«Սասունցի Դավիթ» կայարանի մերձակայքը հսկող ոստիկանը զարմացած է: Ասում է, որ բոմժերը շատացել են, ու մեկ էլ տեսնում ես` լուսաբացին նրանցից մեկն ուշագնաց վիճակում թաղված է ձյան մեջ: Գիշերն ավարտվում է, ու տեղացող ձյան տակ, կիսախավարի մեջ հայտնվում են անկենդան մարդիկ:
«Շտապօգնություն ենք կանչում, պատահում է, որ ուշ է լինում, մեռած ենք գտնում, բայց պատահում է՝ բժիշկները հետ են բերում: Ես զարմացած եմ, տարիներ առաջ Սովետական Միության մեջ Հայաստանը միակ երկիրն էր, որտեղ սթափարան հասկացողություն չկար, այսինքն՝ կար, բայց կոնտինգենտ չկար: Հիմա շատ ահավոր ա: Էնքան մարդ են տանում սթափարան, որ շշմում ես»: Ոստիկանն ասում է, որ Կայարանի բոմժերից շատերին տանում են 4-րդ գյուղի թիվ 1 ինտերնատ, որպեսզի չցրտահարվեն, սակայն շատերը դեռ փողոցներում են ապրում: Եվ իրոք, շատերը դեռ փողոցում են, ու այդ շատերից մեկն էլ Գոհար Ղազարյանն է, որն ապրում է կայարանի կիսակառույց հյուրանոցի պատերի ներսում, ուր դրսից էլ ցուրտ է, քանի որ պատուհաններ եւ դռներ չկան, ու սառը քամի է խաղում: 48-ամյա Գոհարը երկրորդ ձմեռն է անցկացնում դրսում: Ապրում է Սեւուկի, Գնչուի, Բոյի, Չալոյի, Չոմբոյի, Սպիտակ պոչի, Ստեփանի հետ, սակայն նրանցից միայն Ստեփանն է մարդ, մնացածը շներ են: Գոհարի ամուսինը մահացել է, մեկ տղա ունի, նախկինում ապրել են Էրեբունի համայնքում: 2 տարի առաջ բնակարանը վաճառել է, տղայի հետ վարձով է ապրել, սակայն հետագայում գումար չունենալու պատճառով հայտնվել է փողոցում: «Հավաքարարություն էի անում խանութներում, ապրում էինք էլի: Հիմա գործ չունեմ, ապրանք՝ քըրջ եմ վաճառում»,- պատմում է Գոհարը: Մարդիկ, ովքեր դեն գցելու հագուստ ունեն` տալիս են այս կնոջը, նա էլ վաճառում է: Գոհարն ասում է, որ Ստեփանը Գառնիում տուն ունի, սակայն հանուն Գոհարի հյուրանոցում է ապրում: Հարցնում եմ՝ «Ընկե՞րդ է», ասում է՝ «Համարյա, իմ հետ ա մնում, որ ինձ չկպնեն»: Գոհարի տղան Նոյեմբերյանում ծառայում է, չգիտի, որ մայրը բոմժ է դարձել, քանի որ մինչեւ բանակ գնալը վարձով են ապրել: Գոհարը վախենում է տղայի համար, ասում է, որ իրեն հեռուստատեսությամբ ցույց են տվել եւ, եթե տղան տեսած լինի… «Ամբողջ Հայաստանը հեռոււստացույց ա նայում, ինքն էլ երեւի կտեսնի, բայց եթե տեսնի` շատ վատ կզգա»: Ծառայության ընթացքում տղային չի տեսակցել, նամակագրական կապ էլ չունի, հացի փող չունի, էլ ուր մնաց նամակի մասին մտածի: Շիշ, մետաղ հավաքելով մի քիչ գումար է վաստակում, կամ, եթե հաջողվում է, քըրջուփալաս է վաճառում ու կարողանում է սնվել: Պատահում է, որ մարդիկ խղճում, ուտելու բան են տալիս: Գոհարի հարեւան բոմժերից երկուսին տարել են 4-րդ գյուղի ինտերնատ, ինքը չի ցանկանում գնալ, ասում է՝ միեւնույն է, մի գեղեցիկ օր մեռնելու է: Անցյալ ձմեռ Գոհարի աչքի առաջ 3-4 բոմժ մահացել են: Ասում է՝ «Ժամանակավոր գնամ, որ ի՞նչ, չցրտահարվե՞մ, հետո էլի նույն ձեւո՞վ ապրեմ, բայց մեկ ա, մի օր էլ ես եմ մեռնելու, չէ՞: Էսօր, վաղը, ի՞նչ տարբերություն»: Գոհարից ալկոհոլի հոտ է բուրում, դեմքն այտուցված է: Ասում է, եթե խմիչք չօգտագործի` ցրտին չի դիմանա: «Առավոտը մի բաժակ խմում ենք, հետո ցերեկն էլ մի բաժակ, իրիկունն էլ էլի խմում ենք: Չի լինի չխմել, որ չխմեմ, վաղը կգաս դիակս կտեսնես»: Դրսից ծառի ճյուղեր է հավաքում ու այնտեղ, որտեղ ապրում է, օջախ է վառում, մի քիչ տաքանում է ու մտնում անկողին, որը ցեմենտի վրա դրված մրոտ կտորներն ու քըրջերն են: Ասում է՝ «Դե՛, քնելն էլ ի՞նչ քնել, ոնց որ ուժըս կինոյի դերասան ըլնեմ: Նենց մութ ա, որ ֆանարով էլ չես կարա դիմացինիդ տեսնես: Մի հատ չխկոց ա գալիս` գնում եմ էն աշխարհ, հետ եմ գալիս: Հենց ձեն ա գալիս, յոթը շներս վայնասուն են կապում»: Գոհարն ասում է, որ կիսաքանդ հյուրանոցի մթությունից անգամ ոստիկաններն են վախենում. «Որ հերթապահ միլիցեքը գալիս են, չէ՞, մի հոգով ռիսկ չեն անում գան, մի 5-6 հոգով են գալիս ու ամեն մեկի ձեռին մի բատարեյկա կա: Իրանք էլ են ստեղից վախում»: Գոհարը հարազատներ ունի, սակայն նրանք չգիտեն նրա բնակության վայրի մասին: Նա առանձնապես չի ցանկանում հիշել հարազատներին, չարացած է նրանց հանդեպ: «Հեռուստատեսությամբ ցույց են տվել, երեւի մի օր խիղճները կբռնի, կգան, կգտնեն: Ես ինձ թույլ չեմ տա իրանցից օգնություն խնդրել»: Հյուրանոցի հարեւանությամբ գտնվող մարդիկ լավ են ճանաչում Գոհարին: Ասում են, որ նրան համոզում են գնալ ինտերնատ, սակայն անօգուտ: Նրանք կարծում են, որ Գոհարը չի համաձայնում գնալ, որովհետեւ ինտերնատում ալկոհոլ օգտագործել չի կարելի, իսկ նա հարբեցող է, չի կարող չխմել: Ասում են, որ լավ է` գոնե Ստեփանը նրա հետ է գիշերում, մեջք մեջքի են տալիս, տաքանում են, այլապես Գոհարը չէր դիմանա ցրտին: