Զավեշտալի թեկնածուն ընդդիմությունից

09/02/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ կոալիցիան խախտեց մեկ թեկնածուով մրցապայքարի դուրս գալու իր ավանդույթը, եւ ոչ միայն չզրկեց ընդդիմությանն իր թեկնածուով հանդես գալու հնարավորությունից, այլեւ մեծահոգաբար մի քանի ստորագրություն էլ իր կողմից ապահովեց, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանի իրենց թեկնածու Արմեն Հարությունյանը «միայնակ» չմնա: Այսինքն, ինչպես նշեց Հմայակ Հովհաննիսյանը, ու նաեւ հաստատեց Գալուստ Սահակյանը, Ռ. Թորոսյանն ընդամենը «բուտաֆորիա» էր:

«Ազգային Միաբանություն» խմբակցությանը հարկավոր էր 27 պատգամավորի ստորագրություն, որպեսզի հնարավորություն ունենար իր թեկնածու Ռուբեն Թորոսյանի թեկնածությունը ներկայացնել ԱԺ-ի քննարկմանը: Նրանց չօգնեցին անգամ «Արդարության» ու մի քանի անկախ պատգամավորների ստորագրությունները, ուստի անհրաժեշտ էր կոալիցիոն ուժերի աջակցությունը: «ԱՄ»-ին այս հարցում ձեռք չէին մեկնել միայն դաշնակցական պատգամավորները, ինչը, պարզվեց, նախկին դաշնակցական Ռ. Թորոսյանի ու ՀՅԴ-ի միջեւ դարավոր թշնամանքի հետեւանք էր: Ռ. Թորոսյանի հավաստմամբ` միայն դաշնակցական պատգամավոր Լեւոն Մկրտչյանը կարող է պատասխանել, թե ինչու են իրեն տարիներ առաջ հեռացրել ՀՅԴ-ից, որովհետեւ նա է ակտիվ մասնակից եղել դրան, իսկ ինքն անգամ տեղյակ էլ չէ` իրեն հեռացրե՞լ են ՀՅԴ-ից, թե՞ դեռեւս շարունակում է մնալ երդվյալ դաշնակցական ընկերների շարքերում: Բայց Լ. Մկրտչյանը հարկ չհամարեց արձագանքել մարդու իրավունքի պաշտպանի տվյալ պարագայում անպաշտպան թեկնածուին:

«Արդարություն» խմբակցության պատգամավորները, որոնք, չգիտես ինչու, հույս ունեին, թե կոալիցիան կընդունի իրենց առաջարկն ու հնարավորություն կտա Լարիսա Ալավերդյանին նիստի սկզբում հանդես գալ իր հաշվետվությամբ, որից էլ իրենք կկողմնորոշվեին` ում պաշտպանել` Լ. Ալավերդյանի՞ն, թե՞ Ռ. Թորոսյանին, երեկ հուսահատված ուղիղ եթեր էր պահանջում: Վիկտոր Դալլաքյանի այս առաջարկը քվեարկությամբ մերժվեց, իսկ երկրորդ առաջարկը, որով նա պահանջում էր, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանի մեկ տարվա գործունեության հաշվետվությունը ներկայացնի ոչ թե նոր պաշտպանը, այլ` Լ. Ալավերդյանը, մասամբ ընդունվեց: Լ. Ալավերդյանը ԱԺ կհրավիրվի նոր պաշտպան ընտրելուց հետո, եւ, որպես իր հաշվետվության հարակից զեկուցող, հանդես կգա ընդամենը հյուրի կարգավիճակով:

Իսկ «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանին բոլորովին այլ հարց էր հուզում` ինչո՞ւ կոալիցիան դաժանաբար դավաճանեց Լարիսա Ալավերդյանին. «Ինչո՞ւ կոալիցիան, որը մեկ տարի առաջ ջերմեռանդորեն սիրահարված էր Լարիսա Ալավերդյանին, հիմա հանկարծ խռովեց: Լավ, առանձին տղամարդն առանձին կնոջից կարող է խռովել, բայց մի ամբողջ կոալիցիա ինչո՞ւ խռովեց, եւ ինչո՞ւ է այդքան տղամարդուն ոչ վայել վարքագիծ դրսեւորում, որ անգամ զրկում է մարդուն իր կատարած աշխատանքի համար հաշվետվություն տալուց,- զարմացած հարցրեց Ա. Գեղամյանն ու հավելեց,- մի՞թե միակ տղամարդու օրինակը ձեզ բան չի հուշում, որ դուք էլ յուրաքանչյուրդ ձեր բնագավառում դառնաք այն միակ տղամարդը, որը հաշվեհարդար չտեսնի անպաշտպան կնոջից»: Սակայն կոալիցիայի կողմից անպատասխան մնացին Ա. Գեղամյանի եւ՛ այս հարցերը, եւ՛ այն մեղադրանքը, թե «մոտալուտ ժամանակներում իշխանությունների հանցավոր մասը մարդու իրավունքների պաշտպանի խիստ անհրաժեշտություն է ունենալու եւ, բնականաբար, այդ լիազորությունները պետք է իրականացնի իրենց համար վստահելի մարդ»:

Իսկ Ռ. Թորոսյանը, ինչպես նկատեցին պատգամավորները, առանձնապես չէր վիրավորվում իր «բուտաֆորիա» լինելու հանգամանքից: Նրան ամբիոն ու լսող էր պետք, նա 11 տարի ԱԺ ամբիոն չէր բարձրացել, մի լսարանում այդքան մարդ, տեսախցիկ ու իրեն հարցեր տվող, քայլող, խոսող մարդ չէր տեսել: «Ես մեկ էլ նոյեմբերի 25-ին «Մարիոտ» հյուրանոցում էի ինձ տեսագրող այսքան տեսախցիկ տեսել»,- խոստովանեց Ռ. Թորոսյանը: Նա ԱԺ ամբիոնից չիջավ անգամ այն բանից հետո, երբ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ավելորդ ասեկոսեներից զերծ մնալու համար են իրենք ստորագրել Ռ. Թորոսյանի թեկնածությունն առաջադրող թերթիկի տակ, որպեսզի իրենց թեկնածուն ալտերնատիվ թեկնածու ունենա ու իրենց չմեղադրեն մեկ թեկնածուով ընտրություն անցկացնելու մեջ: Այնուհետեւ, Գ. Սահակյանը հայտարարեց, որ օմբուդսմենի ընտրությունն իրենց համար քաղաքական խնդիր է, քանի որ «հանրաքվեից հետո քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել», իսկ այդ նոր իրավիճակի համար իրենք հարմար են գտել «կրթական զենզ, բարեկրթություն եւ իրավական գիտելիքներ» ունեցող Արմեն Հարությունյանի թեկնածությունը: Իսկ թե ինչ իրավիճակ է փոխվել հանրաքվեից հետո`

Գ. Սահակյանը չմանրամասնեց:

Իսկ Ռ. Թորոսյանի ելույթն ու հարցերին հետեւող պատասխաններն աննկարագրելի ուրախություն էին պատճառում պատգամավորներին: Նա մեկ հանրաքվեից էր խոսում, մեկ` իշխանությունների ու կոալիցիայի կատարած անօրինականություններից, մեկ` «մեր եվրոպական ասպարեզ դուրս գալուց»: «Կոալիցիան կոռուպցիայի իրականացնողն է»,- հայտարարեց Ռ. Թորոսյանը, ինչը վերջնականապես զայրացրեց Տիգրան Թորոսյանին:

Լարիսա Ալավերդյանի գործունեությունից դժգոհ ու իր 15 տարիների գործունեությունից գոհ Ռ. Թորոսյանն` ի պատասխան ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, թե ինչպիսի շոշափելի հաջողությունների է ինքը հասել այս տարիների ընթացքում, ասաց. «Եթե ես շոշափելի հաջողություններ ունենայի, ապա այս շոշափելի խորհրդարանը չպիտի լիներ»: Իսկ հարցին, թե ինչպես է նա պատկերացնում մարդու իրավունքների պաշտպանին, Ռ. Թորոսյանը պատասխանեց. «Իրավապաշտպանը բնավորություն է, եւ եթե մարդու մեջ դա կա` նա լինելու է մարդու իրավունքների պաշտպան: Ես ինչ անում եմ, սրտով եմ անում, առանց դրամաշնորհի»: Իսկ երբ պատգամավորները զարմացած միմյանց հարցնում էին, թե ինչու է նա համաձայնել որպես թեկնածու գալ ու նման զավեշտալի վիճակում հայտնվել, Արշակ Սադոյանը տեղից պատասխանեց. «Լավ ա արել, սիրտն ուզել ա, եկել ա»: Իսկ հետո Ռ. Թորոսյանը սկսեց դժգոհել Լարիսա Ալավերդյանից` ասելով, թե օմբուդսմենը չէր կարող հայտարարել, թե ինքը որպես օմբուդսմեն եկել էր աջակցելու ՀՀ նախագահին. «Ես դրանից հետո գնացի Լարիսայի մոտ, ասացի` դու ինչպե՞ս կարող ես նման բան ասել, միայն նախագահն այնքան սխալներ է արել, որ չի կարելի նրան դատարանից բաց թողնել»: Այս ամենը լսելուց հետո իր ստորագրությունից վերջնականապես փոշմանած Մանուկ Գասպարյանը` դիմելով Ռ. Թորոսյանին, ասաց, որ ինքն այլեւս կարող է համարվել պարտված թեկնածու եւ կարող է ամբիոնից իջնել, որովհետեւ գոնե ինքը չի ուզում նման ցածր որակի շոուի մասնակցել: «Լ. Ալավերդյանն ընդամենը մեկ սանտիմետր էր ոտքը դուրս դրել Ռ. Քոչարյանի գծից` հանեցին, դու ինչպե՞ս ես աշխատելու: Սա նման է շոուի, որը պատգամավորներին 5-6 ժամով գործից կտրելու համար է»,- ասաց նա: Իսկ հետո հայտարարեց, թե ինքը կմասնակցեր այդ շոուին, եթե կոալիցիան ուղիղ եթեր ապահովեր, քանի որ ինքը մի քանի «կոմպրոմատ» ուներ ներկայացնելու Արմեն Հարությունյանի դեմ: «Ես մեկ-երկու կոմպրոմատ ունեմ Արմեն Հարությունյանի վրա, բայց չեմ ասի, որովհետեւ ղարաբաղցի է ու, այսպես թե այնպես, անցնելու է, լավ մասնագետ է, աշխատելու է, չեմ ուզում այդ արատները ստացած գնա աշխատելու: Ինքը մեղք չունի, իրեն այդ պաշտոնին առաջադրել են, ես ուղղակի զարմացել եմ, թե ինչպես է նա համաձայնել»: Իսկ ինչ վերաբերում է Ռ. Թորոսյանին, Մ. Գասպարյանն ասաց. «Դուք երեւի ինքներդ էլ հույս չունեք, որ կընտրվեք: Բոլոր կամուրջները վառեցիք, եթե առաջ գոնե 10 տոկոսի շանս ունեիք, հիմա դուք այն ձեր ձեռքով հավասարեցրիք զրոյի: Եթե սա ձեր համար քաղաքական շոու է` քաղաքական դաշտում ինքնահաստատվելու, ռեյտինգը բարձրացնելու համար` ստացվեց»:

Իսկ Արմեն Հարությունյանի ելույթը շատ կարճ էր, որի ընթացքում նա ընդամենն ասաց, թե այն պահին, երբ մարդու իրավունքների պաշտպանն օրենքների «արգումենտը դրեց մի կողմ եւ սկսեց կոնյունկտուրային մոտենալ հարցին ու քաղաքական հարթություն մտավ, այդ րոպեից դադարում է դառնալ օմբուդսմեն»: Որքան էլ զարմանալի է, ընդդիմադիր եւ ոչ մի պատգամավոր Ա. Հարությունյանից չհետաքրքրվեց, թե ինչպես է ինքը շրջանցելու նախագահի ապարատից ու ԱԺ-ից իրեն ուղղված հրահանգները: Կամ` ինչպե՞ս է ինքը նման հայտարարություն անում, երբ իր թեկնածությունը ներկայացրած քաղաքական ուժերից մեկի ղեկավարը` Գալուստ Սահակյանը, խոստովանում է, որ իր թեկնածության առաջադրումն իրենց համար քաղաքական հարց է, որն առաջ է եկել հանրաքվեից հետո:

Փոխարենը ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը հետաքրքրվեց` Ա. Հարությունյանը սիրո՞ւմ է այն մարդկանց, ում իրավունքները պետք է պաշտպանի: Ինչեւէ, այսօր` փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրվի ՀՀ երկրորդ օմբուդսմենը: Ռ. Թորոսյանի ելույթից ու հայտարարություններից հետո, կարծեք, ընդդիմությունն էլ էր արդեն հակված քվեարկել հօգուտ Արմեն Հարությունյանի: Իսկ գուցե Ռ. Թորոսյանի թեկնածության առաջադրումը հենց այդ նպատա՞կն ուներ: