Հայաստանը հայտնվել է անհետացող ազգերի շարքում

10/02/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վիճակագրությունը վկայում է, որ աշխարհում յուրաքանչյուր ծնված 100 աղջկան բաժին է ընկնում 105-106 տղա։ Պատերազմական գործողությունների ընթացքում եւ նրան հաջորդող տարիներին ծնվող արական սեռի ներկայացուցիչների թիվը զգալիորեն աճում է. այս երեւույթը հայտնի է «պատերազմի էֆեկտ» անվամբ, որի պատճառները գիտականորեն լիովին բացահայտված չեն։

Ըստ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի, գոյություն ունեցող վարկածներից մեկի համաձայն, որքան երիտասարդ է տղամարդը, այնքան տղա երեխա ունենալու հնարավորությունը մեծ է` մոտավորապես 10-15%։ Հայտնի է, որ պատերազմի տարիներին հասարակությունը բաղկացած է լինում առավելապես ծեր եւ շատ երիտասարդ տղամարդկանցից, փոխարենը` նոսրանում են հասուն տղամարդկանց շարքերը, եւ, ըստ Ա. Ադիբեկյանի` բացակայում է այն սերունդը, որից պետք է ծնվեին աղջիկներ. այս դեպքում 1000 նորածնի հաշվով 20-25%-ով գերազանցում է ծնված տղաների թվաքանակը։ 5-10 տարի անց այդ տարբերությունը վերանում է։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` ՀՀ-ում 2004-ին մինչեւ 1 տարեկան տարիքային խմբում 1000 տղային բաժին է ընկել 855 աղջիկ, 2003-ին` 863, իսկ 2002-ին` 874։ Գյուղական վայրերում վաղ ամուսնությունները տարածված երեւույթ են. միջին վիճակագրական ցուցանիշներով` ամուսնական տարիքն աղջիկների մոտ 20-ն է, տղաների մոտ` 22-ը։

2004թ. գյուղական վայրերում 1000 տղային բաժին է ընկնում 821 աղջիկ, քաղաքային վայրերում` 871։ Ինչպես նշում է Ա. Ադիբեկյանը, գյուղական եւ քաղաքային ամուսնությունների տարբերությունը հուշում է «պատերազմի էֆեկտի» մեխանիզմը. տղաների բարձր ծնելիության գործակիցը բացատրվում է վաղ ամուսնությունների թվաքանակի աճով։

Իսկ արդեն 60 տարեկան տարիքային խմբում, միջին վիճակագրական տվյալներով, 1000 տղամարդուն բաժին է ընկնում 1200 կին։ Ուժեղ սեռի ներկայացուցիչները որքան շատ ծնվում են, այնքան էլ շատ մահանում են։

Վերջերս «OPT» հեռուստաալիքով ցուցադրված «Տղամարդկանց կարճ դարը» վավերագրական ֆիլմում, որը նրանց ինտենսիվ կյանքի եւ ֆիզիոլոգիական խոցելիության մասին էր, ասվում էր. «Տղամարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում չեն լացում, նրանք մարում են»։ Վաղ նորածնային հասակում արական սեռի մահացությունը նույնպես բարձր է։ Օրինակ, 2003-ին ՀՀ-ում տղաների (մինչեւ 1 տարեկան հասակը) մահացությունը 13% է, աղջիկներինը` 10%, համապատասխանաբար` 256 եւ 166։

Ըստ Ա. Ադիբեկյանի` տարիքից բացի, ապագա երեխայի սեռի հարցում վճռորոշ դեր է կատարում նաեւ ծնողների գենետիկական նախատրամադրվածությունը։ Ավելին, ներկայումս միջազգային պրակտիկայում արդեն մշակվել են տեխնոլոգիաներ, որոնց համաձայն` կարելի է «պատվիրել» երեխայի սեռը։ «Մարդը խառնվել է Աստծո գործերի մեջ, որը ոչ մի լավ բան չի խոստանում»,- ասում է սոցիոլոգը։ Նա նշեց նաեւ, որ Հայաստանն արդեն հայտնվել է անհետացող ազգերի շարքում։ Վերջին 15-20 տարիների ընթացքում հանրապետությունում ծնելիության գործակիցը նվազել է հինգ անգամ` 17,4-ից հասնելով 3,7-ի։ Պարոն Ադիբեկյանն այս հարցում, իհարկե, չընդգծեց երկրի սոցիալ-տնտեսական գործոնը, այլ, առաջնորդվելով նույն միջազգային վիճակագրության ցուցանիշներով, ասաց, որ սովորաբար ամենաշատ երեխաներ ծնվում են ամենաաղքատ երկրներում` օրինակ, Բանգլադեշի Հանրապետությունում, որտեղ մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ի բաժինը կազմում է 100 դոլար, փոխարենը` ամենաքիչ ծնունդները գրանցվում են Շվեյցարիայում, որը մտնում է հարուստ երկրների եռյակի մեջ։ Զարգացած երկրներում, ըստ Ա. Ադիբեկյանի, արժեքների այնպիսի համակարգ է արմատավորված, որտեղ մարդն անհատապաշտ է եւ հոռետես, եւ երեխային համարում է խանգարիչ, իսկ աղքատ երկրների ժողովուրդները երեխային դիտում են որպես հարստություն։ Կինը պետք է մայրանա, խորհուրդ է տալիս Ահարոն Ադիբեկյանը, որպեսզի իբրեւ անձ ավարտի իր ֆիզիոլոգիական ձեւավորումը։