Անօթեւան բարեգործը

10/02/2006 Արփի ՄԱՂԱՔՅԱՆ

Երեւանցիներից շատերը կհիշեն երիտասարդ տղային, որը թափառում էր քաղաքի փողոցներում՝ խաղալիք ատրճանակով կրակելով անցորդների վրա։ Երբեմն նրան կարելի էր հանդիպել որեւէ շուկայում` հում բադրիջան ուտելու իր ունակությունը փողով ցուցադրելիս։

Այդ երիտասարդը Աշոտ Գրիգորյանն է` ծնված 1981 թվականին, որին հենց ծննդատնից Գավառի մանկատուն են տեղափոխել։ Երեք տարեկանը լրանալուն պես տեղափոխել են Մեղրիի մանկատուն։ Երբ սկսվել է Արցախյան ազատամարտը, երեխաներին Մեղրիից շտապ Երեւան են բերել` բաժանելով տարբեր մանկատների եւ գիշերօթիկների։ Աշոտի համար ազատ տեղ է գտնվել Նուբարաշենի թիվ 11 թերզարգացած երեխաների գիշերօթիկ դպրոցում։ Աշոտը պատմում է, որ 6 տարեկանում 3-րդ հարկից գլխիվայր ցած է թռել. «Բոլորի մոտ հարազատներ էին գալիս, իսկ ես ոչ ոք չունեի…»։ Այս մտքից տանջվելով` ինքնասպանության փորձ է արել, ինչի արդյունքում կոտրվել են ձեռքերն ու աչքն է շեղվել։

Լուսատու ես խավարում,
Ջերմ արեգակ իմ հոգում,
Բուրմունք հազար մի ծաղկի,
Բարի ընկեր, սեր կյանքի։
Սակայն չկաս իմ անգին,
Մայրիկ բարի, թանկագին,
Ինձ թողնելով խավարում
Դարձրիր անտուն, արնախում։
(Հատված Աշոտի «Մայրիկիս» բանաստեղծությունից)։

1996 թվականին ավարտելով դպրոցը` Աշոտը հայտնվում է փողոցում: Հինգ տարի նա քնել է բաց երկնքի տակ։ Հպարտությամբ, բայց եւ մեծ թախիծով է հիշում այդ օրերը։ «Գժություն էի անում, որ սովից չմեռնեի»։ Ուրախությամբ նշում է, որ փողոցում «աշխատելուց» հետո այդ փողով Պարոնյանի անվ. թատրոնի տոմս էր գնում. «Թատրոնում ցրվում ես աշխարհից, կյանքից, մտածմունքներից»։ Թատրոնի շենքից դուրս գալով` Աշոտը գնում էր քնելու վայր գտնելու։ «Լյուկերում եմ քնել, Նուբարաշենի կամրջի տակ, տանիքներում»,- պատմում է նա։ Բացատրում է, որ շենքի մուտքում քնել չի կարելի, բնակիչներին, որոնք ուշ են տուն վերադառնում, կվախեցնես։ Պատմում է, թե ինչպես է սրթսրթացել ցուրտ գիշերներին` հպարտությամբ ավելացնելով, որ երբեք ալկոհոլ չի օգտագործել։ Ներքաշվել է եհովականների աղանդի մեջ, ասում է, որ Եհովայի վկաները առաջին հայացքից դուր եկան, որովհետեւ հարցնում էին` ինչի՞ կարիք ունես, ինչպե՞ս ես, հարցեր, որ տարիներ շարունակ Աշոտին ոչ ոք չէր տվել։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցի, որի հավատացյալն է այսօր Աշոտը, առաջին անգամ մտել է Ճրագալույցի պատարագին. «Քայլում էի Կոնդում, քնելու տեղ փնտրում, հանկարծ գեղեցիկ երաժշտություն լսեցի»։ Պատարագից հետո մարդիկ այրվող մոմեր էին տուն տանում, Աշոտն էլ է մոմ վերցրել ու դուրս եկել, որ մարդիկ կարծեն, թե ինքն էլ տուն ունի. «Այդ օրը Վարդմարի խանութի շենքի կտուրում քնեցի»,- հիշում է նա։ Աշոտը փողոցում բոլորեց իր 21 տարին։ Մի երջանիկ օր ծանոթացավ Տեր Գրիգորի հետ, եւ այս հանդիպումը մեծ դեր խաղաց Աշոտի կյանքում։ Տեր Գրիգորը «Ս. Սահակ-Մեսրոպ» կենտրոնի հիմնադիրներից է։ Այս կենտրոնն անապահով ընտանիքների երեխաների օժանդակությամբ է զբաղվում։ Կենտրոնն ունի հոգեբան, կրոնի ուսուցիչ, համակարգչային ուսուցման դասընթացներ, թատերական խմբակ, պակաս կարեւոր չէ նաեւ խոհանոցը, որտեղ խոհարարը ժպիտով տաք, համեղ կերակուր է առաջարկում, երբեմն նաեւ ստիպում՝ հաշվի առնելով երեխաների ամոթխածությունը։

Կենտրոնի հիմնադիրներից Վարդան Թովմասյանն Աշոտի մասին պատմում է. «Հետաքրքիր տղա է, գեղեցիկ բանաստեղծություններ է գրում։ Նրան մեր կենտրոն փողոցից ենք բերել։ Հետո փորձեցինք աշխատանք գտնել նրա համար, ուղղորդեցինք Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի»։ Աշոտը մասնակցել է Սուրբ Հովհաննես եկեղեցու վերակառուցմանը, ժամանակավորապես բնակվել է եկեղեցուն կից տնակում։ Ճակատագիրը նրան տարել է այն նույն եկեղեցին, ուր առաջին անգամ մտել ու մոմը ձեռքին հեռացել էր դեպի անհայտություն։ Վարդանն ապշած պատմում է. «Աշոտը հիմա բարեգործությամբ է զբաղվում։ Մեր կենտրոնի տասը ընտանիքների համար ձմռան վառելափայտ է բերել, եթե խնայողաբար օգտագործեն, երկու ամիս կվառեն։ Գավառի մանկատան համար բարեգործական ակցիա էինք կազմակերպել, Աշոտը տետր, գրիչ բերեց, Սուրբ Հովհաննես եկեղեցու վերակառուցման ժամանակ ցեմենտ էր բերում։ Չգիտեմ` որտեղից, մի բանում համոզված եմ` գողություն չի անում»։ Աշոտը կապեր ունի «Արարատ» հասարակական կազմակերպության հետ, որը բարեգործական նպատակներով ցեմենտ է տրամադրում։ Նա ցեմենտը տանում էր եկեղեցի, ապա եկեղեցու տեր հոր կողմից շնորհակալագիր ներկայացնում հասարակական կազմակերպությանը, որպեսզի թյուրիմացություններ չլինեն։ Ամանորին Ձմեռ պապի հանդերձանքով հայտնվում էր մանկատներում, ԹուՖենկյան կենտրոնում, «Օրրանում»՝ ուրախացնելով կարիքավոր երեխաներին։ Աշոտին հաճախ կարելի է տեսնել` ձեռքին տոպրակ, որի մեջ ուտելիք է, որ վերցնում է «Օրրանից» եւ բաժանում փողոցում հանդիպած սովյալ ծերերին։ «Մարդկանց թվում է, թե մենակ հարուստները կարող են բարեգործությամբ զբաղվել։ Շատ հարուստներ կան, որ հոգով են աղքատ»,- ասում է Աշոտը։

Հավատա կգամ ինձ հետ կբերեմ.
Կբերեմ հազար, հազար ու մի դեղ,
Հավատա կգամ ինձ հետ կբերեմ
Սիրո արահետ, արահետ անշեղ։
Հավատա կգամ եւ քեզ կնայեմ
Սիրո աչքերով թախծոտ ու անմեղ,
Հավատա կգամ եւ քեզ կնայեմ
Ինչպես բռնկված, բոցկլտուն կանթեղ։
(Հատված Աշոտի «Հավատ» բանաստեղծությունից)։

Աշոտն այսօր ժամանակավոր հանգրվանել է Շենգավիթի հանրակացարանում` մի ծանոթի սենյակում: Թե որքան ժամանակով` հայտնի չէ։ Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Շահենը զայրանում է, որ պետությունը հոգածություն չի ցուցաբերում մանկատունն ավարտածների նկատմամբ. «Մանկատունը դուրս է նետում 15-16 տարեկան երեխաներին … պոռնկություն, հաշիշ, գողություն, բանտ»։ Նրա կարծիքով` իշխանությունը պետք է մի օր կշտանար ու ասեր. «Եթե ժողովուրդը երջանիկ չէ, ես էլ երջանիկ չեմ»: Բայց այդպես չեղավ։ Աշոտի մասին տեր Շահենն ասում է. «Գենետիկորեն խելոք մարդ է, տաղանդավոր է, բանաստեղծի շնորհ ունի, սակայն կյանքը նրան շատ է ծեծել, եթե ուրիշ պայմաններում մեծանար, ամեն ինչ այլ կլիներ»։ Ուրախ է Աշոտի համար, որ փորձում է ճիշտ ուղու վրա կանգնել, բայց եւ թախիծով ավելացնում է. «Աշոտը հիվանդ է, նյարդայնանալիս ձեռքերն ուռչում են, դողում, դեղերի կարիք է ունենում, փորձում ենք օգնել, սակայն քանի դեռ թափառական է, ինքն իրեն չի կարող գտնել։ Պետական վերաբերմունք է պետք։ Պետք է պետական հոգածության ներքո լինի, թափառականի կարգավիճակով եթե շարունակի ապրել, կյանքը երկար չի տեւի…»։

www.hetq.am