Առաջին «Երգիծը»

09/02/2006

«Մի փորձեք երգիծանկարչին բացատրել նրա նկարի իմաստը»,- գրված է հայկական նոր գունազարդ «Երգիծ» ամսագրի նախաբանում, որը լույս է տեսել 2006թ. սկզբին: Մի բացատրեք, քանի որ յուրաքանչյուր երգիծանկարում հումորն ու իմաստը համարժեք են եւ միասին էլ ընկալվում են: Եվ ոչ միայն ծաղրանկարչին, այլեւ` դիտողին իմաստը բացատրելու հարկ չպետք է լինի: Նկարները պետք է նայել: Ժպիտն ու խորհելու ցանկությունը ցույց կտան, թե որքանով են այդ նկարները հաջողվել:

Երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը (Տոտո) միշտ սրտնեղում է, երբ երգիծանկարչին ծաղրանկարիչ են անվանում, քանի որ երգիծանքն ավելի խոր իմաստ ունի, քան ծաղրը: Հայ երգիծանկարիչների նոր ամսագրում տեղ են գտել ոչ միայն երգիծանկարներ, այլեւ` ուրախ եւ սրամիտ պատմություններ, «համով կենացներ», անեկդոտներ ու ամանորյա մաղթանքներ: Նաեւ «խմույթներ» կոչվող ասույթների հավաքածո է ներկայացվել: Վերջիվերջո, ամսագրի անդրանիկ համարը լույս է տեսել ամանորյա տոներին, եւ, բնականաբար, կատակների ու ծաղրանկարների հերոսները հիմնականում Ձմեռ պապը, Ձյունանուշն ու տոնածառն են դարձել: «Երգիծի» առաջին համարում կան եւ հաջողված, եւ թարմ կատակներ, սակայն կան նաեւ «մորուսավոր անեկդոտներ», որոնց վերակենդանացնելը, թերեւս, այնքան էլ լավ գաղափար չէր: Հայաստանի հայտնի ծաղրանկարիչները «Երգիծում» իրենց էջն ունեն, որը թերթելով կարելի է ծանոթանալ եւ նրանց ստեղծագործություններին, եւ հումորով համեմված ինքնադիմանկար-հարցումներին: Իսկ ամսագրի «Հյուրի էջը» նվիրված է դանիացի հայտնի ծաղրանկարիչ Խերլուֆ Բիդսթրուփին: «Երգիծի» հիմնադիրները հույս ունեն, որ հյուրերն ու նոր ծաղրանկարներն իրենց սպասել չեն տա: Լավ ծաղրանկարչական ավանդույթներ ունեցող Հայաստանում պարբերաբար տպագրվող երգիծական հանդես ստեղծելու գաղափարը վաղուց էր հասունացել, լավ է, որ նաեւ միջոցներ են գտնվել: Շնորհավորելով «Երգիծի» ծնունդը, կարելի է նրան թարմություն մաղթել, քանի որ կատակները, ցավոք, հնանալու հատկություն ունեն:

Ն.Հ.