Ծայրահեղական մտքեր եւ բանական առաջարկների բացակայություն

09/02/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Վերջին շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հիմնախնդրին նվիրված քննարկումների աճ է նկատվում: Եվ զարմանալի զուգադիպությամբ բոլոր այդ հանդիպումներում էլ կարմիր թելի պես անցնում է «Ոչ մի թիզ հող թշնամուն» հայրենանվեր լոզունգը:

 Հետաքրքիր է, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների փարիզյան հանդիպումից ընդամենը օրեր առաջ: Տպավորությունն այնպիսին է, որ ԼՂ հարցում նման ծայրահեղական դիրքորոշում ունեցողների հաճախակիացած ասուլիսներն ու քննարկումներն ամենեւին էլ պատահական չեն: Այլապես ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ անցնող տարիներին այդ մարդիկ ԼՂ հարցում իրենց դիքորոշումները չէին շտապում ներկայացնել հանրությանը, իսկ այս օրերին, խոսքները մեկ արած, ասուլիսներ ու քննարկումներ են կազմակերպում` հայտարարելու, որ իրենց համար հարցի լուծման այս կամ այն ձեւն անընդունելի է: Ընդ որում, պետք է նկատել, որ խրոխտ ձայնով «Ոչ մի թիզ հող թշնամուն» լոզունգը հնչեցնողներն էլ, որպես կանոն, խնդրի կարգավորման որեւէ ճանապարհ չեն առաջարկում: Պարզվում է` այս օրերին ԼՂ հիմնախնդրի շուրջ միասնական կարծիք ձեւավորելու տենչանք է նկատվում կուսակցականացված հայ երիտասարդության մեջ: Եվ ահա երեկ Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) երիտասարդական թեւը նախաձեռնել եւ կազմակերպել էր ԼՂ հիմնախնդրին նվիրված քննարկում, որին մասնակցում էին մի շարք ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ: Միանգամից նշենք, որ քննարկում կոչվող վերոնշյալ միջոցառումն աչքի էր ընկնում խիստ ծայրահեղական մտքերի առատությամբ եւ բանական առաջարկների բացակայությամբ: Դատեք ինքներդ: «ԼՂ հարցը մեր ավագ եղբայրները լուծել են դեռ 1994-ին: Եթե Ադրբեջանը փորձի պատերազմ սկսել, ապա մենք պատրաստ ենք դրան եւ ուրախ կլինենք, որովհետեւ դեռ ունենք Արծվաշենի, Շահումյանի, Նախիջեւանի խնդիր»,- նման միտք հնչեցրեց արիների երիտասարդական կառույցի ղեկավար Էդգար Հելհելյանը: Վերջինս փոխանցեց, որ իրենք դեմ են ԼՂ հարցը հանրաքվեի միջոցով լուծելուն: Է. Հելհելյանի խոսքերով` իրենք դեմ են նաեւ Հայաստանում ՌԴ սահմանապահ ուժերի առկայությանը: «ՀՀ սահմանի պաշտպանությունը կարող է երաշխավորել միայն հայ զինվորը»,- վստահ է արի երիտասարդը: Հավաքի նախաձեռնողները ներկաներին առաջարկեցին ստորագրել ԼՂ հիմնախնդրի հետ կապված իրենց ներկայացրած հայտարարության նախագիծը: Իսկ դրանում առաջարկվում էր ի գիտություն ընդունել այն, որ հայերը Հայկական բարձրավանդակի տարածքում` իրենց բնօրրանում, չեն կարող ունենալ «գրավյալ» տարածք: «Հայ զինվորի արյամբ ազատագրված տարածքները թշնամուն զիջելը` հանուն «թվացյալ» խաղաղության, դավաճանություն է հայ ազգի եւ Հայաստանի հանդեպ: Մենք պատրաստ ենք դա ապացուցել եւ մեր հայրերի, եղբայրների թափած արյամբ ձեռք բերվածին տեր կանգնել»,- նշված է հայտարարության նախագծում: Արի երիտասարդները Հայաստանի իշխանություններին կոչ են անում երբեւէ չստորագրել որեւէ փաստաթուղթ, որը կնախատեսի «թեկուզ մեկ թիզ ազատագրված հողի զիջում»: ՀԱՄ-ի երիտասարդներն աննպատակահարմար են համարում հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայումը, քանզի նրանց համոզմամբ` ադրբեջանական հնարավոր ներխուժումից պաշտպանվելու համար Հայաստանը որեւէ ուժի կարիք չի զգում, իսկ այդ խաղաղապահ ուժերի տեղակայումն, ըստ նրանց, տարածաշրջանում կսրի քաղաքական իրավիճակը եւ բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի պետությունների եւ մեր երկրի հարաբերությունների վրա: Պարզ չէ սակայն, թե ի՞նչ իմաստ ունի վերոնշյալ ծայրահեղական մտքերն արտահայտելուց հետո մտահոգվել մեր երկրի` հարեւան երկրների հետ ունեցած հարաբերությունների որակով: Ինչեւէ, արի երիտասարդները հայտարարում են, որ իրենք չեն կարող ընդունել պարտվողական խաղաղությունը եւ ՀՀ իշխանություններից պահանջում են այդպիսի բովանդակությամբ ու հեռանկարով նվաստացուցիչ պայմանագիր չստորագրել: Պետք է փաստել, որ ԼՂ հարցում երեկվա հավաքի մասնակիցները համակարծիք չէին: Ասենք, Արշակ Սադոյանի ղեկավարած ԱԺԴ կուսակցության երիտասարդ ներկայացուցիչ Կարեն Վարդանյանի խոսքերով` խաղաղապահ ուժերի գաղափարն այնքան էլ ընդունելի չէ, քանզի միջազգային փորձը ցույց է տալիս, որ խաղաղապահ ուժերի տեղակայումն արդարացված չէ: Ինչպես երեւում էր` Կ. Վարդանյանը ծանոթ էր ՀՀ առաջին նախագահի հայտնի հոդվածին: Երիտասարդ արիների ներկայացրած հայտարարության նախագիծը երեկ ստորագրեցին միայն իրենք` երիտասարդ արիները: Հավաքի մյուս մասնակիցներն ասացին, որ այն կստորագրեն որոշակի քննարկումներից եւ շտկումներից հետո միայն: