Տարվա ընթացքում հիվանդանոցային բուժօգնություն է ստացել 13.072 քաղաքացի, որից 11.500-ը՝ պետպատվերի շրջանակներում։ Ամբուլատոր հաճախումների թիվը կազմել է 323 հազար։ Հանրապետությունում 2005թ. գրանցվել է 1952 ծնունդ։
Համաճարակային իրավիճակը հանրապետությունում հանգիստ է եղել, իրականացվել են բոլոր կանխարգելիչ պատվաստումները։ Ամբուլատոր՝ պոլիկլինիկական տվյալներով, առաջին անգամ 2005թ. գրանցվել է 90 տուբերկուլյոզի դեպք՝ նախորդ տարիների 52-56-ի փոխարեն։ «Սա անշուշտ, մտահոգիչ է, բայց պետք է ասել, որ այս աճը պայմանավորված է առաջին հայտնաբերվածությամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակը ձեռք է բերել թվային 4 շարժական ֆլյուորոգրաֆ, որոնց օժանդակությամբ հնարավոր է դարձել զննում կատարել նաեւ բնակչության շրջանում, մասնավորապես՝ Ստեփանակերտում եւ Մարտակերտում։ Եվ բնական է, որ յուրաքանչյուր նմանատիպ զանգվածային հետազոտությունից հետո աճ է գրանցվում։ Այս փուլից հետո, համոզված ենք, այդ թիվը կնվազի։ Շնորհիվ Նյու Յորքի բարերարների՝ շուտով կունենանք շարժական ֆլյուորոգրաֆ եւ կսկսենք բնակչության զննումը»,- մի հարցազրույցում նշել է առողջապահության նախարարը:
Ինչպես հայտնի է, Ստեփանակերտում կառուցվում է պոլիկլինիկայի նոր շենք, որի շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, թեեւ, ըստ ծրագրի, պետք է ավելի վաղ ավարտվեին: Այն նույնպես կառուցվում է բարեգործական ծրագրի շրջանակներում։ «Ինչո՞ւ է ուշանում պոլիկլինիկայի նոր շենքի շահագործումը» հարցին ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը պատասխանեց. «Օբյեկտիվ պատճառներով շենքի շահագործումն ուշանում է, բայց քանի որ ծրագիրն իրականացնողը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նյու Յորքի մասնաճյուղն է, ուստի մենք չենք կարող միջամտել։ Հույս ունեմ, մինչեւ ամառ կավարտվեն աշխատանքները, եւ նորամուտ կլինի»:
Արդեն երեք տարի է, շարունակվում են մանկական հիվանդանոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները, որն իրականացնում է «Աիդան՝ Հայաստանին» կազմակերպությունը։ Ներկայումս զգալի ծավալով աշխատանքներ են կատարվել. շենքն ապահովված է սեփական ջեռուցմամբ, ունի ժամանակակից հարմարություններով հիվանդասենյակներ եւ այլն: Միակ դժվարությունը կապված է կահավորման, սարքավորումների ապահովման հետ։ Զոյա Լազարյանի փաստմամբ, պետբյուջեի հաշվին կարողացել են ձեռք բերել միայն մեկ հարկի կահավորանք։ Մյուս երկու հարկերի համար ակնկալում են բարերարների օգնությունը։ Աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո կանցնեն շենքի մյուս կեսի վերանորոգմանը։
Այս տարի ոլորտում նախատեսվում են բազմաթիվ նորություններ` կապված ամբուլատոր ծառայությունների մատուցման, անվճար դեղամիջոցների տրամադրման հետ: Վերջերս հայտնի դարձավ, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ մեզ մոտ, ամբուլատոր ծառայությունն անվճար է լինելու։ «Պոլիկլինիկա հաճախող յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ բոլոր տեսակի խորհրդատվությունները բժշկի կողմից անվճար են։ Սակայն քաղաքացիները պետք է իմանան, որ այդ ամենն արվում է անվճար, եթե ունեն ուղեգիր՝ տեղամասային բժշկի կողմից»,- ասաց նախարարը:
Հայտնի է, որ Ղարաբաղի տարբեր գյուղական բնակավայրերում բազում խնդիրների շարքում առկա է նաեւ բուժկետերի բացակայության կամ ոչ լիարժեք գործունեության խնդիրը: Որոշ վերաբնակեցվող գյուղերում բնակիչների հետ զրույցից պարզվեց, որ բուժքույրերն ամեն օր չեն գալիս (լինում է շաբաթական մեկ, լավագույն դեպքում` երկու անգամ): Այդ գյուղերում կա նաեւ դեղամիջոցների պակաս:
ԼՂՀ առողջապահության նախարարի խոստովանությամբ, գյուղական բուժկետերը ոլորտի ամենաթույլ օղակն են։ Կապված մի շարք դժվարությունների հետ՝ առաջին բուժօգնությունը միշտ չէ հասանելի գյուղի բնակչին, որը ստիպված հասնում է մայրաքաղաք։ Զ. Լազարյանի խոսքերով, միայն մի քանի գյուղում ունեն բժիշկներ եւ նորմալ ամբուլատոր սպասարկում է իրականացվում։ Բայց տարվա ընթացքում տարբեր մասնագիտությունների բժիշկների ընդգրկմամբ խումբ էր ուղարկվում շրջաններ՝ բնակչության շրջանում զննում կատարելու։
Գյուղական բնակչության բուժսպասարկման բարելավման նպատակով այս տարի առաջին անգամ պետբյուջեով առանձին գումար է հատկացվել։ Բացի այդ, նախատեսվում է տարեկան երկու անգամ՝ պարտադիր կերպով, բժիշկների խումբ ուղարկել հանրապետության բնակավայրերը՝ բնակչության զննում իրականացնելու համար: Յուրաքանչյուր բնակավայր կունենա իր ժամկետացանկը, եւ բնակիչները նախօրոք տեղյակ կլինեն բժիշկների այցի մասին: