Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, կառավարության այլ անդամներ, ինչպես նաեւ` Դատախազության, Ոստիկանության, դատարանների եւ իրավաբանական միությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկա էին նաեւ ՀՀ-ում ԱՄՆ եւ ՌԴ դեսպանները: Ներկաների թվում չէր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ում բացակայությունը պատճառաբանվեց առողջական խնդիրներով: Ներկա չէր նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վերջինս էլ, ինչպես տեղեկացրեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, այդ պահին մասնակցում էր մեկ այլ միջոցառման: Բացակայում էր նաեւ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Սակայն վերոնշյալ բացակայողներն ուղարկել էին ՍԴ-ին ուղղված իրենց շնորհավորական ուղերձը: Միջոցառման ժամանակ շնորհավորական ելույթներ ունեցան ՍԴ նախագահը, ԱԺ նախագահը, արդարադատության նախարարը եւ այլք: Հարկ է նշել, որ ԱԺ նախագահը դատարկ չէր եկել: Նա իր հետ բերել էր ԱԺ ոսկյա շքանշան, որով պարգեւատրեց ՍԴ նախագահ Գ. Հարությունյանին: Իսկ ՍԴ մյուս անդամներին ԱԺ նախագահը պարգեւատրեց շնորհակալագրերով եւ անվանական ժամացույցներով: Իր հերթին մի քանի պարգեւներ հանձնեց ՍԴ նախագահը: Վերջինս ՍԴ Սահմանադրական արդարադատության մեդալով պարգեւատրեց ՍԴ նախկին անդամ, մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանին: Գ. Հարությունյանը ՍԴ պատվոգրով պարգեւատրեց ՍԴ-ում վիճարկվող ամենաշատ հարցերը ներկայացրած` արդարադատության նախարարին: Նույն պարգեւին արժանացան նաեւ ՍԴ` արդարադատության նախարարից փոքր-ինչ պակաս թվով վիճարկվող հարցեր ներկայացրած Կարեն Ճշմարիտյանն ու Սերժ Սարգսյանը: Իսկ ելույթի իր խոսքում ՍԴ նախագահը նշեց, որ անցած 10 տարիների ընթացքում ՍԴ է մուտքագրվել շուրջ 2500 դիմում, ընդունվել է 754 աշխատանքային որոշում, քննության է առնվել 617 գործ: «Երբ ձեւավորվեց ՍԴ-ն, սկզբում ասում էին, թե ՍԴ անդամները ցմահ են: Հետո պարզվեց, որ ԱԺ-ում ավելի շատ ցմահ պատգամավորներ կան, քան ՍԴ-ում` ցմահ անդամներ: Անցած տարիներին ՍԴ անդամների կեսից ավելին փոխվել է»,- երեկ նշեց ՍԴ նախագահը: Վերջինս նաեւ ընդգծեց, որ այսօր ՀՀ ՍԴ-ն ունի միջազգային բավականին բարձր հեղինակություն: Սակայն Գ. Հարությունյանը կարծում է նաեւ, որ հանրության շրջանում ՍԴ հեղինակությունն այնքան էլ մեծ չէ: Միեւնույն ժամանակ ՍԴ նախագահը հույս ունի, որ հանրային այդ կարծիքը կփոխվի այս տարվա հուլիսի 1-ից, քանզի այդ օրվանից, համաձայն փոփոխված Սահմանադրության, ՀՀ քաղաքացիները ՍԴ դիմելու իրավունք են ստանում: Ինչեւէ, միջոցառման մասնակիցների մեծ մասը միջոցառման ավարտից անմիջապես հետո հեռացավ: Հարկ է նշել, որ երեկվա միջոցառման մասնակից միակ ընդդիմադիրն ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանն էր: Պետք է նկատել, որ ՍԴ 10-ամյակը չշնորհավորեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Համենայնդեպս երեկ նրա անունից որեւէ ուղերձ այդպես էլ չընթերցվեց: