600 մլն ներդրում` գինու գործարանում

09/02/2006

Վերջերս, ԼՂՀ կառավարության որոշմամբ, մի շարք ձեռնարկությունների թվում մասնավորեցվել է նաեւ Ստեփանակերտի գինու գործարանը։ Ձեռնարկության գնորդը «Ղարաբաղ գոլդ» ընկերության կողմից ստեղծված «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն է։

 ԼՂՀ Տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների զարգացման նախարարության տվյալներով, 2006թ. հունվարի 1-ի դրությամբ ընկերությունն ունեցել է 73 մլն 23 հազար դրամ պարտք, որը փոխանցվել է գնորդին։ «Հաշվի առնելով, որ ընկերությունը երկար տարիներ աշխատել է վնասով, եւ նրա հաշվեկշռում կուտակված վնասը կազմում է շուրջ 80 մլն դրամ, իսկ գնորդը պարտավորվել է երկու տարվա ընթացքում իրականացնել 600 մլն դրամի ներդրումային ծրագիր, ստեղծել լրացուցիչ հարյուր աշխատատեղ եւ ապահովել գործարանի անխափան աշխատանքը, կառավարությունն ընդառաջելով` հարմար է գտել ընկերությունը վաճառել 30 մլն դրամով»,- ասաց նախարարության պետական գույքի կառավարման եւ մասնավորեցման բաժնի պետ Արսեն Աբրահամյանը։ Գնորդը պարտավորվել է այդ գումարը մուծել մինչեւ 2006թ. ապրիլի 1-ը։ Բացի գինու գործարանից, անցյալ տարի հանրապետության տարածքում մասնավորեցվել է եւս ութ ընկերություն, որոնց գնահատված արժեքը կազմել է 111,1 մլն դրամ։ Վերոնշյալ ընկերությունների գնորդները պարտավորվել են իրականացնել 56,2 մլն դրամի ներդրումներ։ Ընդհանուր առմամբ, անցյալ տարի մասնավորեցվել է 91 օբյեկտ: Ամբողջ 2005թ. ընթացքում կառավարման բաժինն ընդունել է օբյեկտների մասնավորեցման 81 հայտ։ Ա. Աբրահամյանի խոսքերով` պետական գույքի մասնավորեցումից պետբյուջե է փոխանցվել 250,3 մլն դրամ, իսկ պետական գույքի օտարումից՝ 267,8 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ, 2006թ. հունվարի 1-ի դրությամբ մասնավորեցված է պետական բաժնեմաս ունեցող 65 ընկերություն, որից 33-ը՝ ուղղակի վաճառքի ձեւով, 18-ը՝ մրցութային եղանակով, իսկ 14-ը՝ անհատույց տրամադրման։