Իրենց տեսակետներով հանդես եկան Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ԵՄ-ում Նորվեգիայի ներկայացուցչության իրավական եւ ներքին գործերի հարցերով խորհրդական Տոնյե Մինիխը: Ա. Մելիքյանը հարկ համարեց արձանագրել, որ 2003թ. ընդունված օրենքը համապատասխանում է միջազգային չափանիշներին, սակայն կան որոշակի հարցեր, որոնք վերանայման կամ բարեփոխման կարիք ունեն: Ըստ պրն Մելիքյանի` շատ կարեւոր է ծանոթանալ, թե մասնավորապես տեղեկատվության ազատության կարգավորման ոլորտում Եվրոպայի խորհուրդն ինչպիսի չափանիշներ է սահմանել: Այդ առիթով էլ քննարկմանը հրավիրվել են եվրոպացի փորձագետներ: ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի կարծիքով՝ նման միջոցառումների կազմակերպումը յուրօրինակ զսպաշապիկ է հագցնում իշխանավորներին, հիշեցնում, որ կան թեմաներ, որոնցով նրանք պետք է լրջորեն զբաղվեն: Սահմանադրական փոփոխություններով ավելացված 27.1 հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է պահանջված տեղեկատվությունը ժամանակին տրամադրել ցանկացած քաղաքացու: Տիկին Հակոբյանը գտնում է, որ դա կարեւորագույն նորմ է. «Օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու լույսի տակ այս խնդիրը եւս նայենք. տեղեկատվության ազատության մասին օրենքում ի՞նչն է պակաս, ինչքանո՞վ է համապատասխանում Սահմանադրությանը, եւ ի՞նչ փոփոխություններ պետք է լինեն,- նշեց նա: -Երկու տարի գործողության մեջ գտնվող օրենքում, կարծում եմ, կան որոշակի կարգեր, մեխանիզմներ, որոնք վերջնականորեն մշակված չեն եւ չեն գործում: Մենք այս հարցին պետք է ուշադրություն դարձնենք, որովհետեւ այդ մեխանիզմները պետք է նպաստեն օրենքը կյանքի կոչելուն»: Տիկին Հակոբյանը ցանկություն հայտնեց քաղծառայության համապատասխան կառույցին առաջարկել, որ այն ստուգման մեխանիզմներում, որոնց միջոցով պետական պաշտոնյա է ընտրվում, տեղ գտնեն տեղեկատվության ազատության մասին հարցադրումներ: Ասել է թե՝ պաշտոնյան պետք է տեղյակ լինի, եթե դառնում է պետական պաշտոնյա, համապատասխան տեղեկատվություն տրամադրելու համար ի՞նչ պարտավորություն ունի հասարակության առաջ: Նրա գնահատմամբ՝ հաճախ պետական պաշտոնյաները չեն տրամադրում տեղեկատվություն եւ նույնիսկ չգիտեն, որ կարող են ոչ միայն վարչական, այլ քրեական պատասխանատվության ենթարկվել տեղեկատվություն չտալու կամ այն խեղաթյուրելու համար: Քաղծառայողները որոշ ժամկետներում վերապատրաստում են անցնում, որն իրականացնում են Կառավարման ակադեմիան եւ բուհական կառույցները. «Ես գտնում եմ, որ այդ վերապատրաստման ծրագրերում անպայման պետք է անդրադարձ կատարվի տեղեկատվության ազատության օրենքին, որպեսզի պաշտոնյաներն իրազեկ լինեն օրենքից, քանի որ անտեղյակությունը նրանց չի ազատում պատասխանատվությունից»,- ասում է տիկին Հակոբյանը: Որքան էլ փորձ արվեց իրավական գիտակցությունը, մշակույթը բարձրացնելու առաքելությունը դնել պետական պաշտոնյաների վրա, այդուհանդերձ, տիկին Հակոբյանը գտնում է, որ լրատվության զենքն ամենամեծն է: Ճիշտ է, վերջինս խորհուրդ է տալիս պետական պաշտոնյաներից խստորեն պահանջել տեղեկատվություն, սակայն միեւնույն ժամանակ լրագրողներից նույնպես ակնկալում է պատասխանատվություն, սկզբունքայնություն եւ օբյեկտիվություն: ԵՄ-ում Նորվեգիայի ներկայացուցչության իրավական եւ ներքին գործերի հարցերով խորհրդական Տոնյե Մինիխն` անդրադառնալով տեղեկատվության ազատության օրենսդրական կարգավորման Եվրոպայի խորհրդի չափանիշներին, նշեց, որ դրանք ստեղծվել են Եվրախորհրդի փորձագիտական խմբերում եւ հաստատվել են բոլոր կառավարությունների կողմից: Որոշ երկրներում կառավարությունները պարտավոր են որոշակի տեղեկատվություն հրապարակել ինքնուրույն, առանց խնդրանքի: Բոլոր փաստաթղթերը պետք է մատչելի եւ հրապարակային լինեն հանրության համար, թափանցիկությունը պետք է ընդունված լինի որպես նորմ, բացառությամբ որոշ սահմանափակումների: Տիկին Մինիխի հավաստմամբ՝ սահմանափակումները վերաբերում են ազգային անվտանգությանը, քրեական գործերի հետաքննությանը վերաբերող տեղեկատվություններին, կոմերցիոն շահերին, սակայն այդ սահմանափակումները պետք է հստակ ամրագրված լինեն օրենքում: «Ցուցակը, որը նշված է առաջարկություններում, համապարփակ է, եւ դրանցից բացի այլ սահմանափակումներ չեն կարող լինել ինֆորմացիայի ազատության վերաբերյալ,- ասում է տիկին Մինիխը:- Տեղեկատվությունը պետք է գաղտնի պահվի, եթե պետական, անվտանգության շահերը վտանգվում են: Եվս մեկ սկզբունք կա. պետք է հաշվի առնվի հանրային հետաքրքրությունը: Կան տեղեկատվության որոշակի տեսակներ, որոնք կարող են որոշ չափով վնասել ազգային անվտանգությանը, բայց, եթե կա հասարակական մեծ հետաքրքրություն` պետք է գտնվի հավասարակշռությունը»: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկատվություն, հետեւաբար խտրականություն չպետք է դրվի մարդկանց պաշտոնի կամ զբաղեցրած դիրքի միջեւ: «Մեր երկրում այս իրավունքից 90%-ով օգտվում են լրագրողները, ինչպես նաեւ` իրավաբանները կամ անհատ քաղաքացիները, ովքեր հետաքրքրված են այս կամ այն հարցով: Կառավարությունը չպետք է պահանջի, թե ի՞նչ պատճառով են ուզում ստանալ այդ տեղեկատվությունը: Եթե տեղեկատվությունը հանրային փաստաթղթի մեջ է, ապա դա պետք է մատչելի լինի` անկախ նրանից, թե ինֆորմացիա պահանջողի շահերը լեգիտի՞մ են, թե՞ ոչ»,- վստահեցնում է փորձագետը: Թե՛ քաղաքական եւ թե՛ քաղաքացիական ծառայողները պարտավոր են տրամադրել պատշաճ տեղեկատվություն: Ի դեպ, նա կարեւորեց նաեւ Եվրոպայում ընդունված սկզբունքներից մեկը. այն է՝ տեղեկատվությունն ապահովել հնարավորինս արագ: Թեեւ հստակ ժամանակացույց նշված չէ, այնուամենայնիվ, տիկին Մինիխը վկայեց, որ լրագրողին 1 ամիս ուշացումով տրամադրված տեղեկատվությունն արդեն պետք չէ: