Եթե հիշում եք, սրանից մոտ 1 ամիս առաջ բնակիչների շրջանում սոցհարցում էր անցկացվել, որից երեւում էր, որ ՀՀ բնակիչների մեծամասնությունը չի հավատում կամ չի ուզում հավատալ, որ ռուսները կբարձրացնեն մեզ մատակարարվող գազի գինը։ Իսկ ահա Panorama.am ինտերնետային կայքի կազմակերպած հարցման մասնակիցներն ավելի իրատես են։ 23,1%-ը գտնում են, որ գազի գինը կլինի 65-85 դոլար, 26,9%-ը՝ 85-95, իսկ հարցվածների կեսը համոզված է, որ գինը 95 դոլարից պակաս չի լինելու։
Այլեւս չենք ուզում կանխատեսումներ անել, մանավանդ, որ քիչ մնաց սպասելու (համենայն դեպս, այդպես են ասում)։ Այլ հարց է` գնի բարձրացման դեպքում ի՞նչ հետեւանքներ կարելի է սպասել։ Մեկ ամիս ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը հավաստիացրեց, որ թանկացման դեպքում մենք կարող ենք այնպես անել, որ բնակչությունն այդ թանկացումը իր մաշկի վրա չզգա՝ ներքին ռեսուրսների հաշվին։ Թե որոնք են այդ «ներքին ռեսուրսները», երկար ժամանակ ոչ ոք հստակ պատասխան չէր տալիս։ «Գույք` պարտքի դիմաց» տիպի գործարքի կնքումը պաշտոնապես մերժվեց, ՌԴ-ից վերցնելիք վարկը՝ նույնպես։ Իսկ միջազգային կազմակերպություններից վարկ վերցնելը «ներքին ռեսուրս» չէ։ Այս առնչությամբ անցյալ շաբաթ շատ հետաքրքիր հայտարարություն արեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Վ. Հովհաննիսյանը, որը զարմանալիորեն դուրս մնաց մամուլի ուշադրությունից։ Նա, ըստ էության, պարզաբանեց, որ «ներքին ռեսուրսներ» ասելով` անհրաժեշտ է հասկանալ ստվերային հատվածը։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է պատկերացնում պրն Հովհաննիսյանն այդ տարբերակը։ Ասենք, ստվերային հատվածն իրոք կրճատվեց եւ բյուջեի մուտքերն ավելացան։ Հետո՞։ Այդ ավելացված միջոցներով պետությունը փոխհատուցելո՞ւ է գազի թանկացումը։ Թեկուզ` մասնակիորեն, թեկուզ` առաջիկա 1 տարվա համար։ Դժվար է պատկերացնել։ Այդպիսի սցենարը նշանակում է, որ գնի տարբերությունը, կոպիտ ասած, «հանելու են ժողովրդի ջանից», որի համար էլ իբր մտածում են։ Այդպես ենք կարծում, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ «ստվերի դեմ» պայքար ասելով՝ մերոնք հիմնականում ի նկատի ունեն մանր ու միջին գործարարներին ավելի ինտենսիվ կլպելը։ Այդ դեպքում միգուցե ավելի նպատակահարմար է ոչ մի բան էլ չանել, մարդիկ գոնե հարկային մարմինների հետ քիչ կառնչվեն։
Մնում է միայն պարզել, թե Անդրանիկ Մարգարյանը, «ներքին ռեսուրս» ասելով, նկատի ուներ հենց այն, ինչի մասին խոսում էր պրն Հովհաննիսյա՞նը։ Եթե այդպես է (իսկ դա ցույց կտա միայն ժամանակը), ապա մեր մանր ու միջին գործարարները՝ խանութ ու կրպակ, ինտերնետ ակումբ, փոքր արտադրություններ եւ այլ օբյեկտներ ունեցողները (եւ, միեւնույն ժամանակ, «տանիք» չունեցողները), պետք է առաջիկայում պատրաստվեն «լավ» ժամանակների։
Ինչ վերաբերում է գազի թեմային եւ Ռուսաստանի քաղաքականությանը, ապա հարձակումները Ռուսաստանի վրա շարունակվում են։ Եթե ետ նայենք եւ վերլուծենք «գազազուրկ» օրերը, ապա կտեսնենք մի պարզ ճշմարտություն։ Ըստ էության, մենք այդ պայթյուններից չտուժեցինք։ Մեր գազի պաշարները ծայրը ծայրին հասցրին, ասես ամեն ինչ հաշվարկված լիներ։ Գազամատակարարման սահմանափակումներ չեղան, եւ դադարեցվեց միայն Հրազդանի ՋԷԿ-ի մատակարարումը։ Ընդ որում, այս դեպքում էլ տուժեցինք ոչ թե մենք, այլ Վրաստանը, քանի որ Հրազդանի ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան արտահանվում է Վրաստան։ Միգուցե Վրաստանի բարձրաստիճան այրերի մեղադրանքների մեջ որոշ ճշմարտություն կար. դժվար է ասել։ Իսկ մենք դեռ սպասողական վիճակում ենք։ Ռուսները բոլորին ապացուցում են, որ իրենք գործում են շուկայական սկզբունքներով, որին ԱՊՀ երկրները պետք է պատրաստված լինեին, իսկ մեր իշխանավորները նախապատրաստում են մեր ժողովրդին, որ մենք ռուսների համար բացառություն չենք։
Իսկ Մյունխենում անցկացված անվտանգության հարցերին նվիրված կոնֆերանսի ժամանակ, երբ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը մեղադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայի եւ Վրաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, ՌԴ փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Ս. Իվանովը պատասխանել է. «…Մենք հարեւանների վրա ճնշում չենք գործադրում։ Դուք կամ վատ եք տեղեկացված, կամ ինչ-որ բան չեք հասկանում։ Մենք գները բարձրացրել ենք բոլորի, այդ թվում եւ` մեր ամենամոտ դաշնակցի՝ Հայաստանի համար»։
Հետաքրքիր է, ի՞նչ արդարացում պետք է գտներ պրն Իվանովը, եթե մեր նկատմամբ բացառություն արած լինեին։ Մենք էլ այդ ձեւով ենք պետք գալիս Ռուսաստանի պես հզոր երկրին. մեզնով արդարացնում են իրենց քայլերը։ Բայց դե ինչ արած, չէ՞ որ ռազմավարական գործընկերներ ենք։ Այս ֆոնի վրա հետաքրքիր է նաեւ մեր ընդդիմադիր գործիչների կեցվածքը, որոնց մեծ մասը զգուշանում է Ռուսաստանի հասցեին կտրուկ հայտարարություններ անելուց։ Կարելի էր ենթադրել՝ վախենում են, որ ընտրությունների ժամանակ ռուսներն իրենց «թարս աչքով» կնայեն, բայց եթե հիշում ենք ռուսների դիրքորոշումը նախորդ ընտրությունների ժամանակ, այս վարկածն այնքան էլ հավանական չի թվում։ Ինչեւէ, մենք ապրում ենք այս երկրում, որը, թեեւ Սահմանադրությամբ ինքնիշխան է, սակայն հայացքը միշտ «դրսերն է»։ Որպեսզի տխուր նոտայով չավարտեմ, մեջբերեմ Panorama. am-ի մեկ այլ հարցման արդյունքները։ «Գո՞հ եք արդյոք, որ ծնվել եք Հայաստանում» հարցին մասնակիցների 64,7%-ը պատասխանել է «այո», 10,8%-ը՝ «դեռ այո»։ Հաշվի առնելով, որ այս դեպքում «այո»-ների թիվն ուռճացնելու մոտիվ չկար, եւ քվեարկածներն էլ հեռուստախցիկի առջեւ նստած չեն եղել, որ փորձեն հայրենասեր երեւալ, կարելի է եզրակացնել, որ մեր վիճակն ամենեւին էլ անհուսալի չէ։ Եթե մարդիկ գոհ են, նշանակում է` այս երկրի հետ հույսեր են կապում, իսկ չէ՞ որ ամենակարեւորը հենց դա է։