Վերաբնակեցման պահից մինչ օրս Զորականը զրկված է ամենատարրական կենսապայմաններից: 1990-ական թվականների կեսերից Ալավերդի քաղաքից եկող ջրատարի վնասվելուց հետո բնակիչները զրկված են ամենօրյա խմելու ջրից: 1997 թվականին Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից տապալվել է «Զորական գյուղի հորատանցքով խմելու ջրի համակարգի կառուցում» ծրագիրը՝ ջրի որակի մասին հավաստի տեղեկությունների եւ շրջանի համար նախատեսված գումարների սպառված լինելու պատրվակով: Հինգ ամիս անց գյուղում հայտնաբերվել են բնաղբյուրներ, որոնց քիմիական եւ մանրէաբանական հետազոտությունները համապատասխանել են խմելու ջրի չափորոշիչներին: Նույնիսկ 1998թ. ՀՀ վարչապետ Ռ. Քոչարյանն է տեղեկացված եղել փախստականների վերոնշյալ հիմնահարցով: Ջրատարի կառուցման եւ ներհամայնքային ցանցի վերանորոգման համար անհրաժեշտ 700-750 մետր երկարությամբ խողովակ ձեռք բերելու խնդրանքով հուսահատ զորականցիները 2005թ. դիմում են հղել արդեն ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին:
Տարիներ ի վեր ձգձգվող խնդրի առնչությամբ Տավուշի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Մ. Մխիթարյանը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում պատասխանեց, որ Զորական համայնքի հիմնախնդիրները գտնվում են իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում, եւ որեւէ դոնոր կազմակերպության ի հայտ գալուն պես գումարները կուղղվեն ջրատարի կառուցմանը: Իսկ մարզպետարանի քաղաքաշինության վարչության խմելու ջրի հարցերով մասնագետ Մ. Ղալումյանը խորհուրդ տվեց մեկնել մարզ եւ տեղում ծանոթանալ սակավաջուր տեղանքին եւ նրա առանձնահատկություններին: Նա հավելեց նաեւ, որ Զորականը մարզի միակ գյուղը չէ, որ զրկված է խմելու ջրից. այդ տեսանկյունից ավելի վատթար վիճակում է հարեւան Դեղձավան գյուղը, եւ, Զորականի ջրի խնդիրը պետք է դիտարկել Զորական-Հաղթանակ-Դեղձավան ջրազուրկ գյուղերի համապատկերում: Նրա խոսքերով, Զորականը գոնե 3-4 օրը մեկ Այրումի պոմպակայանից ջուր ստանում է: Իսկ համայնքի ղեկավար Յ. Մանասյանը 2005թ. օգոստոսի 2-ին Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանին ուղարկված նամակում Զորականի ազգաբնակչության օրեցօր վատթարացող առողջական վիճակն անմիջականորեն կապում է օգտագործվող անորակ ջրի վնասակար հատկությունների հետ:
Ի տարբերություն Հաղթանակ եւ Դեղձավան գյուղերի բնակիչների, զորականցիների համար թերեւս Չարդախլուի քաղցրահամ եւ սառնորակ ջրի պաշարների կորստյան հանգամանքն է առավել ցավոտ դարձնում առաջին անհրաժեշտության կենսամիջոցի բացակայությունը: Զորականի բնակիչ Պ. Խաչատրյանի պատմելով, համագյուղացի 65-ամյա Ռաֆիկ Բաբաջանյանը մահից առաջ ցանկություն էր հայտնել իր տարիների ծարավը հագեցնել Չարդախլուի Ղարամօղլի անտառից (Սեւորդիների հանգստյան գոտին, որը հետագայում ադրբեջանցիները բառացիորեն թարգմանել են) բերված անապական, բուժիչ ջրով: Հայ եւ ադրբեջանցի առանձին անհատների միջեւ պահպանվող կապերի շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել եկվոր չարդախլեցու վերջին կամքը:
Ի դեպ, Մ. Ղալումյանը ջրի հիմնախնդրի կարգավորման հարցում (մինչեւ համապատասխան դոնորի ի հայտ գալը) կարեւորեց համապատասխան մասնագետների կողմից տարածքի ջրային ռեսուրսների ուսումնասիրության գործոնի անհրաժեշտությունը: