Ինվենտարիզատորը

09/02/2006

Մինչ ՀՀ Մշակույթի նախարարի որոնումները, հայ մշակույթի գործիչներից շատերն իրենց էին մատուցում նախարարի պաշտոնի համար: Իսկ երբ արդեն հայտնի դարձավ, որ «Հայֆիլմի» տնօրեն Գեւորգ Գեւորգյանն է նստելու մշակույթի հերթական նախարարի աթոռին, այժմ էլ մշակույթի որոշ գործիչներ Գ. Գեւորգյանի բնավորությունն ու մարդկային որակն են գովաբանում: Օրինակ, Երեւանի պետական կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանն ընդգծել է, որ նախարարի պաշտոնում Գ. Գեւորգյանի ակնկալվող նշանակումը կլիներ վերջին տասը տարիների ամենաճիշտ որոշումներից մեկը: Իսկ Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը հույս է հայտնել, որ նոր անկուսակցական նախարարը կձգտի վերականգնել գյուղական ակումբներում ժողովրդի մշակութային զարգացման ավանդույթները։ Գեւորգ Գեւորգյանը, սակայն, որպես մշակույթի նախարար իր թիվ 1 գործն է համարում ամբողջ համակարգի մի լավ ուսումնասիրությունը, ինվենտարիզացիան, ապա ծրագիր ներկայացնելը: Թե ինչ նկատի ունի Գ. Գեւորգյանը «համակարգի ինվենտարիզացիա» ասելով՝ դժվար է հասկանալ, քանի որ դրա համար կան համապատասխան մարմիններ եւ մշակույթի նախարարի դերն ինվենտարիզացիա անելը չէ: Գ. Գեւորգյանը թերեւս լավ է հիշում «Հայֆիլմի» ինվենտարիզացիայի պատմությունը: Դարձյալ այդ ոլորտից մեծ սպասելիքներ չպետք է ունենանք, քանզի արդեն իսկ մի քանի տարի կանցնի, մինչեւ նա ուսումնասիրի, ինվենտարիզացիա անի, հետո նոր ծրագիր ներկայացնի: