Հակաամերիկյան ֆիլմ` Թուրքիայում

09/02/2006

Թուրքիայի կինոթատրոններում նախորդ շաբաթ ներկայացվել է հակաամերիկյան սյուժե ունեցող «Գայլերի դաշտավայր. Իրաք» թուրքական ֆիլմը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել թուրք հասարակության շրջանում։ Ֆիլմի վրա ծախսվել է մոտ 10 մլն դոլար, որոնք արդեն հետ են բերվել: Ֆիլմի հիմքում իրական դեպքեր են, որոնք տեղի են ունեցել 2003-ին, երբ Հյուսիսային Իրաքում հատուկ առաջադրանք կատարող թուրք զինվորականները գերեվարվել էին ամերիկացի ծովային հետեւակայինների կողմից: Թուրք զինվորականներին զինաթափեցին եւ երկու օրից ավելի պահեցին բանտում: Ֆիլմի ընթացքում քիչ չեն կադրերը, ուր ամերիկացիները՝ զուտ զվարճանքի համար, գնդակահարում են իրաքցիներին` հարսանիքի ժամանակ, իսկ տխրահռչակ Աբու-Գրեյբ բանտի ազգությամբ հրեա բժիշկը հեռացնում է բանտարկյալների ներքին օրգանները՝ դրանք հետագայում Նյու Յորքում եւ Թել Ավիվում վաճառելու նպատակով: Թուրք զինվորն էլ՝ ամերիկացիների ձեռքը չընկնելու համար ինքնասպան է լինում: Սոցիոլոգները պնդում են, որ հակաամերիկյան տրամադրությունները Թուրքիայում գնալով աճում են: Վերջին հարցումների համաձայն, թուրքերի 70%-ի համար ամերիկացիներին բնորոշ գիծը հակվածությունն է բռնությանը, իսկ 57%-ի համար՝ անբարոյականությունը: Հակաամերիկյան տրամադրությունների աճի անուղղակի ապացույցը «Գայլերի դաշտավայր. Իրաք» ֆիլմի տոմսերի վաճառքի ցուցանիշներն են՝ առաջիկա մի քանի օրերի ցուցադրումների բոլոր տոմսերը Թուրքիայի ողջ տարածքում արդեն վաճառված են: