Կենսական այս հարցերի քննարկմանն այդպես էլ անհաղորդ մնաց Ալավերդու բնակչությունը։ Քննարկմանը չմասնակցեցին անգամ քաղաքապետարանի բյուջետային հիմնարկների ղեկավարները, Հարկային տեսչության պետն ու գանձապետը, Լոռու մարզպետը, ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության որեւէ ներկայացուցիչ, Լոռու մարզից ընտրված ԱԺ պատգամավորները։ Վերջիններիս բացակայությունը կարելի է որակել որպես անտարբեր վերաբերմունք համայնքի խնդիրների նկատմամբ:
Քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման եռամյա ծրագրում ընդամենը նշված էին ծրագրային առաջարկների անվանումները եւ արժեքները։ Թե եռամյա ծրագրի իրականացման համար ծրագրով պահանջվող շուրջ 800 մլն դրամը ի՞նչ աղբյուրներից պետք է գոյանա, եւ քաղաքապետարանն այդ առաջարկներն ի՞նչ ժամկետներում է իրականացնելու, պարզ չէ։ Առանց որեւէ հարցադրման ավագանին հաստատեց քաղաքի զարգացման ծրագիրը։ Միաձայն հաստատվեցին նաեւ 2005թ. բյուջեի եկամուտների հավաքագրման եւ ծախսերի 9 ամսվա արդյունքները (թեեւ դրանք պատրաստ էին լինելու միայն 2006թ. հունվարի 20-ից հետո)։
2005թ. բյուջեով նախատեսվել էին 205 մլն դրամի եկամուտներ եւ պաշտոնական տրանսֆերտներ, որից 75 մլն դրամը կազմել է պետական դոտացիան։ Այն ժամանակին վճարվել է պետբյուջեից։ Ալավերդու համայնքի բյուջեի հիմնական խնդիրը սեփական եկամուտների մուտքերի ապահովման մասով է, մասնավորապես` հարկային եկամուտների գծով։ Պլանավորված 81 մլն դրամի դիմաց հարկային եկամուտների մուտքերը կազմել են 23,4 մլն դրամ, որի 9,3 տոկոսը հողի հարկ է, 33,8 տոկոսը՝ գույքահարկ։ Մուտքերի հավաքագրման ցածր ցուցանիշները քաղաքապետարանը բացատրում է բնակչության անվճարունակությամբ։ Սակայն դրան նպաստում է նաեւ այն, որ բյուջեի ծախսային մասը չի հրապարակվում, որն էլ առաջացնում է հարկատուների անվստահությունը։ Արդյունքում վնասները քիչ չեն։ Ինչպես հայտնեց քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Սամվել Աբելյանը, հարկատուների` համայնքի բյուջեին ունեցած պարտքը 100 մլն դրամից ավելի է։ Բնականաբար, բյուջեով նախատեսված բոլոր միջոցառումները չեն իրականացվել: Ավելին` քաղաքապետարանն առայսօր բյուջետային հիմնարկների իր աշխատողներին պարտք է 6 ամսվա աշխատավարձ` շուրջ 40 մլն դրամ։
Իրականում խնդիրը ֆոնդային բյուջեի, այսինքն` համայնքի սեփականությունը հանդիսացող հիմնական միջոցների (շենք, շինություն եւ ոչ բնակելի տարածքներ) օտարման մեջ է։ Ըստ քաղաքապետարանից ստացված պաշտոնական տեղեկանքի` 2003-2005թթ. վաճառվել են համայնքի սեփականությունը հանդիսացող 43 օբյեկտներ, որից ֆոնդային բյուջե 3 տարիների ընթացքում մուտք է եղել շուրջ 26 մլն դրամ։ Ալավերդու գանձապետարանում այդ մուտքերը կազմում են 34 մլն դրամ։ Ենթադրվում է, որ քաղաքապետարանն առանձին օբյեկտների վաճառքի գործարքներ դեռեւս թաքցնում է հասարակությունից։ Արտաքուստ թվում է, թե այդ օբյեկտները վաճառվել են օրինական ճանապարհով։ Շենքերն ու շինությունները գնահատել է Վանաձորի անշարժ գույքի գործակալությունը։ Համայնքի ավագանին իրավունք ուներ բարձրացնել սահմանված մեկնարկային գները, ինչը չի արել։ Օբյեկտներն օտարելու մասին համայնքի ավագանու որոշումներն ավագանու 15 անդամներից, որպես կանոն, ստորագրել են 8-ը։ Մյուսները, թեեւ դեմ են եղել մեկնարկային գներին, սակայն այդ մասին չեն բարձրաձայնել։ Արդյունքում այդ օբյեկտների վաճառքից գրոշներ են մուտքագրվել համայնքի ֆոնդային բյուջե։ Օրինակ` Ալավերդու թիվ 8 մանկապարտեզի շենքը (378 քմ) 1,5 մլն դրամով վաճառվել է նախկին քաղաքապետի` Սարիբեկ Օհանյանի կնոջը՝ Անահիտ Սահակյանին, որն էլ մի քանի ամիս հետո 6,5 մլն դրամով այն վերավաճառել է։ 14 մլն դրամով վերավաճառվեց նաեւ 1,6 մլն դրամով գնված թիվ 4 մանկապարտեզի շենքը։ Քաղաքի թիվ 7 մանկապարտեզի շենքը (707 քմ) 2 մլն դրամով ուղիղ վաճառքով 2005թ. տրվեց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբոր կնոջը՝ Լաուրա Մելիքսեթյանին, որն այն օգտագործում է նաեւ որպես բնակարան։ Նշենք միայն, որ Ալավերդիում անգամ 2 սենյականոց բնակարանը 2 մլն դրամով հնարավոր չէ ձեռք բերել:
Համայնքի սեփականության օտարման գործարքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ֆոնդային բյուջեից 2003-2005թթ. փոշիացվել կամ յուրացվել է շուրջ 100 մլն դրամ։ Ալավերդիում շրջանառվում է նաեւ գնորդների կողմից օտարված շենքերից քաղաքապետարանին ստվերային գումարներ վճարելու մասին։
Համայնքի 2006թ. բյուջեն նույնպես ավագանին հաստատեց միաձայն։ Առարկություններ եւ առաջարկություններ չեղան ոչ միայն 2006թ. բյուջեի եկամուտների պլանավորման ու ծախսերի վերաբերյալ, այլեւ եկամուտների նոր կանխատեսումների շուրջ։ Միակ առաջարկությունը վերաբերում էր քաղաքապետի աշխատավարձի չափի ավելացմանը։ Ավագանու անդամ Գագիկ Էվոյանն առաջարկեց ներկայիս 80 հազար դրամը դարձնել 150 հազար դրամ։
Ավագանու անդամ Լաուրա Մելիքսեթյանն էլ, որին նորընտիր քաղաքապետը թիվ 7 մանկապարտեզի շենքը ջրի գնով նվեր էր տվել, պաշտպանեց առաջարկը, իր ելույթում էլ ասաց, թե «պետք չէ պլեբեյ լինել։ Քաղաքապետը պետք է եւ՛ լավ ծառայողական ավտոմեքենա ունենա, եւ՛ բարձր աշխատավարձ ստանա, եւ՛ լավ ապրի»։ Թեեւ նախորդ ավագանու նիստում քաղաքապետն իր համար նոր ծառայողական ավտոմեքենա գնելու մասին ավագանու առաջարկը չէր մերժել, այս մեկը մերժեց։ Ավագանին չքվեարկեց։
2006թ. հաստատված բյուջեով նախատեսված եկամուտները եւ պաշտոնական տրանսֆերտները կազմում են 206 մլն դրամ, որից վարչական բյուջեն` 187 մլն, ֆոնդային բյուջեն՝ 19 մլն դրամ։ Հարկային եկամուտների մասով 2006թ. բյուջեի կանխատեսումները քիչ են տարբերվում 2005-ից։ 81 մլն-ի դիմաց պլանավորվել է 83,8 մլն դրամ։ Հարկային ապառքների հավաքագրումը կշարունակի մնալ որպես հիմնախնդիր։ Իհարկե, Ալավերդու այս քաղաքապետն էլ հնարավորություն կունենա համայնքի սեփականություն հանդիսացող շենքեր ու շինություններ վաճառել։ Ո՞վ կշահի դրանից` ֆոնդային բյուջե՞ն, Ալավերդի՞ն, թե՞ քաղաքապետը, այնքան էլ անկանխատեսելի չէ։
www.hetq.am