորգ Մինասյանս, ակտիվ մասնակցություն եմ ունեցել «Ռոյալ-Արմենիա» – «Ֆեդերալ ինվեստ գրուպ» գործարար հարաբերություններին, ընդ որում, գործով անցնող պայմանագրերից մեկը ստորագրվել է իմ ներկայությամբ։ Մինչեւ այսօր ինչո՞ւ ինձ չեն քննել որպես վկա։ Թեեւ նշեմ, որ երեք անգամ հրավիրվել եմ Ազգային անվտանգության ծառայություն՝ «կիսա-ախպերական» զրույցի, որ իրար հասկանանք, որ ապացուցեն՝ իրենք լավ մարդիկ են։ Ինձ չեն հարցաքննել, սակայն ժամանակը կգա՝ ես իմ ասելիքը կասեմ։

– Դուք անցյալ տարի բաց նամակով դիմել էիք ՀՀ նախագահին եւ մի շարք այլ բարձրաստիճան անձանց։ Որեւէ արձագանք ստացե՞լ եք։

– Ցավոք, ոչ։ Ասեմ, որ դա հանրապետության նախագահին ուղղված միակ նամակը չէր, դրանից առաջ մենք էլի նամակ էինք գրել։ ԱՄՆ դեսպանից պատասխան չէինք ակնկալում, քանի որ գրել էինք ի գիտություն։ Արձագանք չի եղել նաեւ Ազգային անվտանգության ծառայությունից, որին նույնպես հասցեագրել էինք այդ նամակը։ Ցավալի է, բայց փաստ՝ անգամ ձեւական արձագանք չի եղել։

– Եվ վերջում` թեմայից դուրս մի հարց։ Հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Իմ իրավունքը» հաղորդման հովանավորներից մեկն էլ ձեր ընկերությունն է։ Արդյոք որեւէ թաքնված ասելիք կա՞՝ հաշվի առնելով ձեր մասնակցությամբ դատական գործընթացները։

– Ոչ, պարզապես գտել ենք, որ դա դիտվող հաղորդում է։ Տողատակում ոչինչ չկա։ Եվ քանի որ հաղորդումը նվիրված է տեղեկացվածության բարձրացմանը, հրապարակայնությանը, ասեմ հետեւյալը։ Ես մամուլին այդքան էլ չեմ հետեւում, սակայն մինչեւ վերջին ժամանակներս չէի մտածում, որ այս այլասերվածության պայմաններում մեր մամուլը կարող է այդքան ազդեցություն ունենալ՝ դրական առումով։ Թեեւ, ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք, սակայն հավատացնում եմ, որ մեր մի շարք հաղթանակներ ուղղակիորեն պայմանավորված են հրապարակայնությամբ։