Ի տարբերություն իր հայտնի եղբոր` փոփ-կուռք Մայքլ Ջեքսոնի եւ իր ոչ պակաս հայտնի քույրերի` Ջանեթ ու Լա Թոյա Ջեքսոնների, նրա սոլո կարիերան մեծ փառքով չի ուղեկցվել: Մայքլ Ջեքսոնի եղբայրը ձայներիզներ է թողարկել (մեկ ալբոմը նույնիսկ` Սթիվի Ուանդերի հեղինակած երգերով), սակայն փոփ երաժշտության մեջ չի հասցրել զգալի հետք թողնել եւ վերջին քսան տարիների ընթացքում մարդկանց հիշողության մեջ որպես Մայքլ Ջեքսոնի եղբայր է մնացել, ով 10 տարեկան հասակում երգել է «Ջեքսոն-5» խմբում:
Ջերմեյն Ջեքսոնն, արդեն 5 օր է, ինչ Հայաստանում է գտնվում, ծանոթանում է Հայաստանի տեսարժան վայրերին եւ հայկական մշակույթին: Նա հասցրել է Պատմության թանգարան եւ Էջմիածին այցելել: Նաեւ ցանկություն ունի հայկական շոու-բիզնեսի վիճակն ուսումնասիրել: Միստր Ջեքսոնի մոտ նման ցանկություն ծագել է, երբ նա ծանոթացել է ամերիկահայ գործարար Գրիգոր Սերոբյանի հետ: «Ես Հայաստանի մասին առաջին անգամ լսեցի 1984 թվականին` պրոդյուսեր Մայքլ Ամարյանի հետ շփվելու ժամանակ: Ես հայ ընկերներ ունեմ, օրինակ, Քըրք Քըրքորյանը: Գիտեմ նաեւ Նոյյան տապանի մասին»,- ասաց Մայքլ Ջեքսոնի եղբայրը:
Ջերմեյն Ջեքսոնին Հայաստան հրավիրելու գաղափարը սակայն ոչ թե Քըրք Քըրքորյանինն է, այլ` Գրիգոր Սերոբյանինը, ով հոգացել է Ջերմեյն Ջեքսոնի եւ նրա աֆղանցի կնոջ 12-օրյա ճամփորդության բոլոր ծախսերը: Թե որքա՞ն են կազմել այդ ծախսերը, գործարարը չկամեցավ հայտնել, ասելով` «Գաղտնիք է»: Այցի գործնական նպատակների մասին խոսելիս, ասաց. «Դրանք միայն ծրագրեր են, ոչ մի կոնկրետ բան: Ուզում ենք Երեւանում «Ջեքսոն-5» անվանումով կենտրոն բացել, որտեղ ռեստորան, երաժշտական հեռուստաալիք եւ հյուրանոց կլինի: Ուզում ենք, որ մարդը գա Հայաստան, հետո գնա ու պատմի մեր մասին»: Նա ցանկանում է, որ Հայաստան տարբեր տրամաչափի աստղեր այցելեն, տեսնեն մեր երկիրը եւ համերգներ կազմակերպեն: Այդ մշուշոտ նպատակն իրականացնելու համար գործարարը տարածք ձեռք բերելու համար քաղաքապետարանի կամ այլ ղեկավար մարմինների այրերի հետ դեռ չի հասցրել հանդիպել: Բայց Գ. Սերոբյանի ասելով` որոշ ղեկավարներ իրենց դիմավորել են օդանավակայանում, եւ լրագրողների բարի կամքի դրսեւորման դեպքում կարող է իր այդ նախագիծը հաջողություն ունենալ: Այժմ նա հարկ է համարել ասուլիս հրավիրել` Մայքլ Ջեքսոնի եղբոր հետ իր ունեցած բարի հարաբերությունները ցուցադրելու համար: Ընդ որում, Հայաստանում ծնված Գ. Սերոբյանը չցանկացավ ասել, թե ԱՄՆ-ում իր ծավալած գործունեությունն ինչո՞ւմ է կայանում, ասելով. «Տարբեր գործեր եմ անում»: Իսկ Ջերմեյն Ջեքսոնը հայտնեց, որ Հայաստանին ծանոթանալուց հետո հարմար է գտնում այստեղ «բազում զվարճալիքներ բերել», նաեւ` մանկական հիվանդանոցներին օգնելու ցանկություն է հայտնել: Սակայն՝ ո՞ր հիվանդանոցին եւ ինչպե՞ս է օգնելու՝ դեռ չի որոշել: «Պետք է տեսնեմ` թե ինչ դեղամիջոցների կարիք ունեք»,- ասաց նա: Ջերմեյն Ջեքսոնը` խոսելով երաժշտության մասին, նկատեց, որ «երաժշտությունը սահմաններ չի ճանաչում, քանի որ այն ունիվերսալ է»: Նա գիտի Ջիվան Գասպարյանի անունը եւ լսել է, որ «System of a down»-ի մասնակիցները հայեր են, սակայն հայկական շոու-բիզնեսին դեռ ծանոթ չէ եւ ոչինչ ասել չի կարող:
Երգչի թարգմանչուհի, նախկին «Միսս Հայաստան» Գոհար Հարությունյանն ասուլիսի ընթացքում հպարտությամբ հիշատակեց, որ բախտ է ունեցել շփվել ոչ միայն Ջերմեյնի, այլեւ Մայքլ Ջեքսոնի հետ, քանի որ ամերիկյան ամսագրերում գովազդային լուսանկարներ են տպագրվել, որտեղ Մայքլ Ջեքսոնի կողքին նաեւ ինքն է պատկերված եղել: Իսկ հարցին` կարո՞ղ է հանկարծ Մայքլ Ջեքսոնը որոշել եւ Հայաստան գալ, Ջերմեյն Ջեքսոնը պատասխանեց. «Ինչո՞ւ ոչ: Թող բոլորը տեսնեն, որ կարելի է Հայաստան գալ»: Իսկապես, ինչո՞ւ` ոչ, թող գան, սակայն ասուլիս հրավիրելուց առաջ լավ կլիներ կողմնորոշվեն` իրենց նպատակները գործնակա՞ն են, թե՞ միայն ճանաչողական: Եվ եթե գործնական են, ապա հաշվարկեն, որքանով է պետք երբեմնի հայտնի «Ջեքսոն-5» խմբի անվանումը դարձնել հայկական ռեստորանային համալիրի խորհրդանիշ: