«Առաքելություն Հայաստան» կազմակերպության Վանաձորում գործող բարեգործական ճաշարանի շուրջն առաջացած աղմուկն արդեն մի քանի օր է՝ գրավել է Վանաձորի «Լոռի» հեռուստատեսության եթերը: Պարզվում է, ժամանակավոր նշանակված տնօրենն այդ ճաշարանից օգտվող շուրջ 150 սոցիալապես անապահով մարդկանց առջեւ ձմեռ օրով ոչ միայն անհասկանալիորեն փակել է ճաշարանի դռները (իսկ թե նախկին տնօրենին ինչո՞ւ են վերջերս հեռացրել՝ պարզ չէ), այլեւ անգամ արգելել է… օգտվել զուգարանից: Ավելի ուշ պարզվել է, որ այդ գործում «ինքնահաստատված» նորանշանակ վարիչը (ոմն Մնոյան) ճաշարանի սնունդն «առգրավել» է եւ, ըստ տեղեկությունների, տեղափոխել Սպիտակ (թերեւս, ճաշարանն այնտեղ հիմնադրելու նպատակով): Ճաշարանից օգտվող անապահով խավն, ի պաշտպանություն նախկին տնօրենի, որից չորս տարվա ընթացքում երբեւէ չի դժգոհել, այժմ բողոքի ակցիա է կազմակերպել, պահանջելով վերադարձնել նախկին տնօրենին: Հարցին ստիպված է եղել միջամտել Վանաձորի համայնքի ավագանու անդամ Վահան Մխիթարյանը՝ դատապարտելով նոր տնօրենի անմարդկային վերաբերմունքը: «Դուրս է գալիս, այս պետությունում նոր, չգրված օրենք կա. ով ժողովրդի կողմից ընդունված է՝ նրան շարքից հանում են»,- նկատեց համայնքի ավագանու անդամը՝ հունվարի 31-ի իր հեռուստաելույթում: