Ակիո Մորիտան, որ վերջին 5 տարիներին զբաղեցնում էր «Sony Corp. ընկերության հիմնադիր» անսովոր անվանումով պաշտոնը, վախճանվել է 1999-ին՝ 78 տարեկան հասակում: Հայտնի գյուտարար ու կենցաղային ռադիոէլեկտրոնիկա արտադրող ամենահայտնի ընկերություններից մեկի հիմնադիրը մինչեւ իր կյանքի վերջը շատ ճապոնացիների համար մնաց երես առած տղա, որը խախտում էր բոլոր ավանդույթները:
Ակիո Մորիտան ծնվել է 1921թ.` մի ընտանիքում, որը 15 սերունդների ընթացքում զբաղվել է սակեի արտադրությամբ: Նրա հրապուրվելն էլեկտրական սարքավորումներով ու արեւմտյան դասական երաժշտությամբ սկսվեց այն ժամանակ, երբ նրանք գնեցին այն ժամանակների համար բավականին հազվագյուտ մի իր՝ էլեկտրական ֆոնոգրաֆ: Եվ հակառակ հոր կամքին՝ Ակիոն թողեց ընտանեկան բիզնեսն ու ընդունվեց Օսակայի Կայսերական համալսարան, որն ավարտեց 1944-ին:
Մորիտան, ինչպես ինքն է առանց կեղծ համեստության խոստովանում ինքնակենսագրության մեջ, կարողացավ աշխարհին ստիպել հարգանքով վերաբերվել Made in Japan նշանով ապրանքներին (մինչեւ II համաշխարհային պատերազմը Made in Japan նշանը սպառողների համար ցածրորակության նշան էր): Նա կարողացավ զրոյից ստեղծել ամենամեծ կորպորացիան:
Նորաստեղծ Sony-ի (սկզբում ֆիրման կոչվում էր «Տոկիո ցուսին կենկուսե») նախնական կապիտալը 500 դոլար էր, հիմնադիրները նախկին ռազմական ինժեներներ Ակիո Մորիտան ու Մասարու Իբուկան էին, ֆիրման տեղավորված էր պատերազմի ժամանակ այրված հանրախանութի շենքում, աշխատողների թիվը՝ 20 մարդ: Նրանք հասկանում էին, որ հաջողության հասնելու համար պետք է ինչ-որ օրիգինալ բան մտածել:
Եվ այսպես, ստեղծվեց էլեկտրական բրնձեփիչի առաջին օրինակը: Բայց փորձերը ցույց տվեցին, որ բրինձը կամ հում էր մնում, կամ շատ էր եփվում: Մինչեւ ընթանում էին փորձերը, նախնական կապիտալը սպառվեց: Իսկ աշխատակիցներին պետք էր վճարել: Առձեռն գումար հաջողվեց հայթայթել՝ «սեւ շուկայում» վաճառելով նոր ստեղծված եւս մի սարք՝ էլեկտրատաքացուցիչը. սրա աշխատանքի սկզբունքը պարզ էր՝ կտորի մեջ կարված էլեկտրական պարույր:
Հետո ֆիրման անցավ ավելի բարդ տեխնոլոգիաների: «Սեւ շուկայում» մեծ պահանջարկ ունեին ռադիոընդունիչների համար կցուրդներ, որոնք թույլ էին տալիս որսալ կարճալիք ռադիոկայանները:
Առաջին խոշոր պատվերը NHK ռադիոկայանի համար հեռակառավարման վահանակն էր: Երբ Իկուբան պատվերը տարավ, NHK կաբինետներից մեկում տեսավ ամերիկյան Wilcox Gay մագնիտոֆոն, որը հնարավորություն էր տալիս ձայնագրությունը կատարել մագնիտային ժապավենի վրա: Որոշված էր ստեղծել դրա նմանը: Ամենաբարդ տեխնիկական խնդիրը մագնիտային ժապավեն ստեղծելն էր: Դա հազվադեպ բան էր նույնիսկ ԱՄՆ-ում: Այդ հարցին նվիրված միակ գրքից ինժեներներն իմացան, որ ժապավենն իրենից ներկայացնում է պլաստիկե հիմք, որի վրա քսում են մագնիտե նյութը: Որպես մագնիտե նյութ ընտրվեց երկաթափոշին, բայց հարց առաջացավ՝ ինչպե՞ս այն ամրացնել պլաստիկե հիմքին: Օգնության հասավ… բրինձը: Չնայած, միակ ձայնը, որ հաջողվեց ստանալ այդ եղանակով, սարսափելի աղմուկն էր: Փորձերը շարունակվում էին այլ նյութերով, բայց ձայնագրությունների որակն անտանելի էր:
Առաջին նորմալ կոճային ճապոնական մագնիտոֆոնը, որ ստացավ «G» անվանումը, ստեղծվեց միայն 1950-ին: Երկար ժամանակ Մորիտային չէր հաջողվում վաճառել գոնե մի հատ: Մագնիտոֆոնը կշռում էր 35կգ եւ արժեր 170.000 իեն: Այն ժամանակ Ճապոնիայում միջին աշխատավարձը կազմում էր 17 անգամ պակաս: Երկար ջանքերից հետո Մորիտան կարողացավ համոզել Ճապոնիայի Գերագույն դատարանին, որ մագնիտոֆոնը կարող է փոխարինել սղագրուհիներին, որոնց կարիքը դատարանը խիստ զգում էր: 20 մագնիտոֆոն գնելու հարցը դրական լուծում ստացավ: «G»-ն չափազանց մեծ ու ծանր սարք էր, եւ Մորիտան հասկանում էր, որ սպառողին հարկավոր է հարմարավետ ապրանք: Եվ 1951-ին հայտնվեց տնային պայմաններում օգտագործելու համար նախատեսված «H» մոդելը: Այն 3 անգամ թեթեւ էր՝ 13կգ, եւ բռնակ ուներ, որ տեղից տեղ տանելը հեշտ լինի: Դրանից բացի, մագնիտոֆոնի արտաքին տեսքին նույնպես սկսեցին ուշադրություն դարձնել: «H»-ին հետեւեց ավելի կատարելագործված` «P» մոդելը: Բրնձեփիչների ժամանակը մնաց հետեւում: Առաջին լուրջ արտադրանքը տրանզիստորն էր: Այն փոքրիկ ռադիոընդունիչ էր լինելու, որ պիտի տեղավորվեր տղամարդու վերնաշապկի դրսի գրպանում: 1953-ին նրանք ամերիկյան Vestern Electric ընկերությունից 25.000 դոլարով գնեցին տրանզիստոր արտադրելու պատենտը: Առաջին տրանզիստորային ռադիոընդունիչը վաճառքի դուրս եկավ 1955-ին: Այն շատ մեծ էր ու ոչ մի գրպանում չէր տեղավորվում: 2 տարի անց թողարկվեց ավելի փոքր չափսի ընդունիչ: Դա այն ժամանակների ամենափոքր ընդունիչն էր, բայց գրպանում տեղավորվելու համար դեռ բավականին մեծ էր:
Մինչեւ ընթանում էին ավելի փոքր ռադիոընդունիչ ստեղծելու աշխատանքները, Մորիտայի ու Իկուբայի ֆիրման փոխեց նախկին անվանումը եւ դարձավ Sony՝ լատիներեն «սոնուս»՝ ձայն բառից: Այն միաժամանակ հիշեցնում էր անգլերեն խոսակցական sonny (տղա, որդի) բառը: Սակայն ճապոներենում «սոն-նի» նշանակում էր «կորցնել փողերը», եւ Մորիտան որոշեց դեն նետել մի ն-ն: Հետագայում Բրիտանիայի Արվեստների թագավորական ընկերությունն անգլերենի զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգեւատրեց Մորիտային` sony եւ walkman բառերը հորինելու համար:
Մի քանի լեգենդ կա, թե ինչպես է Մորիտայի գլխում միտք ծագել՝ ստեղծելու ականջակալներով մագնիտոֆոն: Բայց հայտնի է, որ ֆիրմայում այդ գաղափարը ոչ ոքի դուր չի գալիս, եւ Մորիտան ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Իսկ երբ հարկավոր էր սարքին անվանում տալ, Մորիտան տեղում չի լինում, եւ աշխատակիցներից մեկը, որ անգլերեն առանձնապես լավ չգիտեր, առաջարկում է walkman բառը (բառացի նշանակում է` քայլող մարդ): Մորիտան հրամայում է փոխել անունը, բայց արդեն ուշ էր. գովազդն արդեն արված էր, ու այդ անունով արդեն արտադրված էին մագնիտոֆոնները: Առաջին իսկ օրից՝ 1979-ի ամառվանից, դրանք հսկայական հաջողություն ունեցան:
Առաջին անգամ հենց Sony ընկերության կողմից արտադրված ապրանքների մեջ կարելի է նշել առաջին տրանզիստորային հեռուստացույցը (1959), առաջին տնային տեսամագնիտոֆոնը (1964) եւն: Այսօր Sony-ի կապիտալը գնահատվում է 416 մլրդ իեն, ընկերությունում աշխատում է 21.000 մարդ:
Մորիտոն անսպառ էներգիայի տեր մարդ էր: Բացի իր աշխատանքից, նա 40 տարեկանում սկսում է զբաղվել գոլֆով, 50-ում՝ թենիսով, 60-ում՝ ջրային դահուկներով, իսկ 69-ում` առաջին անգամ սուզվում է ակվալանգով: Նա քաղաքականությամբ նույնպես հետաքրքրվում էր: Տոկիոյի ներկայիս նահանգապետի հետ համատեղ նա գրել է «Ճապոնիան, որ կարողանում է ասել «ոչ» գիրքը, որ պաշտոնական Տոկիոյի ու Վաշինգտոնի միջեւ մեծ սկանդալի պատճառ դարձավ:
Ճապոնիայում Մորիտան ընդվզող մարդու համարում ուներ: Նա խախտում էր դարերով արմատավորված ավանդույթները: Նրա աքսիոմներից մեկն էր. «Չնայած մի քանի բացասական կողմերին՝ մրցակցությունն արդյունաբերության ու տեխնոլոգիաների զարգացման կարեւորագույն գործոնն է»:
1994-ից Մորիտան ու Sony-ն փաստորեն գործում էին իրարից անկախ: Նոր տեխնոլոգիաներից ավելի հեշտ գլուխ էր հանում բիզնեսմենների նոր սերունդը, եւ արդեն նոր սերնդի ինժեներներից ու մենեջերներից է կախված ֆիրմայի ապագան: