Դեպի անորոշություն

09/02/2006

Փետրվարի 10-11-ը Փարիզի Ռամբույե արվարձանում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Ըստ International Herald Tribune թերթի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում ներգրավված դիվանագետները կարծում են, որ բանակցությունները դուրս են եկել փակուղային վիճակից, եւ, որ այս տարի հաշտության շուրջ համաձայնության հասնելու հնարավորություն կա: Թերթը գրում է, որ հանդիպման արդյունքը կլինի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնությունը: Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին անդրադառնալով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձը դատապարտված է ձախողման եւ կհանգեցնի հումանիտար եւ տնտեսական կործանարար հետեւանքների: Թերթը նշում է, որ կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ փաստաթղթում ներառված հնարավոր կետերից մեկը ԼՂ հարակից տարածքներից զորքերի դուրսբերումն է միջազգային անվտանգության երաշխիքների եւ այդ տարածքներում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման պայմանով: Դիվանագետները ենթադրում են նաեւ մի քանի տարի անց անկլավի կարգավիճակը որոշելու համար հանրաքվեի անցկացման հնարավորություն: ԵԱՀԿ խոսնակ Քեյթ Ջինքսը նշել է, որ փաստաթուղթը շոշափում է ԼՂ ներսում եւ դրա տարածքից դուրս անվտանգության միջանցք ստեղծելու հարցը, ներքին տեղահանված անձանց վերադարձի հարցը, ենթակառուցվածքների վերականգնում եւ տարածքների ականազերծում: Դիվանագետները նշում են, որ, չնայած բանակցությունների կառուցողականությանը, նախագահները դեռեւս համաձայնության չեն հանգել փաստաթղթի հիմնական կետերի շուրջ: Ադրբեջանի համար հիմնականը տարածքային ամբողջականությունն է, Հայաստանի համար` ԼՂ կարգավիճակը: Դիվանագետները կարծում են, որ եթե Ալիեւն ու Քոչարյանը հասնեն համաձայնության, մանրամասների վրա աշխատանքը կպահանջի առնվազն մի քանի ամիս եւ կարող է հանգեցնել նոր փակուղային իրավիճակի: