Նախագծի հիմքում զուգերգեր են լինելու: Նորաստեղծ դուետների մի անդամը Հայաստանում հայտնի երգիչ կլինի, իսկ մյուսը` երեխա: «Հայաստանի մանկատներում 1000-ից ավելի երեխա կա, 11.000 երեխա անապահով ընտանիքներում են ապրում, իսկ 8.000 հաշմանդամ երեխա հատուկ գիշերօթիկ դպրոցներում են սովորում: Եվ այդ բոլոր երեխաները ստեղծագործական պրոցեսից անջատ են ապրում: Իսկ նրանց մեջ շատ տաղանդավոր անհատներ կան: Մենք փորձելու ենք նրանց ներգրավել երգարվեստի մեջ»,- ասաց ռադիո «Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արեւաշատյանը: Արդեն ընտրվել են մի քանի տասնյակ շնորհալի երեխաներ, ովքեր կարող են այս նախագծի անդամ դառնալ: Հասկանալի է, թե ինչ մեծ ոգեւորությամբ են երեխաները վերջնական ընտրությանը սպասում: Շուշան Պետրոսյանի, Արամոյի, Անդրեի, Ֆորշի, Քրիստինե Պեպելյանի, Ինգա եւ Անուշ Արշակյանների, Արսեն Սաֆարյանի եւ այլ երգիչների հետ երգելու հնարավորություն կարող է ստանալ 15 երեխա: Ընդ որում, յուրաքանչյուր երեխա ինքն է ընտրելու` թե ում հետ է կազմելու իր զուգերգը: Կերգեն միայն այն աստղի հետ, ում սիրում են: Արդեն ընտրված են այն երգերը, որոնք պետք է կատարվեն: Շ.Արեւշատյանի մոտեցումը հետեւյալն է. «Մենք աշխատել ենք սիրո մասին երգերից հեռու մնալ, բոլոր երգերը մանկական պիտի լինեն: Մենք հրաշալի մանկական երգեր ունենք, որոնք վերջերս մոռացվել են, օրինակ «Պույ-Պույ մուկիկը» կամ Ռ. Հախվերդյանի «Նավակը»: Երեխաներն աստղերի հետ այդպիսի երգեր են երգելու: Կլինեն երգեր Երեւանի մասին եւ հատվածներ Արթուր Գրիգորյանի մանկական մյուզիքլից»: Արթուր Գրիգորյանը նաեւ այս նախագծի գեղարվեստական ղեկավարն է լինելու եւ երեխաների ու աստղերի համատեղ փորձեր է անցկացնելու: Փորձերը շուտով սկսվելու են` հենց որ բացվեն դպրոցները: Շ.Արեւաշատյանը խոստանում է, որ բոլոր երգերն այս տարվա ընթացքում լավ «ռասկրուտկա» է անելու, նրանք հնչելու են եւ ռադիոներով, եւ հեռուստատեսությամբ: «Մենք ուզում ենք, որ մարդիկ ուշադրություն դարձնեն այս երեխաների կյանքի վրա: Պետք չէ նրանց խղճալ: Ավելի շուտ մենք ինքներս նրանց հետ շփվելու կարիք ունենք, քան իրենք` մեր կարիքը»,- ասում է նա: Նկարահանվելու են տեսահոլովակներ, որոնք փոքրիկ ֆիլմերի նման կլինեն: Իսկ տարվա վերջում DVD է թողարկվելու, որը կվաճառվի նաեւ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: «DVD-ն շատ թանկ է լինելու: Երեխաների անուններով հատուկ հաշիվ է բացվելու, եւ վաճառքից ստացված ողջ գումարը գնալու է այդ հաշվի վրա»,- ասում է «Վան»-ի տնօրենը: Այս նախագիծը հովանավորներ չունի, բոլորն անշահախնդիր են աշխատելու: Սակայն նախագծի հեղինակները հույս ունեն, որ ձայնագրությունների եւ երեխաների հագուստի ծախսերը հոգալ ցանկացողներ կլինեն: Եթե չլինեն էլ, աշխատանքը կանգ չի առնի: