Ղարաբաղում տարեսկզբին սկսվեցին կադրային փոփոխությունները, որոնց արդյունքում արդեն պաշտոնանկ են եղել 2 նախարարներ` ԼՂՀ քաղաքաշինության եւ ԼՂՀ սոցապահովության նախարարները: Կարճատեւ ընդմիջումից հետո դարձյալ կադրային փոփոխություններ տեղի ունեցան: ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանին աշխատանքից ազատելու մասին երկարատեւ ոչ պաշտոնական խոսակցությունները հաստատվեցին փետրվարի 6-ին, երբ ԼՂՀ նախագահի հրամանագրով` երկարամյա ծառայության թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվեց գլխավոր դատախազը, որի փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Զալինյանը, որին ներկայացրեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով Մ. Ղուկասյանին: Նախագահը նաեւ նշեց, որ կյանքը համակարգի առջեւ դնում է նոր խնդիրներ, որոնց լուծումը պետք է ստանձնի Դատախազության նոր ղեկավարությունը: Նախագահի խոսքերով, նորանշանակ ղեկավարը պետք է վարի հստակ կադրային քաղաքականություն եւ կանոնավոր ատեստավորումների միջոցով ապահովի դատախազության աշխատակիցների արհեստավարժությունը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանը: