Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին «Նովիե Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է, թե Վրաստանը պետք է վճռական լինի Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ միաժամանակ չդիմի սադրիչ քայլերի: «Կարծում եմ, երկիրը պետք է փորձի հզոր լինել, քանզի պատմությունը վկայում է, որ Ռուսաստանը միայն թույլին է վատ վերաբերվում եւ երբեք այդպես չի վարվում ուժեղի նկատմամբ: Սակայն ուժեղ լինել՝ չի նշանակում սուր ճոճել»,- ասել է Զուրաբիշվիլին: Վերջինիս խոսքերով`լինել հզոր, չի նշանակում հանդես գալ ագրեսիվ հայտարարություններով: «Վճռականությունը կարելի է դրսեւորել քաղաքակիրթ եղանակով: Դա է դիվանագիտությունը»,- ասել է նախկին արտգործնախարարը: Վերջինիս կարծիքով` Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առկա լարվածության մեջ նկատելի է «արհեստականության տարր»: «Առնվազն առաջին հայացքից, մեծ թվով հայտարարություններ անիմաստ են արվել, դրանց թիրախը մարդկանց պարզունակ զգացմունքներն ու էմոցիաներն են: Կարծում եմ, որ տնտեսական եւ սոցիալական խնդիրների ու քաղաքական անորոշության հետեւանքով տկարացած երկրում այս վտանգավոր խաղը պետք է դադարեցնել»,- ասել է տիկին Զուրաբիշվիլին: