Ձուկ մաքրելուց կամ սոխ կտրատելուց հետո ձեռքերը տրորեք աղով, ապա լվացվեք տաք ջրով եւ օճառով։
Կիտրոնի կեղեւը դարսեք բանկայի մեջ, վրան լցրեք եռացրած տաք ջուր։ Մեկ օր անց այդ հեղուկն օգտագործեք լվացվելու համար։ Այն բուրավետ է եւ մաշկի համար օգտակար։
Քրտինք
Եթե ձեռքերը շատ են քրտնում, պետք է լվացվել ամոնիակի եւ ջրի խառնուրդով (1 լ ջրին` 1-2 ճաշի գդալ)։ Խորհուրդ է տրվում օրական մի քանի անգամ ձեռքերին քսել նույն քանակությամբ օդեկոլոնի, քացախի եւ բորաթթվի խառնուրդ (100 գ ջրին` 4 գդալ բորաթթու)։
Չափից շատ քրտնարտադրության դեմ խորհուրդ են տրվում հետեւյալ դեղաբույսերը.
– 1 թեյի գդալ ուռենու մանրացրած արմատների վրա լցնել 2 բաժակ սառը ջուր, թողնել 8 ժամ, հետո քամել։ Օգտագործել լոգանքների համար։
– 500 գ կաղնու արմատը լավ մանրացնել, 4 լ ջրով եփել կես ժամ, հետո քամել եւ խառնել նույն քանակությամբ ջրի հետ։
Եթե ձեռքերը քրտնում են, ապա լվացվելիս ջրի մեջ հարկավոր է ավելացնել մի քիչ աղ կամ գինու քացախ։
Ինչ վերաբերում է դեմքի մաշկին, ապա քրտնարտադրությունը սակավացնելու նպատակով խորհուրդ է տրվում օրական մեկ-երկու անգամ մաշկը շփել հետեւյալ խառնուրդով. 5 գ գլիցերին, 20 գ օդեկոլոն, 10 գ գինեթթու, 80 գ եռացրած ջուր։
Պետք է խուսափել նեյլոնե սպիտակեղեն ու գուլպաներ հագնելուց, որովհետեւ դրանք քրտինքը ներծծելու հատկություն չունեն։