Կարելի Է վստահորեն ասել, որ Արցախի ազատագրված տարածքներում օտարերկրյա ռազմական ուժեր չեն տեղաբաշխվի անկախ նրանից, թե դրանք որ երկիրը կներկայացնեն՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Ռուսաստանը, ՈՒկրաինան կամ մեկ այլ երկիր։
Ազատագրված տարածքներում օտարերկրյա ռազմական ուժերի առկայության մասին խոսակցությունները եւ քննարկումներն առաջին հերթին եւ հիմնավորապես պայմանավորված են ԱՄՆ-ի կողմից «ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ» ծրագրի իրագործմամբ: Այդ ծրագրի իրագործմամբ էր առաջին հերթին պայմանավորված ամերիկա-բրիտանական զորքերի 2003 թվականին Իրաք ներխուժումը: Եթե հիշում եք, գլխավոր պատրվակն Իրաքի տարածքում զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) հայտնաբերումն էր: Իրականում Իրաքում նման զինատեսակ գոյություն չուներ, եւ դա քաջ հայտնի էր ամերիկացիներին եւ բրիտանացիներին: Իրաքի «դոսյեն» (զեկուցագիրը) չկեղծելու՝ իրականությունն ազնվորեն ներկայացնելու պատճառով էլ բրիտանական իշխանությունների կողմից սպանվեց բրիտանացի մասնագետ դոկտոր Կլարկը: Ինչեւէ, փաստերը շատ են, եւ թվարկելու փոխարեն նշենք միայն, որ Իրաքում իրականում գոյություն չունեցող ԶՈԶ չհայտնաբերելուց հետո ամերիկացիները հայտարարեցին, որ իրենց նպատակն Իրաքում «ժողովրդավարության հաստատումն» է, որի համար էլ այնտեղ են գտնվում կոալիցիոն ուժերը, որոնց 2005 թվականին միացավ նաեւ Հայաստանը (ժողովրդավարության հաստատման հայկական փորձն Իրաքում ներդնելու առաքելությամբ): Ակամայից մտաբերեցի մեզ՝ Խորհրդային բանակի զինվորներիս, ժամանակին Աֆղանստան ուղարկող զինվորական կոմիսարների բացատրությունները, որ մենք Աֆղանստան ենք մեկնում Ապրիլյան հեղափոխության նվաճումները պաշտպանելու համար: Ժամանակները փոխվում են, կեղծարարները՝ ոչ:
Իրաքում ժողովրդավարության հաստատման ճանապարհին՝ կոալիցիոն ուժերի կողմից ներխուժման օրվանից սկսած, ոչնչացվել է 170-180հզ. խաղաղ բնակիչ: Կոալիցիայի՝ «ժողովրդավարության պաշտպանների» կողմից զոհերի թիվը անցնում է 3000-ից: Միայն ԱՄՆ իշխանություններն Իրաքում «ժողովրդավարության հաստատման» համար արդեն ծախսել են մոտ 780մլրդ դոլար: Իրաքի ժողովրդավարացումն օրական ԱՄՆ-ի հարկատուների վրա նստում է 250 մլն դոլար:
Ավերվել է Իրաքի տնտեսությունը, իսկ ժողովրդավարացման գործընթացի օրվանից սկսած մինչ այսօր արտագաղթել է մոտ ութ միլիոն քաղաքացի: Երբեմնի 20 հազարանոց հայկական համայնքից մնացել է մոտ հինգ հազար հայ: Չծանրացնելով նյութը, փաստենք, որ այսօր Իրաքում վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում Սադամի կողմնակիցներն Իրաքի նորընտիր պառլամենտում ձայների թվով գտնվում են երկրորդ տեղում: Ի՞նչը փոխվեց….. Եվ դեռ ամերիկացիներն Իրաքում նոր նախագահի ընտրության փնտրտուքի առաջ են կանգնած այնպես, ինչպես հայաստանյան քաղաքական շատ ու շատ ուժեր, ֆինանսական օլիգարխներ, դիմադիր ու ընդդիմադիր խմբավորումները: Ինչպես տեսնում ենք, Իրաքն ու Հայաստանն ապրում են քաղաքական նույն կյանքով: Վերը նշվածից կարելի է անել միայն մեկ եզրակացություն. ամերիկացիներն Իրաքում «ժողովրդավարացման» չլուծված խնդիրներ ունեն, եւ մոտակա մեկուկես տարում դեռ զբաղվելու են Իրաքով: Այս ենթադրությունը մեզ համար հուսադրող է նրանով, որ ամերիկացիները մեր սահմանակից հարեւան պետության՝ Իրանի վրա չեն հարձակվի առաջիկայում, իսկ դա ենթադրում է, որ Արցախի ազատագրված տարածքներում ամերիկյան կամ այլ օտարերկրյա զինված, «խաղաղարար» ուժերի տեղաբաշխումը Սպիտակ տան օրակարգի հարց չէ առայժմ: Այնպես որ, Փարիզում փետրվարի 10-ի հանդիպման ժամանակ Հայաստանի նկատմամբ նման խնդրով պահանջի առաջարկն իրական չի լինի: Սակայն դա չի նշանակում, որ նման հարց այնտեղ չի քննարկվելու: Իրանը լիովին շրջափակելու համար ամերիկա-բրիտանական ուժերին անհրաժեշտ է նաեւ Իրանը կտրել, շրջափակել հյուսիսից՝ Կասպից ծովից մինչեւ Մեղրի ընկած ցամաքային գծով:
Իրանը Իրաք չէ, եւ Իրանի ռազմական պոտենցիալը չի զիջում եւ նույնիսկ գերազանցում է տարածաշրջանի ամենազորեղ (ցավոք, ոչ հայկական) թուրքական բանակի ներուժին: Զորօրինակ. Իրանի զինված ուժերի տրամադրության տակ ներկայումս առկա են գերժամանակակից՝ «ՁԿՀ-1Ծ», «ԼչսՈ», «ՂՈչՏՑ», «ԼրՍՈվՊպՐ – ն» զենիթահրթիռային կոմպլեքսներ, շուտով նաեւ` «հ – 300» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր: Իրանական բանակն իր տրամադրության տակ ունի «ղ – 55» (ամերիկյան «՛Tomahavg» տիպի հրթիռին չզիջող) տիպի բալիստիկ թեւավոր հրթիռներ: Իրանում զարգացած է սեփական ռազմական հրթիռների արտադրությունը եւ տեխնիկա-տեխնոլոգիական բազան: Իրանական «Շահաբ -3» տիպի հրթիռն ի վիճակի է ռազմական մարտագլխիկը հասցնել մոտ 3850կմ հեռավորության վրա: Իրանի զինված ուժերն իրենց տրամադրության տակ ունեն նաեւ «Կիլո» դասի սուզանավեր, որոնք ցանկացած պահի կարող են անակնկալ ձեւով հայտնվել Իսրայելի կամ ԱՄՆ-ի առափնյա տարածքներում: Իսկ որոշ փորձագետների պնդմամբ, Իրանը Պակիստանից ձեռք է բերել նաեւ «փոքր հզորության» միջուկային մարտագլխիկներ: Մենք հակված չենք այն մտքին, որ այդ մարտագլխիկներն ուղղվելու են Հայաստանի դեմ, քանզի հուսով ենք, որ Հայաստանը չի միանա ամերիկա-բրիտանական հնարավոր ագրեսիային Իրանի դեմ, այնպես` ինչպես Հայաստանը դա արեց Իրաքի նկատմամբ: Իրանից Հայաստան կառուցվող գազատարը այդ վստահության երաշխիքներից մեկն է լինելու: Գազատարն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար, քանի որ օրերս Վերին Լարսի մոտ Վրաստան եւ Հայաստան մտնող գազատարի պայթեցումը վերջինը չի լինի, եւ, կարծում եմ, դա տարածաշրջանում որոշ օտար ուժերի նոր խաղերի սկիզբն է: Իրականում այդ խաղերի արդյունքում Հայաստանը դառնալու է Իրանի կամ Թուրքիայի մասնաբաժինը: Եվ ոչ մի օլիգարխ էլ, իր սափրագլուխ կուսակցություններով հանդերձ, չի կարող փրկել մեզ. նրանք հազիվ իրենց փրկեն:
Ըստ իս, Իրանա-ամերիկյան հակամարտությունն առաջիկայում ռազմական գործողությունների չի վերածվի: Իրաքի նկատմամբ ամերիկյան քաղաքականության ձախողումից, պարտությունից հետո ԱՄՆ-ը կփոխի իր վերաբերմունքը տարածաշրջանի երկրների նկատմամբ, որն անպայման իր արտացոլումը կգտնի ԱՄՆ կառավարության կողմից այս տարի ընդունվելիք Ազգային անվտանգության նոր դոկտրինայում: ԱՄՆ-ը առայժմ ձեռնպահ կմնա Իրանի վրա հարձակումից: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը եւ Իրանը կկնքեն փոխադարձ համագործակցության նոր դաշինք, որով Իրանը կդառնա ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արեւելքում կարեւորագույն գործընկերը: Թերեւս դրանով է նաեւ պայմանավորված հայաստանյան գլխավոր մարշալի՝ Էվանսի «ադաբրյամսը» Իրան-Հայաստան կառուցվող գազատարի հարցում: