«Ա1+»-ի փոխանցմամբ, մարզական մեկնաբան, «Ֆուտբոլ+» թերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը հերքել է, թե ինքը պատերազմի մարտահրավեր է նետել Ռուբեն Հայրապետյանին` նրան մեղադրելով իր ավտոմեքենայի հրկիզման մեջ: Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան 21:00-ի սահմաններում հրկիզվել էր Սուրեն Բաղդասարյանի 90 US 990 պետհամարանիշի «Toyota Prado» ավտոմեքենան, որը գտնվել է «Ֆուտբոլ+» թերթի խմբագրության մոտ գտնվող «555» բենզալցակայանից ոչ հեռու: Այրվել է մեքենայի սրահի մի մասը: Հրդեհը մարվել է առանց հրշեջների միջամտության: Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, որ մարզական մեկնաբանը դրանում կասկածել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին` ասելով, թե նման կերպ Ռ. Հայրապետյանը «փորձել էր վախեցնել իրեն»: Ս. Բաղդասարյանն «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրել է, թե լրատվամիջոցները սխալ տեղեկություններ են տարածել՝ փորձելով ավելի խորացնել իր եւ Ռուբեն Հայրապետյանի միջեւ եղած տարաձայնությունները. «Ես կատարվածից անմիջապես հետո որոշ բաներ ասել եմ, սակայն դա պետք չէր ուռճացնել եւ ավելի խորացնել կոնֆլիկտը: Առայժմ զերծ եմ մնում որեւէ մեկնաբանությունից, քանի որ ընթանում է հետաքննություն»,- ասել է «Ֆուտբոլ+»-ի հիմնադիրը:
Չնայած այս պարզաբանումներին, երեկ ՀՖՖ նախագահը հայտարարություն է տարածել, որտեղ պաշտոնապես ասվում է. «ՀՖՖ գործադիր կոմիտեի նախկին անդամ Սուրեն Բաղդասարյանին, անկախ այն հանգամանքից, որ նրա կողմից վերջերս իմ հասցեին հրապարակայնորեն հնչում էին ստորագույն մեղադրանքներ, իմ անձը վիրավորող զրպարտիչ հայտարարություններ, ինձ վերագրվող ակնհայտ սադրիչ արտահայտությունների միջոցով փորձ էր արվում իմ դեմ տրամադրել զանգվածային լրատվամիջոցները եւ ի դեմս նրանց` հասարակական կարծիքը, ես դրանց նույնպես չէի անդրադառնում, այս անգամ այն պատճառով, որ բոլորին է հայտնի այդ անձնավորության բնույթը: Բայց քանի որ երեկ տեղի ունեցած անթույլատրելի միջադեպի կապակցությամբ Սուրեն Բաղդասարյանը կրկին ուղղակի մեղադրել է ինձ` այս անգամ ծանր հանցագործություն կատարելու մեջ, եւ հրապարակային հայտարարել, որ իր ավտոմեքենայի հրկիզման փորձը կազմակերպվել է իմ կողմից, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր եւեթ դիմում եմ ՀՀ Գլխավոր դատախազությանը` պատասխանատվության կանչելու Սուրեն Բաղդասարյանին` ինձ ակնհայտ անհիմն զրպարտելու, ծանր հանցագործության մեջ մեղադրելու, իմ արժանապատվությունը վիրավորելու համար: Հայտարարում եմ նաեւ, որ հետամուտ եմ լինելու, որպեսզի այդ գործընթացը լինի բաց եւ հրապարակային»:
Սեփ. լր.