Վրաստանի ազգային անվտանգության թերությունները

10/02/2006 Ռիչարդ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Միջազգային կապերի ամերիկահայ մասնագետ Ռիչարդ Կիրակոսյանը Չեխիայի «Ազատություն» ռադիոկայանին է ներկայացրել իր վերլուծությունը՝ Մոզդոկ-Թբիլիսի գազամուղի պայթյունի եւ Վրաստանի քաղաքականության վերաբերյալ։ Այն թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Միլիոնավոր վրացիների համար նոր տարվա առաջին ամիսն ամենեւին էլ ուրախ չէր։ Վրաստանի բնակչությունը 2 շաբաթ ապրեց էներգետիկ ճգնաժամի մեջ՝ ռեկորդային ցուրտ ջերմաստիճանի եւ առատ ձյան պայմաններում։

Ճգնաժամի պատճառը Մոզդոկ-Թբիլիսի գազատարի պայթյունն էր, որի պատճառով դադարեց գազամատակարարումը դեպի Վրաստան եւ Հայաստան։ Մ. Սահակաշվիլին եւ Վրաստանի ԱԳՆ Գելա Բեժուաշվիլին պայթյունների համար մեղադրեցին Ռուսաստանին։ Ճգնաժամը գնալով էլ ավելի խորացավ, քանի որ շարքից դուրս էր եկել նաեւ Արեւելյան Վրաստանի բարձր լարման էլեկտրագիծը։

Կարճատեւ, սակայն, միեւնույն ժամանակ, խոր ճգնաժամը ցույց տվեց Վրաստանի հիմնավոր խոցելիությունը, հատկապես Ռուսաստանի ճնշման եւ սպառնալիքների առումով։ Այն նաեւ Վրաստանի էներգետիկ անվտանգության հետ կապված հրատապ հարցեր առաջ բերեց։ Թեեւ բնական գազի հարցում Վրաստանի դեպքն ինչ-որ չափով մնաց ռուս-ուկրաինական հակամարտության ստվերում, սակայն վրացական ճգնաժամը նույնպես լուրջ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության եւ կայունության տեսանկյունից։ Ընդհանուր մոտեցումն այն է, որ Ռուսաստանն էներգիան օգտագործում է որպես ճնշում բանեցնելու միջոց։ Վրաստանի համար, սակայն, այս հարցն ունի ոչ թե զուտ տեսական, այլ շատ ավելի գործնական, անմիջական բնույթ։ Ուշադրության կարիք ունեն ազգային անվտանգության երկու ասպեկտներ։

Առաջին դասը, որը կարելի է քաղել էներգետիկ ճգնաժամից, այն է, որ Վրաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգը շատ թույլ դիրքերում է. այն ունի սխալ շեշտադրում։ Մինչ այժմ Վրաստանն էներգետիկ անվտանգության ապահովման համար ուշադրությունը կենտրոնացրել է միայն գազատարի անվտանգության վրա։ Չափազանց քիչ ուշադրություն է դարձվել էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը, սեփական կարիքների բավարարման ուղիներ եւ այընտրանքային մատակարարներ փնտրելուն։ Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգի վերջնական մշակումը դեռ չի ավարտվել, քանի որ երկրի ղեկավարները սպասում են Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարի կառուցման ավարտին։

Երկրորդ գործոնը, որն ազգային անվտանգության տեսանկյունից ամենակարեւորն է, Վրաստանի ռազմական ոլորտի բարեփոխումների անբավարար մակարդակն է։ Վրաստանի կառավարության ամպագոռգոռ հայտարարությունների եւ երկրի ռազմական ուժերի վիճակի մեջ ակնհայտ անհավասարություն կա։ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումն ավելի շուտ կարելի է դիտարկել որպես վսեմության պատրանք, քան որպես իրական նպատակ։

Պաշտոնապես Վրաստանի ղեկավարության քայլերն ուղղված են բանակը վերափոխելուն, որպեսզի այն ի վիճակի լինի ավելի հուսալիորեն պաշտպանել երկիրը, մասնակցի դաշնակցային գործողությունների եւ համապատասխանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու չափանիշներին։ Սրան հասնելու համար Թբիլիսին որոշ քայլեր է ձեռնարկել՝ կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու եւ Արեւմտյան ու ՆԱՏՕ-ի օպերացիոն սկզբունքները որդեգրելու ուղղությամբ։ Տեսանելի քայլեր են կատարվել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական հսկողությունը մեծացնելու, բյուջեով հատկացված միջոցները ավելի արդյունավետ ու թափանցիկ դարձնելու եւ ֆինանսական կառավարումը բարելավելու համար։

Սակայն Վրաստանի զինված ուժերի ներկայիս վիճակը դեռ շատ հեռու է ՆԱՏՕ-ի մինիմալ պահանջներից։ Առաջին. զինված ուժերի մի շարք բարձրաստիճան դեմքեր բացահայտ կերպով դեմ են արտահայտվել բարեփոխումներին։ Ազգային անվտանգության եւ Պաշտպանության նախարարությունների միջեւ ակնհայտ է փոխադարձ դժկամության եւ հակամարտության մթնոլորտ։ Սրա պատճառն այն է, որ չի մշակվել լուրջ քաղաքականություն՝ ռազմական ոլորտում քայլ առ քայլ գործողություններ իրականացնելու համար, չեն մշակվել նաեւ միջին եւ երկարաժամկետ գործողությունների պլաններ, որոնց արդյունքում Վրաստանի զինված ուժերը փոփոխության կենթարկվեն եւ վերջնական տեսքի կգան։

Երկրորդ. դեռեւս լուրջ խնդիրներ կան Վրաստանի զինված ուժերի բոլոր երեք ճյուղերում՝ ցամաքային, օդային եւ ծովային։ Վրացական բանակի դոկտրինն իրենից ներկայացնում է ԱՄՆ եւ խորհրդային դոկտրինների հակասական խառնուրդ։ Աննշան քայլեր են արվում արեւմտյան դոկտրինն ընդունելու եւ գումարտակի մակարդակից բարձր միավորներ ստեղծելու ուղղությամբ։ Բանակը նաեւ մերժել է մարզման արտերկրյա ծրագրերի անցկացումը, որը որոշ չափով կլրացներ այդ բացը։ Դրանից դրությունն ավելի անմխիթար է դարձել։

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է նշել, որ որոշ առաջընթաց, այնուամենայնիվ, կա։ Վրացական բանակն այժմ համալրված է ժամկետային ծառայություն անցնող եւ պրոֆեսիոնալ զինվորներով։ Առաջին եւ երկրորդ բրիգադները կազմված են պրոֆեսիոնալ (պայմանագրային) զինվորներից, իսկ երրորդ եւ չորրորդ բրիգադները՝ ժամկետային զինծառայողներից։ Սակայն հանդերձանքի եւ այլ հարցերի հետ կապված դեռ շատ չլուծված խնդիրներ կան։

Փոքր բյուջե ունեցող օդուժը 2000թ.-ից ի վեր որոշ զարգացում ապրել է։ «ՍՈՒ-25» ինքնաթիռների թիվը 7-ից հասցվել է 9-ի։ Այս տարվա վերջում ծրագրվում է ձեռք բերել օդային հսկման 3 նոր ռադիոլոկացիոն համակարգ։ Սակայն, ընդհանուր առմամբ, Վրաստանի ռազմաօդային ուժերը հարկ եղած դեպքում ցամաքային ուժերին կարող են աջակցել շատ սահմանափակ չափով։ Հնարավորությունները սահմանափակ են նաեւ էվակուացման, որոնողական եւ փրկարարական աշխատանքների համար։ Ռազմաօդային ուժերի զարգացման գլխավոր խոչընդոտներն են սարքավորումների անբավարարությունը, ինչպես նաեւ այն, որ Վրաստանը դեռ ամբողջությամբ հիմնվում է խորհրդային դոկտրինի եւ կազմակերպչական աշխատանքների նախկին ձեւերի վրա։ Հարկ է նաեւ նշել, որ ռազմական լայնածավալ նպատակների համար որպես մոբիլիզացման վայր կարող է ծառայել միայն Թբիլիսիի Միջազգային օդանավակայանը։

Ծովային ուժերը Վրաստանի զինված ուժերի ամենավատ վիճակում գտնվող բաղադրիչն է։ Այստեղ չկա ո՛չ հստակ առաքելություն եւ ո՛չ էլ պրակտիկ դոկտրին։ Նավերը պահելու եւ մարզումներ անցկացնելու համար բացակայում են ամենաանհրաժեշտ մինմիմալ ռեսուրսները։ Ակնհայտ է, որ ռազմածովային ոլորտը Վրաստանի պաշտպանության առաջնահերթությունների մեջ վերջին տեղում է՝ հաշվի առնելով տարվող քաղաքականությունը, ֆինանսավորումը, սարքավորումների եւ կառույցների վիճակը։

Դրան հակառակ, ծովափնյա սահմանապահ ծառայությունը, որը Սահմանապահ դեպարտամենտի բաղադրիչն է եւ ենթարկվում է Ներքին գործերի նախարարությանը, այսօր Վրաստանի ռազմական ոլորտի ամենաարդյունավետ եւ ամենատպավորիչ ուժն է։ Այս ծառայությունը պատասխանատու է սահմանի անվտանգության համար։ Այն հսկում է երկրի սահմանի ծովափնյա հատվածը (286կմ) եւ 12 ծովային մղոն երկարությամբ տարածքային ու հարակից ջրային տարածությունը։ Ծովափնյա սահմանապահ ծառայության հսկողության տակ են նաեւ երկրի 2 հիմնական նավահանգիստները՝ Փոթին եւ Բաթումին, ինչպես նաեւ` երրորդ նավահանգիստը, որը ներկայումս կառուցվում է Փոթիի հյուսիսում։

Վրաստանի ռազմական բարեփոխումներն իրենց հաջողվածությամբ աչքի չեն ընկնում։ Դա ենթադրում է, որ այս երկրի ռազմավարական կողմնորոշումը դեպի Եվրոպա եւ ռազմական համագործակցությունն Արեւմուտքի հետ (հիմնականում ՆԱՏՕ-ի միջոցով) չեն տվել սպասված արդյունքները։ Այստեղ կա մի հետաքրքիր պարադոքս. ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումները թելադրված են կարճաժամկետ նպատակներով եւ ոչ թե երկարաժամկետ անձնազոհությամբ։ Վրաստանն օպորտունիստաբար չափազանցնում է Ռուսաստանի կողմից իր նկատմամբ գործադրվող ճնշումը՝ փորձելով ՆԱՏՕ-ին եւ Արեւմուտքին համոզել, որ ռազմավարական համագործակցության ինտենսիվացումը բխում է նրանց իսկ շահերից։

Այսպիսով, Վրաստանի կառավարության համար ռազմական ուժերի բարեփոխումն ամենագլխավոր խնդիրն է։ Ընդ որում, կարեւորը ոչ թե ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում վերջնական հաջողությունն է, այլ այդ գործընթացի տված անմիջական օգուտները։ Այս քայլերը ոչ միայն կուժեղացնեն պետությունը, այլ կմեծացնեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու հնարավորությունները։ Անջատված շրջանների վրա հսկողության վերականգնումը զգալիորեն կթուլացնի այն ճնշման աղբյուրները, որոնք Ռուսաստանը ներկայումս գործադրում է Վրաստանի նկատմամբ։