«Եթե քո հայրենիքում լավ չես զգում, դրսում էլ լավ չես զգա…»

10/02/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Գարուն Աղաջանյանը Հայաստանի գրողների միության անդամ է, տպագրված գրքեր ունի, երկու արու զավակ: Գիտությամբ էլ է զբաղվել մի որոշ ժամանակ: Ասում է՝ բիոլոգ եմ: Տարիքը չեմ ասի: Չնայած ինքը պնդում է, որ արդեն ծերանում է, բայց դա, մի տեսակ, իրականությանը չի համապատասխանում: Երեւի այդպես ներշնչել է իրեն: Գարունը վերջերս հանգամանքների բերումով Իսպանիա է գնում-գալիս: Մտածեցի՝ հարցնեմ-իմանամ՝ էն կողմերում ի՞նչ կա…

– Գարուն, Իսպանիա մեկնելուդ շարժառիթը «գրողակա՞ն» էր:

– Ոչ, այցելության էի գնացել որդուս, հետո՝ ուզում էի երկիրը տեսնել:

– Բավականին երկար ժամանակ մնացիր, ինչո՞վ էիր զբաղվում, ո՞ւմ հետ էիր շփվում, այնտեղ լինելդ գրելու նոր նյութ տվե՞ց քեզ:

– Գրելու նյութ չտվեց, դեպրեսիայի մեջ էի: Հատկապես առաջին անգամ, երբ գնացել էի, շփոթահար էի: Միայն նայում էի: Ամեն օր սպորտկոմպլեքս էի գնում՝ վարժասարքեր, լողավազան, սաունա: Առաջին անգամ կյանքումս ուզեցի ջահել լինել եւ հարուստ: Մեծ փողերի կարիք զգացի:

– Քո գրող լինելը քեզ օգնո՞ւմ, թե՞ խանգարում էր այդ նոր երկրին, նոր կյանքին հարմարվել:

– Եվ օգնում էր, եւ խանգարում, ինչպես Հայաստանում:

– Քո տարիքի հայ կինն ի՞նչ կարող է ակնկալել այդ երկրում:

– Իմ տարիքի հայ կինն Իսպանիայում կարող է աշխատանք ճարել՝ ոչ մտավոր, սեւ գործ: Կարող է նաեւ ամուսնանալ՝ էդ մեկը շատ հեշտ է: Այնտեղ կինն արժեք է: Երեւի հիմա բոլոր տղամարդիկ Եվրոպա են փախչում, դրա համար կնոջ արժեքն այնտեղ ինքնաբերաբար ավելի է բարձրանում:

– Ինչպիսի՞ն են իսպանացի կանայք:

– Մեր համեմատությամբ իսպանուհիները ֆինանսապես եւ հոգեբանորեն շատ անկախ են: Լայն հնարավորություն ունեն նաեւ զուգընկեր ընտրելու հարցում: Կրքոտ են, խանդոտ, եսասեր: Մեր կանայք ավելի սիրուն են ու բազմաշերտ: Տղամարդկանց հետ շատ չեմ շփվել, արտաքնապես մերոնցից լավը չեն: Անակնկալն այն էր, որ այնտեղ բոլորը հարգում են իրար՝ կապ չունի դիմացինը ով է, ինչ ազգ է: Երբ մենք բոլորս սկսենք ինքներս մեզ հարգել, դիմացինին էլ կսկսենք հարգել:

– Ապրածդ բնակավայրի մասին պատմիր, մարդկանց, կենցաղի…

– Պատմելու բան չի, ցանկացած եվրոպական մայրաքաղաքի 2-3 հեռուստակադրն այդ պատկերացումը կտա: Կենսամակարդակը ընդհանուր բան չունի մերի հետ: Երբ վերադարձա Հայաստան, թվաց 50-60 տարով ետ եմ ընկել, պապիս ժամանակներն են: Այնտեղ ինչին նայում էիր, աչք էր շոյում:

– Իսկ հարեւանություն, բարեկամություն՝ ինչպե՞ս են էդ մարդկային հարաբերությունները:

– Նորմալ, շատ նորմալ, մարդկային շփումն ու հարաբերություններն էլ են նորմալ, այդ մենք ենք հիվանդ: Այ, օրինակ, մեր չորսհոգանոց ընտանիքում, որ կարիքի բերումով հիմա այնտեղ են՝ աշխատում են, երկուսս կարոտաբաղձությամբ ենք տառապում, մյուս երկուսի համար միեւնույն է: Իմ համար նույնիսկ ծտերի ծլվլոցն էլ է անտանելի, կարծես ծտերն էլ իսպաներեն ծլվլան, ներքին մի զգացողություն կա՝ որ, միեւնույն է, էդ երկրում ոչինչ քոնը չի, էդ ծտերն էլ են իրենցը: Թե չէ՝ մարդիկ շատ բարեհամբույր են: Քանի որ մենք էլ ռեստորան ունենք այնտեղ, մեզ շատերն են ճանաչում, փողոցում նույնիսկ ինձ ամեն քայլափոխի բարեւում էին: Էստեղ ես գրող եմ թե ինչ եմ, ինձ այդքան չեն ճանաչում, որքան Բարսելոնայում: Բայց ես այնտեղ չէի դիմանում, մի տեսակ բաց նյարդ էի դարձել, ով ինչ էր անում, ինչ էր զգում՝ ամեն ինչ զգում էի, ամեն մեկի վիճակը, ծանրությունն ինձ վրա էի վերցնում: Արդեն ձեռից գնում էի, մեռնում էի՝ կարճ ասած: Ասում էի՝ գնամ Երեւանում մեռնեմ: Մի բան ասեմ՝ եթե դու այստեղ քեզ լավ չես զգում, ուր էլ գնաս՝ վատ ես լինելու: Կամ երեւի դա նրանից էլ է, որ ես հիմա առաջին անգամն եմ ծերանում, եւ քանի որ «փորձ» չունեմ, մի քիչ դժվար է, հիմա փուլ առ փուլ էդ պրոցեսն էլ եմ ուսումնասիրում…

– Չէի՞ր գրում այնտեղ, գուցե օգներ…

– Դե ամբողջ կյանքումս ես օրագիր եմ պահել, ամեն օր գրում էի: Պատմվածքներ չէի գրում: Այնտեղ մենք բնակարան գնեցինք` երեքսենյականոց՝ ես, երկու տղաներս ու ամուսինս էինք ապրում այդ բնակարանում, ինձ հյուրասենյակն էր բաժին ընկել քնելու համար, ու ես ամբողջ գիշեր հեռուստացույց էի մենակ նայում, ամբողջ գիշեր տարբեր պոռնոալիքներ էին ցույց տալիս, էդ թեման էնքան ուսումնասիրեցի՝ մտածեցի մի բան գրեմ էդ թեմայով «դրսից», էստեղ՝ «ներսից» մեզ թվում է` իրենք տառապում են, ստորացում է դա իրենց համար, բայց էդ դրսի հայացքն էլ ուրիշ է՝ կարող է եւ դա նորմալ է իրենց համար… Էդպես մտածեցի ու ոչ մի բան էլ չգրեցի: Մի տեսակ գրելու իմաստն էլ է կորել: Գրելը իմ հաճույքն է, չէ՞, բայց ես փոխանակ նստեմ պատմվածքներ սարքեմ, ուղեղս հիմա լրիվ ուրիշ բաներով է լցված, հիմա իմ կյանքում այնքան սոցիալական, տնտեսական, ընտանեկան խնդիրներ կան, որ մտածում եմ՝ որ գրեցի՝ ի՞նչ, ո՞վ է վճարում, այնտեղ մենք էդ ռեստորանում առավոտից իրիկուն աշխատում՝ շան տանջանք էինք քաշում, որովհետեւ գիտեինք ինչի համար ենք անում, իսկ գրելը դա հո աշխատա՞նք չի, դե գրելը՝ հա էլ գրում ես, քո կայֆի համար գրում ես…

– Այնտեղ գիտեի՞ն, որ դու գրող ես:

– Հա, ոչինչ, գիտեին, մի երկու իսպանացի կային՝ իրենք էլ էին բանաստեղծություններ-բան գրում, իրենց համար մի երկու անգամ տպագրվել էին, էդպես շփվում էինք:

– Իրենց էդ գրողական հարաբերությունները ո՞նց են:

– Եսիմ, երեւի՝ ոնց որ մերը…

– Իրենք է՞լ են «իրար միս ուտում»…

– Դա գրողական ինչ-որ մի երկրորդական կարգի «կրուգ» էր, էլի, ինչ-որ մի տեղ հավաքվում էին, մի օր էլ ինձ հրավիրեցին, հարցեր էին տալիս՝ Հայաստանը որտեղ է գտնվում եւ այլն, ստից հարցեր, էլի, ոչ գրական… Հայաստանի մասին բացարձակ բան չգիտեին, ես էլ մի կերպ բացատրում էի՝ որտեղ է գտնվում… Ախր մեր երկիրն էլ էնքան պուճուր է՝ հնարավոր չի, որ գոնե մատդ դնես քարտեզի վրա ու ասես՝ այ, էս է Հայաստանը, դե պատկերացրու՝ մի երկիր ունես ու քարտեզի վրա գոնե էնքան չի երեւում, որ գոնե ակնոց դնես ու չոփով տեղը ցույց տաս… Էդ մարդիկ ոչ էլ պատկերացում ունեին. մեկը մի անգամ ասաց՝ հա, լսել եմ Հայաստանի մասին, մի անգամ եկել էին մեզ մոտ «Հայկական խոհանոց» ինչ-որ հաղորդումից, էդքանով գիտեին… Իրենց մոտ էլ ուտելը շատ հարգի է, օրական մի քանի անգամ տարբեր ալիքներով հաղորդումներ են հեռարձակվում՝ ճաշեր են սարքում, էդ ճաշի արարողությունն էլ են շոու սարքում: Նրանք ամեն ինչից են շոու սարքում: Մեզ նման քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, դա էլ է իրենց համար շոու: Օրինակ, էդ Իրաքի դեպքերի հետ կապված մի շրջան ամբողջ Բարսելոնան, ամեն օր ժամը 10-11-ը, պատշգամբներից, պատուհաններից կախված մի գազանային աղմուկ էին բարձրացնում, հետո դուրս էին գալիս փողոց՝ պատերազմի դեմ են պայքարում, բայց դա ո՞նց են անում՝ մեկը իր համար պարում է, մեկը երգում է, մասսայական միջոցառում է դա իրենց համար… Հետո, իմ պատկերացմամբ, իրենք շատ պրիմիտիվ են մեր համեմատ, մի տեսակ հիմարավուն են՝ չգիտեմ, գուցե իմ ճանաչած սֆերա՞ն էր այդպիսին… Կամ գուցե դա իրենց բարձր կենսամակարդակից է գալիս՝ ապահովված մարդուն շատ բան պետք չի…

– Ինչքա՞ն գումար է պետք այնտեղ մեկ անձին՝ նորմալ ապրելու համար:

– Մի 400 եվրո՝ դրանով համ կարող ես սենյակիդ վարձը տալ, համ նորմալ ուտել-հագնվել: Մի վրացի հարեւան ունեինք, շինարարության վրա էր աշխատում, ստանում էր 900 եվրո, մոտ 500 դոլար տուն էր ուղարկում, 400-ով էլ ոնց որ պետքն է՝ ապրում էր… Վրացիներ շատ կային ու ոնց էին կարոտում, գալիս մեր ռեստորանում հաց էին ուտում, մի քիչ խմում էին ու սկսում իրենց ազգային երգերը երգել: Ասում էի՝ կարոտե՞լ եք, ասում էին՝ ոչ թե կարոտել ենք, այլ ուզում ենք գնանք, կարոտելը շատ քիչ է ասված: Էդպես տանջվում են, էլի… Միեւնույն է, եթե մեկի համար իր հայրենիքում լավ չի, արտասահմանում էլ չի կարող լավ լինել, իսկ եթե ինքը իր հայրենիքում իրեն լավ է զգում, պատկերացրու՝ դրսում էլ լավ կզգա…

– Ձեր ռեստորանի ճաշացանկում ազգային նորամուծություններ չե՞ք արել…

– Իսպանացիների համար ռեստորանն ընդամենը սնվելու տեղ է, շատ են ուտում: Հիմնականում մենք կիսաֆաբրիկատ մթերքը ստանում էինք, կրակի վրա տաքացնում, ինչ-որ սոուսներով համեմում-տալիս էինք, իրենց եթե ուրիշ ինչ-որ յուրահատուկ բան առաջարկես՝ չեն էլ ուտի, ինչին որ սովոր են՝ դա էլ ուտում են: Ծովային կենդանիներ են շատ ուտում, խոզի միս են շատ ուտում, ոչխարի միս քիչ են ուտում, որովհետեւ ամենաթանկն այնտեղ ոչխարի միսն է… Ես էլ էի այնտեղ շատ ուտում, երեւի էդ դեպրեսիայից էր, բայց մեկ-մեկ հաջողացնում էի տանը տնական ճաշ՝ բորշչ-բան սարքել…

– Դու քեզ լավ գրո՞ղ ես համարում, թե՞ լավ խոհարար:

– Մանկության տարիներին հետաքրքրվել եմ խոհարարությամբ՝ որպես էքսպերիմենտ, խաղ: Հետո արդեն՝ չէ: Ո՞նց սեր ու հավատ դնես մի բանի վրա, որ երկու ժամ հետո արդեն չի լինելու: Եթե հետեւենք հարցի տրամաբանությանը՝ ուրեմն լավ գրող եմ… Իսկ կնոջ համար կարեւորը երեխա ունենալն է: Չարժե այդ հրաշք առիթը բաց թողնել:

– Գարուն, փաստորեն նորից արտերկիր ես վերադառնալու, չե՞ս ուզում այնտեղ գրական գործունեությունդ շարունակել, գրական ավելի մեծ միջավայր մտնել…

– Էլ ի՞նչ հայ գրող, որ մտքում էդպիսի հեռահար նպատակներ չունենա…

– Ասում ես՝ աշխարհը վաղուց է դեպրեսիայի մեջ՝ մենք նոր միացանք. ո՞րն է աշխարհի էդ դեպրեսիայի ակունքը:

– Պատճառը «ես»-ի ներքին հակասությունների եւ արտաքին աշխարհի հետ ունեցած հակասությունների սրումն է, արագացումը: Քաղաքակրթությունն աղետալի ձեւով նպաստում է դրան: Դեղերը, թմրանյութերը, անգամ հավատքը հարցը չեն լուծում: Ըստ իս՝ չէր կարելի այսքան հեռանալ բնությունից:

– Կյանքդ ո՞նց ես հաջողացնում ապրել:

– Կյանքն էներգիայի առեւտուր է: Ցանկացած երեւույթի շարժառիթն ու նպատակը էներգիա տալը կամ վերցնելն է: Մարդն իր հույզերի, զգացումների էներգիան է մատակարարում ոչ նյութական աշխարհին: Տառապանքն ու փորձությունները պարտադիր են, մահվան սարսափը եւս: Հաճույքներն էլ՝ բնազդական թե իմացային, սոսկ պայմաններ են, որ կապվես կյանքին, դիմանաս: Տաղանդն ու շնորհներն էլ խայծեր են: Պատկերացնում եմ, թե ինչ հերթ է էնտեղ՝ թշվառ հանճարի բարկ էներգիայի համար: Ինչքան նրբացված է տառապանքը, արտազատված էներգիայի հարգը բարձր է: Այդպես…

– Ինչպե՞ս է ընտանիքդ ընդունում մորը, որը նաեւ գրող է:

– Ամուսինս փիլիսոփա է, այնքան երկար հանդուրժեց ինձ, որ հիմա ընկերներ ենք: Որդիներս գեղարվեստական գրականություն չեն կարդում: Լավ է, որ չեն կարդում. կարծում եմ՝ այդպես ավելի մոտ կլինեն կյանքին: Ես իմ հետաքրքրություններով եմ ապրում, ու շրջապատի հետ եթե հակասություններ լինում են, պրոբլեմ չի, ես դրանք ուսումնասիրում եմ:

– Սիրո մասին ի՞նչ կասես:

– Սիրո մասին արի չխոսեմ. նույնն է թե` տիեզերքի մասին խոսես…

– Ազատության մասի՞ն…

– Մարդը չի կարող ազատ լինել, աբսուրդ է: Մտոք էլ չի կարող: Իմ օրգանիզմի որեւէ բջիջ կարո՞ղ է իրեն ազատ-անկախ երեւակայել… Երբ ժխտում, խախտում ես բնության կամ հասարակության որեւէ օրենք՝ դա ազատություն չէ, արկած է: Իսպանիայում ինձ զարմացրեց մարդկանց ներքին ազատությունը, անկոմպլեքս պահվածքը, վարքուբարքը, բայց դա նրանց բնականոն վիճակն էր՝ այդ երկրի դրվածքին համապատասխան, արկած չէր: Ընդհանրապես ինչ ուզում ես՝ արա, եթե կարող ես տակից դուրս գալ, նաեւ հոգեբանորեն դուրս գալ՝ չլռվել…