Ինչու է ժողովուրդը հայհոյում երկիրը «ստեղծողներին»

09/02/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Արտասահման մեկնելու համար անձնագիր պետք է ունենան նաեւ անչափահասները: Չափահաս դառնալու անձնագիրը ստանում են Ոստիկանության Անձնագրային վարչության տարածքային բաժիններից, ըստ բնակության վայրի: Իսկ անչափահասների անձնագիրը «հանում» են միայն Անձնագրերի եւ վիզաների վարչությունից՝ ՕՎԻՐ-ից: Այսինքն, Սյունիքի կամ Լոռու մարզի ծայրամասային գյուղի բնակիչը դրա համար պետք է գա-հասնի մայրաքաղաք:

Մինչեւ 2005թ. կեսերը Ռուսաստանը հայաստանցի անչափահասներից անձնագիր չէր պահանջում: Բավարար էր ծննդյան վկայականը եւ վկայականի՝ նոտարի կողմից արված ռուսերեն թարգմանությունը: Բայց արդեն կես տարի է, ինչ մեր «մեծ ախպեր» Ռուսաստանը մեզ համար էլ է իր մուտքի ռեժիմը խստացրել: Իսկ Հայաստանից ժամանակավոր կամ հիմնական արտագաղթողների մեծ մասի ուղղությունը դեպի Ռուսաստանի Դաշնություն է: Եվ հիմա արդեն Ռուսաստանում աշխատող հայ «խոպանչիներն» իրենց երեխաների համար պարտադիր կերպով անձնագիր են «հանում»: Նույնիսկ հանգիստը ՌԴ-ում մեկ ամիս անցկացնելու համար անձնագիր է պահանջվում նաեւ ընտանիքի անչափահաս անդամից: Բայց սա չէ մեզ անհանգստացնողը: Պահանջվում է՝ կհանենք, խնդիր չկա: Սակայն խնդիրներն առաջանում են Հայաստանում՝ անձնագրերը հանելիս:

Սկսենք սկզբից: Գալիս ենք Անձնագրային վարչություն եւ ուզում ենք իմանալ, թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Պահակակետի ոստիկանները մեզ ցույց են տալիս շենքի դրսի պատին փակցված հայտարարությունները: Ծանոթանում ենք: Եթե ամեն ինչ հասկանալի է, գնում ենք փաստաթղթերը պատրաստելու: Իսկ եթե ինչ-որ բան անհասկանալի է մնում, ոչ մեկից չենք կարողանում ճշտել: Ոստիկանները դժկամությամբ են դիմողների հարցերին պատասխանում, իսկ համապատասխան բաժնի աշխատակիցների հետ ընդհանրապես հնարավոր չէ շփվել, նրանք հասարակ մահկանացուների համար անհասանելի են: Եվ անորոշության մեջ հայտնված քաղաքացին գնում է ու փաստաթղթերը հավաքած հետ է գալիս: Հանձնելուց, հանկարծ, պարզվում է, որ ինչ-որ թուղթ ճիշտ չէ ձեւակերպվել կամ էլ ընդհանրապես չկա: Բնականաբար, նա պետք է դուրս գա ու ամեն ինչ նորից ճշտի: Թյուրիմացությունների մեջ ավելի շատ ընկնում են մարզերից ու գյուղերից եկած քաղաքացիները:

Իսկ որպեսզի ամեն ինչ հեշտ ստացվի, ՕՎԻՐ-ի շրջակայքում կան համապատասխան բոլոր ծառայություններն իրականացնող գրասենյակները: Այդ մասին պահակակետի ոստիկանները տեղեկացնում են առանց դժկամության: Քաղաքացին, եթե կասկածում է, թե ինքը ճիշտ կլրացնի դիմումը, դիմում է ՕՎԻՐ-ի անմիջապես դիմաց գտնվող համապատասխան գրասենյակ: Այնտեղ կա մի սեղան եւ մի աթոռ, որի վրա մի կին է նստած: Մի քանի տողով դիմում գրելու համար նա քաղաքացուց 1000 դրամ է պահանջում: ՕՎԻՐ-ին կից կա նաեւ լուսանկարչատուն եւ պատճենահանման կետ, որտեղ դարձյալ ծառայությունները մատուցվում են իրականից ավելի թանկ գներով: Անձնագիր հանելու համար պահանջվում է վճարել նաեւ պետական տուրք, որը տատանվում է 2000-6000 դրամի սահմաններում՝ կախված երեխայի տարիքից: Բացի դրանից, պահանջվում է նաեւ ծնողների համաձայնությունը` վավերացրած նոտարի կողմից: Այսինքն, ծնողների ներկայությունը հիմք չէ, որ նրանք ուզում են իրենց երեխայի համար անձնագիր ստանալ եւ նրան Ռուսաստան կամ մեկ այլ երկիր տանել, նոտարն էլ պետք է վավերացնի: Ամեն ինչ մտածված է՝ ՕՎԻՐ-ում մատնացույց են անում նաեւ մոտակա նոտարական գրասենյակի տեղը: Օրինակ, Մաշտոց պողոտայի Պուշկին-Թումանյան հատվածում գտնվող նոտարական գրասենյակն այդ վավերացման համար պահանջեց 8000 դրամ, եթե, իհարկե, մեկ երեխա ունես, երկուսի դեպքում՝ 16.000 դրամ: Փաստաթղթերը հանձնող քաղաքացիները նոտարի համաձայնությունը տարբեր գներով՝ 3000, 5000 դրամով էին ձեռք բերել: Իսկ եթե ծնողներից մեկը Ռուսաստանում է եւ ուզում է իր երեխային տանել, նա համաձայնությունը տեղի դեսպանատնից կամ հյուպատոսությունից պետք է ձեռք բերի, որը, ասում են, արժե մոտ 100 դոլար: Իսկ եթե երեխայի անձնագիրը հանելուց հետո ծնողներից մեկն ավելի շուտ է մեկնում, ապա նոտարական եւս մի թուղթ է անհրաժեշտ (համաձայնություն այն մասին, որ հետո իր երեխան գա իր մոտ): Իսկ նոտարների վավերացումը ստանալու պահը կարելի է պատկերացնել միայն նրանց հետ գործ ունենալուց հետո: Մի խոսքով՝ մեծ գլխացավանք: Պահանջվող փաստաթղթերը հավաքելուց հետո քաղաքացիները ժամը 11-ից կարող են հերթ կանգնել եւ դրանք հանձնել: Հերթը պահպանվում է հայկական կանոններով: Լոռուց եկած միամիտ գյուղացին կարող է ամբողջ օրը հերթ կանգնել եւ չկարողանալ իր փաստաթղթերը հանձնել: Իսկ փաստաթղթերն ընդունող երիտասարդ տղան ունի մի քանի հեռախոս, որոնցով անընդհատ խոսում է: Դե, պատկերացրեք՝ նա մինչեւ մի խոսակցությունն ավարտում է, կամ դեռ չավարտած՝ զանգահարում է մյուս հեռախոսը, եւ այդպես շարունակ… Խոսակցությունների արանքում մի կերպ հասցնում է շփվել ժողովրդի հետ: Ի դեպ՝ մուննաթով: Իսկ սենյակում, ուր փաստաթղթեր են հանձնում, անմիջապես դռան մոտ դրված է մի սեղան ու մի աթոռ, որի վրա ինքն է նստած: Մարդիկ մտնում են փաստաթղթերը ձեռքներին եւ վզները ծռած սպասում են, մինչեւ նա հեռախոսազրույցների արանքում հասցնի իրենց հետ էլ շփվել: Դրսում հաճախորդների համար գոնե մի քանի աթոռ չկա դրված: Ու հավաքված մարդիկ, կարգազանցներին հերթից շուտ մտնել թույլ չտալու համար, բնականաբար, վեճեր են ստեղծում: Մի քիչ աղմուկ է լինում թե չէ՝ ընդունող տղան սենյակից դուրս է գալիս ու սկսում է հանդիմանել. «Չե՞ք կարող հանգիստ կանգնել: Էս ի՞նչ անշնորհք ժողովուրդ եք, տո… Չե՞ք զգում, որ խանգարում եք»,- դժգոհում է՝ հաշվի չառնելով, որ հերթը ձգվում եւ խախտվում է հիմնականում իր պատճառով:

Մի խոսքով, փաստաթղթերը հանձնելուց միայն տասն օր հետո քաղաքացին կարող է իր երեխայի անձնագիրը ստանալ: Իսկ այդ արարողությունը սկսվում է ժամը 15:00-ին: Մինչ այդ դրսում նորից մեծ հերթ է գոյանում: Ժամը 14:00-15:00-ն Անձնագրային վարչությունում ընդմիջում է լինում, եւ դրսի դռնից ոչ ոքի թույլ չեն տալիս ներս մտնել: Նշանակություն չունի, թե այդ պահին դրսում ինչ եղանակ է՝ սառնամանի՞ք է, ձյո՞ւն է գալիս, թե՞ տեղատարափ անձրեւ է: Ոստիկանները մարդկանց թույլ չեն տալիս կանգնել նույնիսկ մուտքի ծածկի տակ: «Չի թույլատրվում, պետք է մուտքն ազատ լինի»,- ասում են նրանք:

Ժամը 15:00-ից հետո դուռը բացում են, ու խմբված մարդիկ իրար հրելով-հրմշտելով, մի կերպ ներս են խցկվում եւ բարձրանում են թիվ 204 սենյակ՝ անձնագրերը ստանալու: Այստեղ էլ նույն վիճակն է: Երիտասարդ աշխատակիցները մուննաթով, գոռգոռալով են սպասարկում ժողովրդին ու միաժամանակ դժգոհում են, թե՝ «էս ինչ անմակարդակ ժողովուրդ եք»: Հերթից եթե մեկը համարձակվում է ընդդիմանալ, նրա վրա ավելի բարձր են գոռում: Եթե մեկի համար ինչ-որ բան անհասկանալի է մնում, եւ նա ուզում է պարզել՝ չեն պատասխանում: «Ամեն մեկը որ մի հարց տա, պատկերացնո՞ւմ եք ինչ կստացվի»,- արդարանում են Անձնագրային վարչության աշխատակիցները:

Եվ անձնագրեր ստացողներն այս մղձավանջից մի կերպ դուրս պրծնելով՝ սկսում են Անձնագրային վարչության աշխատողներին ու այս երկիրը ստեղծողներին հայհոյել ու սպառնալ, թե մեկնելուց հետո էլ ետ չեն վերադառնա: Իհարկե, ոմանց հաջողվում է նաեւ ամեն ինչ շատ հեշտ, առանց ավելորդ քաշքշուկների կազմակերպել: Դրա համար, բնականաբար, անհրաժեշտ է ծանոթ-բարեկամի ընդամենը մեկ հեռախոսազանգ եւ կամ` գրպանում կաշառքի համար գումար ունենալ: