Փետրվարի 10-11-ը Փարիզում նախատեսված Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը սպասելիքներ չունի: Այս մասին նա ասել է «Արմինֆո»-ին տված հարցազրույցում: «Հարաբերական հնարավորությունների պատուհան 2006թ. իսկապես գոյություն ունի, սակայն չեմ հավատում, որ Ի. Ալիեւը կամ Ռ. Քոչարյանը կցանկանան օգտվել այդ հնարավորություններից եւ դուրս գալ հակամարտության կաղապարներից: – ասել է նա: – Անհրաժեշտ է քաղաքական կամք եւ հիմնավոր աշխատանք սեփական հասարակության ներսում, որպեսզի այն հասկանա փոխադարձ զիջումների անխուսափելիությունը»:
Իսկ Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) առաջարկությունները նա համարում է «պարզապես անվայել, «դիրեկտիվ» բնույթի», որոնք կատարում են «ԵՄ շահերի անպատկառ լոբբինգը»: «…Անտեղի է զեկույցում հակամարտության դիտարկումը «երկհամայնքային» կտրվածքով. ԼՂ հայերի հակամարտությունը Բաքվի հետ էր, այլ ոչ միայն եւ ոչ այնքան ԼՂ ադրբեջանական համայնքի: Մյուս կողմից` օգտակար է ԼՂ կարգավիճակի շուրջ լրացուցիչ հանրաքվեի անցկացման եւ ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիության գաղափարների կիրառումը (վերջինս ուսումնասիրված չէ, եւ ակնհայտորեն մեծանում է մոտ ժամանակներս դրանց վերսկսման հնարավորությունը)»,- ասել է նա:
Վ.Կազիմիրովն անդրադարձել է նաեւ խաղաղապահների խնդրին` ասելով` անհրաժե՞շտ են արդյոք խաղաղապահներ: «Նախ անհրաժեշտ է համաձայնություն ձեռք բերել հանգուցային հարցերի շուրջ, հետո միայն կարելի է քննարկել խաղաղապահների ազգային կազմը»: Իսկ ԼՂՀ-ին բանակցային գործընթացից դուրս բերելը ռուս նախկին համանախագահը համարում է հայկական դիվանագիտության սխալը եւ ԵԱՀԿ անզորությունը, որը համաձայնել է աշխատել ներկայիս «ոչ լիարժեք» ձեւաչափով: Նա, այնուամենայնիվ, հավատում է, որ հակամարտության կարգավորման դինամիկային հնարավոր է հասնել, ամենայն հավանականությամբ, մոտավորապես 2010 թ.: