Նման հանցագործություններ կատարած անձինք, որպես հանցագործության գործիք, հիմնականում օգտագործում են սուր, կտրող-ծակող առարկաներ, գաղտնի փականով դանակներ, երկաթյա լինգեր, շղթաներ, մետաղալարեր, մարտական եւ ինքնաշեն ատրճանակներ: Իսկ իրենց չար գործը կատարելուց առաջ, վախենալով ճանաչվելու հեռանկարից, դիմակավորվում են մարզական գլխարկներով, կանացի զուգագուլպաներով:
Բանկերում պահվող գումարները բոլոր ժամանակներում գայթակղել են մեծ ու փոքր տրամաչափի գողերին, հափշտակության այլեւայլ եղանակներին տիրապետող «մասնագետներին»: Ժամանակների հետ անընդհատ փոխվում են նաեւ բանկերում պահվող, տարադրամի փոխանակման կետերում, խոշոր բենզալցակայաններում, ոսկյա եւ թանկարժեք իրերի խանութներում, խաղատներում հավաքված գումարները հափշտակելու, տիրանալու «նախընտրելի» ձեւերը, պատ ու առաստաղ ծակելուց մինչեւ ավազակային հարձակում ինկասատորների, տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների վրա, տաքսի ծառայության վարորդների սպանություններից մինչեւ բանկային աշխատողների միջոցով հավաքված գումարների, ավանդների աննկատ «մաքրազարդում»:
ՀՀ Քրեական օրենսգրքի 175 հոդվածը քրեական պատասխանատվության է ենթարկում ավազակություն կատարած անձին: Ավազակությունը պատժվում է 3-6 տարի ազատազրկմամբ, իսկ եթե այն կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից, առողջությանը ծանր վնաս պատճառելով` պատժվում է 8-15 տարի ազատազրկմամբ: Եթե այն կատարվել է տուժողին սպանելու եղանակով, ապա պատժվում է 8-15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:
2005թ. հունվարի 3-ին Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի բնակիչ Հովհաննես Սարգսյանը երբ փորձել է ավտոտնակից դուրս հանել ավտոմեքենան, 3 դիմակավորված անձինք` զինված ատրճանակով եւ ինքնաձիգով, մուտք են գործել ավտոտնակ, կրակել նրա աջ ոտքին, ապա հափշտակել ավտոմեքենայում եղած 9 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդերը:
Հունվարի 4-ին, գիշերվա ժամը 02:50-ի սահմաններում անհայտ անձը խաբեությամբ մուտք է գործել Հ/Ա Ա-1 թաղամասի 140 շենքի 58 բնակարանի բնակիչ Սպարտակ Նաթանյանի բնակարան, որտեղ եղել է միայն նրա 15-ամյա տղան` Տիգրանը, կապել նրա ձեռքերն ու ոտքերը, վերնաշապիկով փակել աչքերը, հետո ներս է հրավիրել իր 2 հանցակից ընկերներին, եւ միասին խուզարկելով բնակարանը` հափշտակել 1750 եվրո, 5900 ԱՄՆ դոլար, 9000 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա իրեր:
Հունվարի 28-ին, առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում 2 անձինք հրազենի սպառնալիքով ավազակային հարձակում են կատարել Աբովյան փողոցի վրա գտնվող «Ուռենի» ոսկերչական իրերի եւ հուշանվերների խանութ-սրահի աշխատակիցների նկատմամբ` սրահից հափշտակելով 20 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր:
Փետրվարի 10-ին Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել «Միկա» բենզալցակայանի աշխատակից, 1973-ին ծնված Գագիկ Ավանեսի Թումասյանը եւ հայտնել, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Վաղարշյան փողոցում իրեն անծանոթ 2 հոգի կանգնեցրել են իր անձնական օգտագործման ՎԱԶ 21-06 մակնիշի 02ԼԼ763 պետհամարանիշի ավտոմեքենան ընթացքի ժամանակ, իր վիզն են գցել մետաղալար, աչքերին գազ փչել, ապա հափշտակել մեքենայում եղած «Միկա»-ին պատկանող 2 մլն 100 հազար դրամը եւ դիմել փախուստի:
Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Մարտին Գիլավյանը Ոստիկանությանը հայտնել է, որ 3 անհայտ անձինք` հարմարեցված բանալիների միջոցով, բացել եւ մուտք են գործել իր բնակարան, կապել իր աչքերը, ձեռքերը, ոտքերը, հետո ծեծի ենթարկել իրեն` պահանջելով 50 հազար ԱՄՆ դոլար, սակայն, երբ ստացել են մերժում` նրանք խուզարկության են ենթարկել բնակարանը եւ հափշտակել 1800 ԱՄՆ դոլար, 245 հազար դրամ, ոսկեղեն, բջջային հեռախոս եւ դիմել փախուստի:
Մարտի 1-ին Ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, բերման են ենթարկել ՀՀ-ում ՌԴ Գյումրիի կայազորի թիվ N զորամասի ժամկետային զինծառայողներ Վլադիմիր Յուրիի Զվյակինցովին (1985թ.), Ալեքսանդր Նիկոլայի Կարտաշովին (1984թ.), Եվգենի Վիկտորի Պենկովին (1985թ.), Ալեքսանդր Միխայիլի Սամսոնովին (1985թ.), Ալեքսեյ Վիկտորի Բուշաեւին (1983թ.), Իվան Ալեքսանդրի Պուգաչովին (1984թ.), Ալեքսանդր Ալեքսանդրի Լոգինին (1985թ.): Պարզվել է, որ նշված զինծառայողները 2004-ից մինչեւ 2005-ի փետրվարի 20-ը կատարել են 25-ից ավելի հանցագործություններ` այդ թվում 3 ավազակային, կողոպուտի` 3, ավտոառեւանգման` 6 եւ բազմաթիվ գողություններ: Գողոնի զգալի մասը հայտնաբերվել է:
Հունվար 11-ին, գիշերվա ժամը 03:30-ի սահմաններում Արարատի մարզի «Մասիս» կայարանի 40 տան բնակիչ Աշոտ Հարությունի Յուզբաշյանի տան պատուհանի պոլիէթիլենային ցանցը պատռելու միջոցով դիմակավորված 3 անձինք ներթափանցել են տուն եւ ավտոմատ հրազենի ու դանակի սպառնալիքով հափշտակել 6900 ԱՄՆ դոլար, 142 հազար դրամ, իսկ հանցանքի վայրից փախցրել Ա. Յուզբաշյանին պատկանող BMW մակնիշի 27ԼՍ394 պետհամարանիշի ավտոմեքենան:
2005թ. 9 ամսվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է ավազակային հարձակման` 75, կողոպուտի` 108 դեպք, նույն ժամանակահատվածում ավազակային հարձակում կատարելու համար հետախուզում է հայտարարվել` 23, իսկ կողոպուտի` 12 անձի նկատմամբ: Ավազակության հետեւանքով սպանվել եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 49 անձ, կողոպուտից` 73 անձ:
2004-2005թթ. ՀՀ-ում կատարված ավազակային հարձակումների, կողոպուտների, գողությունների հետեւանքով քաղաքացիները կրել են ավելի քան 9 մլն ԱՄՆ դոլարի նյութական վնաս: